ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 18-ին Արարատի մարզում ամփոփել է ՆԳՆ Ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով առանձին հանցատեսակների դինամիկային։
2026 թվականի առաջին կիսամյակում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 324 դեպք։ Համապատասխանաբար 15,3 և 12,5 տոկոսով նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։ Աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Բնակարանային գողությունների թիվը նվազել է 40, իսկ խարդախություններինը՝ 72,7 տոկոսով։
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 602 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 9,3 տոկոսով։
Բացահայտված հանցագործությունների թիվը կազմել է 551՝ ընդհանուրի 91,5 տոկոսը։ Հանցագործությունների թվի նվազումը պայմանավորված է մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ։ Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ 39,3 տոկոսով նվազել՝ սեփականության դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում գրանցվել է հանցագործության 153 դեպք, բացահայտվել՝ 140-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 91,5 տոկոս։ Դեպքերի նվազումը պայմանավորված է գողությունների, խարդախությունների նվազմամբ։ 75 տոկոսով նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։
Վեց ամիսների ընթացքում Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում գրանցված հանցագործության 238 դեպքից բացահայտվել՝ 215-ը կամ 90,3 տոկոսը։
Հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է, ինչը պայմանավորված է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 59,4 տոկոս նվազմամբ։ Աճել են մարդու դեմ, ինչպես նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում գրանցվել է հանցագործության 652 դեպք, բացահայտվել՝ 593-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 91 տոկոս։ Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների աճով։
Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայողները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20,5 տոկոսով ավելի հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 37 624 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 11 տոկոսով ավելի։ Արարատի մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների և վիրավորների թիվն աճել է, մինչդեռ զոհերի թիվը նվազել։
Ոստիկանության գվարդիայի Արտաշատի պետական պահպանության բաժնի պետը, ներկայացնելով բաժնի գործունեությունը, նշել է, որ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ՝ Գվարդիայի ծառայողները նաև բացահայտել են մի շարք հանցագործություններ, ապահովել՝ պահպանվող օբյեկտների հուսալի պահպանությունը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին կատարած պատասխանատու աշխատանքի համար՝ ընդգծելով, որ արձանագրված արդյունքները պետք է ամրապնդվեն շարունակական և հետևողական աշխատանքով։ Նախարարը մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել։ Արփինե Սարգսյանը մասնավորապես պահանջել է բարձրացնել գիշերային ծառայությունների արդյունավետությունը՝ տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպելով համատեղ ծառայություններ։
Անդրադառնալով խարդախությունների դեմ պայքարին՝ նախարարը հանձնարարել է էապես ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ բացահայտելով ինչպես առանձին դեպքերը, այնպես էլ հնարավոր կազմակերպված սխեմաները։
Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է անչափահասների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով և հանձնարարել է ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը։
Կարևորվել է դպրոցներում հանդիպումների, իրազեկման միջոցառումների և ոստիկանություն–դպրոց համագործակցության շարունակական կազմակերպումը, որպեսզի ուսումնական տարվա մեկնարկից աշխատանքներն իրականացվեն նախապես մշակված և համակարգված ծրագրով։
Ընտանեկան բռնության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հանձնարարվել է ապահովել արագ, անհետաձգելի և մասնագիտական արձագանք՝ բացառելով հաղորդումների թերագնահատումն ու ձևական մոտեցումը։
Միաժամանակ ընդգծվել է անհետաձգելի բացահայտում պահանջող հանցագործությունների ուղղությամբ օպերատիվ միջոցառումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Տնտեսական հանցագործությունների հակազդման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները, այդ թվում՝ ընդերքի ապօրինի օգտագործման, ավազի հանքերի շահագործման և ոլորտում հնարավոր չարաշահումների բացահայտման ուղղությամբ։
Առանձին անդրադարձ է կատարվել ապօրինի զենք-զինամթերքի և թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ կանխարգելման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրացման ուղիներն ու հանցավոր կապերը։
Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախարարը պահանջել է ցուցաբերել խիստ և անհանդուրժող հակազդեցություն՝ յուրաքանչյուր հաղորդման դեպքում ապահովելով անհետաձգելի արձագանք, դեպքի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտում։
Հանձնարարվել է նաև առավել հետևողական պայքար իրականացնել քրեական հեղինակությունների, քրեական ենթամշակույթ կրող և դրան հարող անձանց նկատմամբ՝ բացառելով նրանց ազդեցության և հակաօրինական վարքագծի ցանկացած դրսևորում։ Միաժամանակ կարևորվել է թշնամական հարաբերություններ ունեցող անձանց հետ մշտական կանխարգելիչ աշխատանքի իրականացումը՝ հնարավոր բախումներն ու ծանր հետևանքները նախապես կանխելու նպատակով։
Նախարարն անդրադարձել է նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին՝ ընդգծելով առողջ աշխատանքային միջավայրի, կարգապահության և ղեկավար կազմի անձնական պատասխանատվության կարևորությունը։
Պարեկային ծառայության մասով ընդգծվել է հերթափոխից առաջ հրահանգավորումների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը։ Նախարարը պահանջել է օրինախախտումների նկատմամբ լինել սկզբունքային և բացարձակ անհանդուրժող՝ միաժամանակ բացառելով վարորդների նկատմամբ կողմնակալ կամ ընտրողական վերաբերմունքը։
Նախարարը անդրադարձել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով պայմանավորված հանցագործությունների աճին և հանձնարարել ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առավել ռիսկային ճանապարհահատվածներին և պարբերաբար արձանագրվող խախտումներին։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի իր լիազորություններն իրականացնելիս՝ անկախ այն հանգամանքից, թե օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում։ Օրենքի պահանջները պետք է հավասարապես կիրառվեն բոլորի նկատմամբ։
Ամփոփելով՝ նախարարը հանձնարարել է նշված բոլոր ուղղություններով սահմանել հստակ թիրախներ, ուժեղացնել միջստորաբաժանումային համագործակցությունը և ապահովել հանձնարարականների հետևողական կատարումը։

Բաց մի թողեք
Ինքնաթիռում կարդացի ու ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, այն կնվիրեմ ուղևորներից մեկին. վարչապետ. Լուսանկար
Երեւանն ու Բաքուն հյուսիսից հարավ սահմանազատում են իրականացնելու. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. Լուսանկար