25/07/2026

EU – Armenia

Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում», կպատժվի՞ ․․․

Ռուսաստանի տասնյակ իրավաբանական անձանց դեմ Եվրամիության պատժամիջոցների 21 -րդ փաթեթը համաձայնեցվել է։ Ադրբեջանական ընդդիմադիր Gazetchi կայքի տեղեկություններով, ցանկում ընդգրկված է նաև «Redwood Global Supply FZ-LLC» ընկերությունը, որ անցյալ տարվանից ենթարկված է նաև Մեծ Բրիտանիայի կառավարության պատժամիջոցներին։

Ըստ բաց աղբյուրների, այդ ընկերությունը գրանցված է Արաբական միացյալ էմիրություններում, բայց հիմնադիրների և բաժնետերերի մասին տեղեկություններ չեն հրապարակվում։ Ուկրաինայի կառավարության հրապարակած տվյալներով՝ ընկերությունը «ռուսական անմշակ նավթի խոշոր արտահանողներից մեկն» է։

Ադրբեջանական ընդդիմադիր կայքը պարզել է, որ ռուսաստանյան նավթի խոշոր ծավալներով արտահանմամբ զբաղվող ընկերության «մենեջերներ են Թահիր Գարաևը, Էթիբար Էյուբովը, Թալաթ Սաֆարովը և Ահմեդ Քերիմովը»։ Պարզ չէ, թե նշված անձինք Ադրբեջանի՞, թե՞ այլ երկրի քաղաքացի են, բայց «հիմնավոր ենթադրություն կա, որ նրանք կապ ունեն «Լուկօյլ» ընկերության սեփականատեր Վագիթ Ալեքպերովի հետ»։

«Լուկօյլը» ռուսաստանյան նավթային խոշոր ընկերություն է, որ մասնաբաժին ունի Բաքու-Ջեյհան նախագծում։ Նրա սեփականատեր Ալեքպերովը Ռուսաստանի հարյուր ազդեցիկ գործիչների շարքում կայուն վարկանիշ ունի։

Որքանո՞վ է «Redwood Global Supply FZ-LLC» ընկերությունը կապված Ադրբեջանի իշխանությունների կամ SOCAR նավթագազային պետական ընկերության հետ, հայտնի չէ։ Ավելի վաղ պարզվել է, որ Եվրամիության կողմից պատժամիջոցների ենթարկված մի քանի լցանավերի սեփականատեր հանդիսացող ընկերությունը գրանցված է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բազմաբնակարանային շենքում, իսկ հիմնադիր կապիտալը կազմում է ընդամենը հազար մանաթ։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նավթագազային ոլորտում ստվերային համագործակցության մասին միջազգային մամուլը միշտ է ահազանգել։ Կասկածներ կան, որ Ադրբեջանից Եվրամիության երկրներ արտահանվող բնական գազի ծավալների մեծ մասը «իրականում ռուսաստանյան» է։ Այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, բայց և չեն հերքվել։

Եվրամիության պատժամիջոցների ցանկում Ադրբեջանում գրանցված լցանավային և ռուսաստանյան հում նավթի արտահանմամբ զբաղվող և ադրբեջանցի մենեջերներ ունեցող ընկերությունների ընդգրկումը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «գործարքների» մասին կասկածները ավելի է խորացնում։

Եվրամիության կողմից ռուսաստանյան ընկերությունների և բանկեր դեմ պատժամիջոցների փաթեթի ընդունումը հաջորդել է Իլհամ Ալիևի Բեռլին այցին, որի ընթացքում նա հայտարարել է ԵՄ էներգետիկ անվտանգոության հարցում Ռուսաստանին փոխարինելու Ադրբեջանի կարողությունների և պատրաստակամության մասին։

Եթե հաստատվի, որ Ադրբեջանը կամ նրա հետ ուղղակի կամ միջնորդավորված ընկերությունները փաստացի աջակցում են Ռուսաստանին և զբաղվում ռուսաստանյան անմշակ նավթի խոշոր ծավալների արտահանմամբ, ապա եվրոպական հանրային կարծիքը կարող է տրամադրվել Ալիևի դեմ։

Մանավանդ որ եվրոպական տարբեր երկրներում գործող ադրբեջանցի քաղաքական վտարանդիները բողոքում են Եվրահնաձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի «հարմարվողականությունից» և նրան քննադատում «գազի դիմաց մարդու իրավունքների պաշտպանությունը անտեսելու» համար։