04/08/2026

EU – Armenia

Բյուրեղավանում խմելու ջրից թունավորվել է 53 մարդ․ ինչ իրավիճակ է համայնքում

Բյուրեղավան համայնքում հուլիսի 17-ին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: «Հրապարակ»-ի հետ զրույցում «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը հայտնեց, որ թեեւ դեպքից ավելի քան 2 շաբաթ է անցել, բայց բնակիչներին մինչեւ հիմա հորդորում են, որ ջուրն օգտագործեն միայն եռացնելուց հետո։

«Նոր դեպքեր վերջին օրերին չեն արձանագրվել։ Այս անգամ տուժածների թիվը հասավ 53-ի, որից 19-ը հոսպիտալացվել է հիվանդանոցներ։ Բյուրեղավանի համայնքապետարանում օրերս մեծ ժողով է եղել, որտեղ հրավիրվել են բոլոր շահագրգիռ կողմերը, եւ քննարկվել է խմելու ջրի հարցը, բայց քանի որ վերջին օրերին աշխատանքի չեմ գնացել, չգիտեմ, թե հստակ ինչ է քննարկվել»։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են խմելու ջրի եւ կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ։ «Այս պահին նոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։ Հիվանդներից 2-ը շարունակում է ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսներն ապաքինվել են եւ դուրս գրվել բուժհաստատությունից»։

Ինչ վերաբերում է խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներին, դրանցից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ «Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից: Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են եւ վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը»։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Բյուրեղավանի համայնքապետի հետ, որպեսզի տեղեկանայինք ժողովի մանրամասներին եւ նման դեպքերի կրկնությունը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հիշեցնենք, որ ապրիլին Բյուրեղավանում կրկին մասսայական թունավորման դեպք էր գրանցվել։ Հարյուրավոր մարդիկ բուժօգնության էին դիմել։ Այն ժամանակ նախ հայտարարվեց, որ ջրի փորձանմուշում բակտերիաներ են հայտնաբերվել, ապա «Վեոլիա ջուրը» հերքեց՝ նշելով, որ կրկնակի փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ ջրի բաղադրությունը համապատասխանում է սահմանված նորմերին։ Ի վերջո, այդպես էլ պարզ չդարձան թունավորման պատճառը, մեղավորների շրջանակը, եւ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց։