Սակայն ի՞նչ տարբերություն Ամենայն Հայոց կաթողիկոս կլինի, թե հայազգի բարերար, պատերազմում իր կյանքը վտանգած հերոս կլինի, թե հայրենիքի համար կռված գեներալ կամ ՀՀ նախկին նախագահ:
Հրապարակ թերթը գրել է․ Սրանք ոչ որևէ մեկի վաստակն են գնահատում (որովհետև իրենք պետությանը երբևէ որևէ ծառայություն չեն մատուցել), ոչ անցած ճանապարհը (որովհետև իրենց ուղին սկսվում է 2018-ից), ոչ տարիքն են հաշվի առնում (որովհետև իրենց թվում է իրենք չեն ծերանալու, ուստի 80-ամյա նախկին նախագահին կարող են «մեռելի զդաչի» ասել)… Բարբարոս ցեղի, ամեն ծիլ ու ծաղիկ ոչնչացնող մորեխների, ամենակուլ հրեշների նման ավերում, հողին են հավասարեցնում ամեն ինչ:
Մոռացե՞լ եք` նոր էին իշխանություն վերցրել, սկսեցին նախկինների դեմ արշավը և քրեական գործեր հարուցեցին սկզբում նախկին նախագահների նկատմամբ: Հազիվ մեկ տարի էին կառավարել, երբ Արցախի նախկին երկու նախագահները` պատկառելի տարիքի մարդիկ` Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը (19-ի ամռանը) անձամբ եկան դատարան, որ երաշխավորեն և Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեն: Այդ օրն արդեն հասկանալի էր` իշխանության են եկել ոչ մի սրբություն չունեցող մարդիկ…
Իսկ քանի՜ ամիս կալանավորված պահեցին գեներալ Մանվելին, Սև հովազ ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանին, Արցախի ՕԲ հրամանատար Միքայել Արզումանյանին…այսօր կալանավայրում է լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը, հետախուզում է հայտարարված Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ…Բոլորն անհիմն, անապացույց, շինծու գործերով: Այնքան շինծու, որ անգամ Նիկոլի նշանակած դատավորները հաճախ չեն կարողանում մեղադրական դատավճիռ կայացնել:
Քանի տարի են դատարան տարել-բերել Սերժ Սարգսյանին, տարբեր փուլերում տարբեր պաշտոններ զբաղեցրած, պետությանը ծառայած, վաստակ ունեցող մարդկանց: Չխնայեցին անգամ իրենց տուն ու տեղը կորցրած արցախցիներին, որոնց նկատմամբ տասնյակ փուչ գործեր հարուցեցին, քաշքշուկների մեջ գցեցին:
Իսկ Բագրատ և Արշակ սրբազանների հետապնդումնե՞րը. հորինված, վերժխնդրությունից ծնված գործեր: Հիմա էլ ականատես ենք լինում, թե ինչ անմարդկային հաշվեհարդար են տեսնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Մարդ ուղղակի նողկում է այն չարության, ատելության, լկտիության աստիճանից, որով 70-ամյա մարդու հանդեպ վարվում է այս իշխանությունը: Ի վերջո, անգամ ապօրինությունը պետք է ինչ որ սահմանների ու տրամաբանության մեջ տեղավորվի:
Ինձ թվում էր, մեր օրերի ամենամեծ ողբերգությունը Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներն են, ճաղերի հետևում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Բայց եթե դա օտար դահճի, արևելյան մի բռնակալի ձեռքի գործն է, ապա ի՞նչ անուն տաս հայի ազգանունով մեկի գործած այս չարագործություններին:
Ինչո՞վ բացատրես Արեգնազ Մանուկյանի ու Ավետիք Չալաբյանի կալանքը, Վեհափառի ու եպիսկոպոսների դատավարությունը, Ծառուկյանի սեփականությունը հոշոտելու, խլելու այս բարբարոսությունը…
Ալիևին դեռ կարելի է «ներել», Երևանում նստած նրա «զույգին» անհնարին է…

Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար