25/07/2026

EU – Armenia

Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ։ Իրավական ակտի նպատակը Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային միջանցքի առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-ՏաթևԿապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է։

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակները տեղադրվում են կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու մասին» թիվ 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով։ Դրանում առկա իրավական կարգավորումները հնարավորություն են ընձեռում գովազդային վահանակներ տեղադրել Հայաստանի բոլոր ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում։ Նշված ավտոմոբիլային ճանապարհներին օրինական կամ ապօրինի տեղադրված են բազմազան տեսքի գովազդային վահանակներ և գովազդի այլ կառուցվածքային տարրեր, որոնց առկայությունը խաթարում է ճանապարհների արտաքին տեսքը, ապօրինի կամ անխնամ տեսքի վահանակների ապամոնտաժումը տևական գործընթաց է։

2009 թվականի օգոստոսի 6-ի թիվ 968-Ա որոշմամբ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման նպատակով կասեցված է Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 ԵրևանԵրասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար կառուցապատման թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը։ Առաջարկվում է կարգի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդային վահանակի տեղադրումն արգելող իրավական կարգավորումներում կատարել փոփոխություն և դրա տեղադրումը մերժելու իրավական հիմք սահմանել այն դեպքերը, եթե այն տեղադրվելու է Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում, ընդ որում՝ այս կարգավորումը տարածվելու է նաև նշված ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի սահմանների և Երևանի միջով անցնող տարանցիկ հատվածներում գովազդային վահանակների տեղադրման համար ներկայացված դիմումների վրա։

Կարգավորման առարկան Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային մայրուղու առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներն են, որոնց ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակության հետ չառնչվող և միջանցքի արտաքին կահավորմանը տրամաբանությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է՝ արագընթաց ավտոմոբիլային մայրուղում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և պատշաճ արտաքին տեսքի ապահովման նկատառումներով։