Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի նախագահական պալատում ընդունել է Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Կայա Կալասին։
Այդ մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը։ Հանդիպումը անցել է դռնփակ։ Թուրքական կողմից բանակցություններին մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Ֆիդանը և նախագահի գլխավոր խորհրդական Քիլիչը։
Բանակցություններից հետո Կայա Կալասը մամուլի ներկայացուցիչներին ասել է, որ Թուրքիայի նախագահի հետ «կայացել է արդյունավետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ԵՄ և Թուրքիայի հարաբերությունների հետագա խորացման և բարիդրացիության կարևորության հարցերը»։
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան Թուրքիան անվանել է «անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներում առանցքային գործընկեր, որ նաև Եվրամիության անդամության թեկնածու» է։
Ըստ Կալասի, հանդիպմանը քննարկվել է նաև «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, Մերձավոր Արևելքի հակամարտությունները և ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստումը»։ Կալասի գնահատմամբ, «Թուրքիան ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությանը զգալի ավանդ է բերում»։ Բանակցություններին մասնակցել է նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների Անկարա այցը և Թուրքիայի նախագահի հետ բանակցությունները նախորդել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Բաքու և Երևան այցերին։ Կայա Կալասի հայտարարությունը, սակայն, Թուրքիայի նախագահի հետ Հարավային Կովկասին անդրադառնալու մասին որևէ հղում տեղ չի գտել։
Դրանից, իհարկե, չի հետևում, թե ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատարը և Թուրքիայի նախագահը այդ կարևոր հարցերը չեն շոշափել։ Ըստ երևույթին, կան հարցեր, որ կողմերի միջև դեռևս չեն համաձայնեցվել կամ գտնվում են «տնային աշխատանքի» փուլում։
Բաքվի Gafhazinfo կայքը «տեղեկատվական արտահոսք» է կազմակերպել, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի «գագաթաժողովին կարող է հրավիրվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»։ Քաղաքագետ Ազիզ Ալիբեյլին այդ տեղեկությունը «նվազ հավանական» է գնահատել և ընդհանրացրել, որ Ադրբեջանը «պետք է խստորեն պահպանի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ու Իրանի հետ համագործակցության բալանսը»։
Պաշտոնական Բաքուն ընդգծված հեռավորություն է պահպանում նաև Եվրամիության հետ հարաբերություններում։ Այս առումով Թուրքիա – Եվրամիություն հարաբերությունների դինամիկան կարող է նաև Ադրբեջանի համար «ուղենշային» լինել։
Վերջին օրերին, սակայն, ադրբեջանական մամուլը սուր քննադատության է ենթարկել ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությանը, որ «հակաադրբեջանական բանաձևի դեմ բողոքի ոչ մի քայլ չի ձեռնարկել»։

Բաց մի թողեք
Անօդաչու թռչող սարքերի մահացու հարձակումները հարցականի տակ են դնում Եվրոպայի՝ Սև ծովում պաշտպանական կարողությունները. Լուսանկարներ
ԱԹՍ-ների հարձակումներից հետո հրդեհներ են բռնկվել «Յանդեքս» և «Գազպրոմ» ընկերությունների օբյեկտներում
Ինչ է ասել Ղալիբաֆը Միրզոյանին, որի մասին հայկական իշխանությունները լռում են