Կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել 2026 թվականի պետական բյուջեում՝ «Հրազդան» մարզադաշտի և հարակից մարզումային տարածքների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման նպատակով։
Այդ նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերի շրջանակում կվերաբաշխվի 63 միլիոն 135 հազար դրամ։
Նախատեսվող աշխատանքները միտված են մարզադաշտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել թեթև ատլետիկայի և պարաատլետիկայի մրցումների անցկացման համար։
Կառավարությունում ընդգծում են, որ նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի պատշաճ կազմակերպմամբ։ Այդ նպատակով արդեն իրականացվել է մարզադաշտի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, որի արդյունքներով սահմանվել են կառույցի շահագործման մի շարք սահմանափակումներ։
Ուսումնասիրության համաձայն՝ հարավային և հյուսիսային տրիբունաները կարող են օգտագործվել միայն իրենց տարողության 50 տոկոսի չափով, ինչը հնարավորություն կտա այնտեղ տեղավորել 11 հազար 750 հանդիսատես։ Արևմտյան տրիբունան թույլատրվում է շահագործել ամբողջ ծավալով՝ 8 հազար 100 նստատեղով, իսկ արևելյան տրիբունայում հնարավոր կլինի օգտագործել միայն առաջին 11 շարքերը, որոնք նախատեսված են 1 հազար 716 մարդու համար։ Միաժամանակ նշվում է, որ յարուսներում հանդիսատեսի տեղավորումը չի թույլատրվում։
Այս սահմանափակումների պայմաններում «Հրազդան» մարզադաշտը ներկայում կարող է ընդունել շուրջ 21 հազար 566 հանդիսատես։ Սակայն մինչև Ֆրանկոֆոնիայի խաղերի մեկնարկը նախատեսվում է իրականացնել մի շարք հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ վերանորոգել հանդերձարանները, սանհանգույցները և վազքուղիները, ինչպես նաև ամբողջությամբ բարեկարգել մարզադաշտի տարածքը։
Ֆրանկոֆոնիայի խաղերը նախատեսված են անցկացնել 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։

Բաց մի թողեք
ԵՄ – Մեքսիկա առևտրային համաձայնագիրը հաստատվեց Խորհրդարանում. Լուսանկար
ԵՄ-ն առաջարկում է արգելել իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը
Իտալիան գլխավորում է ԵՄ 2 տրիլիոն եվրոյի բյուջեում կանաչ կանոնները թուլացնելու ջանքերը