04/08/2026

EU – Armenia

Մեր վիճակը բարդ է, քանի որ մենք շարունակում ենք ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ

Օգոստոսի 2-ին մեկնարկեցին 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները։

Նոր ձեւավորված Ազգային ժողովի, դրանից ունեցած սպասելիքների շուրջ Հրապարակ թերթը զրուցել է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

– Հետեւո՞ւմ եք՝ ինչպե՞ս մեկնարկեց նոր գումարման Ազգային ժողովը։

– Մանրակրկիտ չեմ հետեւել, որ կարողանամ ինչ-որ գնահատական տալ, բայց առաջին հայացքից սովորական էր, առանց արտառոց դեպքերի։

– Կաթողիկոսը ներկա չէր նոր գումարման ԱԺ առաջին նիստին, ի տարբերություն նախորդ գումարումների։ Այս հանգամանքը ե՞ւս սովորական ու սպասելի էր Ձեզ համար։

– Իհարկե, վատ եմ վերաբերվում, որ ինքը ներկա չէր, եւ ինձ համար զարմանալի էր ընդդիմադիրների վերաբերմունքն այդ երեւույթին։

– Բայց ընդդիմադիրները հարցը բարձրաձայնեցին, դժգոհության ալիք բարձրացավ՝ կաթողիկոսին չհրավիրելու շուրջ։

– Չեմ քննադատում իրենց, այդ ամեն ինչի կիզակետում գտնվելով՝ դժվար է կողմնորոշվել, կողքից հեշտ է թվում, որ ասում են՝ պետք է էսպես անել, էնպես անել, բայց իրենք պետք է որոշեն։ Այդուհանդերձ, միակ բանը, որ արտառոց էր, կաթողիկոսի բացակայությունն էր։

– Ի՞նչ սպասելիքներ ունեք նոր ձեւավորված ԱԺ-ից։

– Ես այս խորհրդարանը չեմ ճանաչում որպես լեգիտիմ խորհրդարան, որովհետեւ երեք խմբակցությունները միասին զբաղվել են մանդատագողությամբ եւ գողացել են ԲՀԿ-ի մանդատները եւ բաշխել են հետեւյալ սկզբունքով․ 3-ը՝ գլխավոր գողին, մյուս երկուսը՝ ընդդիմադիր ուժերին։ Հետեւաբար, ես ո՛չ խորհրդարանն եմ ճանաչելու լեգիտիմ, ո՛չ վարչապետին եմ ճանաչելու որպես վարչապետ, ես ճանաչելու եմ որպես պետության ղեկավար, բայց չեմ ճանաչելու որպես վարչապետ, որովհետեւ ինքը վարչապետ է ընտրվել մանդատագող խմբակցություններից բաղկացած խորհրդարանում։ Դա էլ ասեմ, որ երկու խմբակցությունները մանդատագող են կամա, իսկ մեկը՝ «Հայաստան» դաշինքը՝ ակամա, քանի որ իրենցից շատ բան կախված չէր։

– Ի՞նչ պետք է աներ «Ուժեղ Հայաստան»-ը, որ չարեց, եթե 6 քաղաքական ուժերի հետ ՍԴ դիմում էր ներկայացրել՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները, նաեւ դաշինքի մի շարք անդամներ հրապարակավ դատապարտել են ԲՀԿ-ին մանդատից զրկելու ԿԸՀ որոշումը։

– Որպեսզի չդառնային մանդատագող, պետք է չվերցնեին մանդատները, եւ վերջ։

– «Ուժեղ Հայաստան»-ի՝ մանդատ չվերցնելը ԲՀԿ-ին կվերադարձնե՞ր նրա մանդատները։

– Չէր տա ԲՀԿ-ին մանդատները, բայց իրենք էլ չէին լինի մանդատի գող, էդ պիտակն իրենց չէր կպնելու, բայց էդ պիտակը ես կպցնելու եմ իրենց, թող իրենց գործունեությամբ եւ աշխատանքով ցույց տան, որ թեեւ ես նման պիտակ եմ կպցրել, բայց իրենք արդարացրել են մեր սպասելիքները, ու ես այդ ժամանակ հաճույքով կընդունեմ իմ սխալված լինելու հանգամանքը, բայց դա, ցավոք սրտի, տեղի չի ունենալու։ Առաջիկայում սպասեք ավելի սարսափելի բաների, օրինակ՝ առաջինը սպասեք, որ ՔՊ-ն պատգամավորներ կգողանա։ Ընդդիմադիրների շարքերում նման պատգամավորներ շատ կան՝ 4-5 հոգուց բացի, բոլոր մյուսները լրիվ հավանական է։ Ու պարտադիր էլ չէ, որ դառնան ՔՊ-ական, կարող են դառնալ անկախ պատգամավոր ու, օրինակ, Սահմանադրության մասով նախագծերին կողմ քվեարկեն։ Դա սարսափելի կլինի, բայց եթե մանդատները չվերցնեին, այդ հնարավորությունը չէր լինի։ Այս անհանգստությունն ունի նաեւ «Ուժեղ Հայաստան»-ը եւ որոշակի քայլեր արդեն արել է, մասնավորապես մենք տեսանք 100-ից ավել ինքնաբացարկները։ Ես էլ ունեմ այդ անհանգստությունը, իրենք էլ ունեն, բայց ես չեմ կարող քայլեր անել, իսկ իրենք քայլեր են արել, ու հուսանք, որ այդ քայլերն անելուց հետո մնացած բոլոր թեկնածուները եւ պատգամավորներն անդրդվելի իրենց դիրքերում կմնան։ Եթե այդպես լինի, նորից եմ ասում՝ ես կընդունեմ ու շատ լավ կզգամ, որ սխալվել եմ։

– Դուք քաղաքական դաշտում ակտիվություն ցուցաբերելո՞ւ եք որպես արտախորհրդարանական ուժ կամ նախկին պատգամավոր։

– Այնքանով, որքանով լինեմ պահանջված, իհարկե, ակտիվություն ցուցաբերելու եմ։ Մեր կուսակցության շրջանակներում կակտիվանանք եւ կփորձենք այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության եզրեր գտնել։ Գիտե՞ք ինչ, պարոն Ասլանյանի եւ իմ վիճակը բավականին բարդ է այն իմաստով, որ մենք շարունակում ենք ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ, հետեւաբար, շատ քաղաքական ուժեր զգուշանում են մեզնից։ Բայց ժամանակն ամեն ինչ դնելու է իր տեղը։