Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:
Այդ մասին տեղեկացանք ՀՀ կառավարության հաղորդագրությունից եւ վարչապետի նորանշանակ մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանի հայտարարությունից: Փաշինյանը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ էր Փաշինյանը «սպառնում», որ ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը կլինի, եթե Ռուսաստանը չվերացնի Հայաստանի դեմ նախաձեռնված տնտեսական արգելքները: Փաստորեն ԵԱՏՄ-ի վերացումը «կանխատեսող» Փաշինյանն, այնուամենայնիվ, որոշել է մասնակցել ԵԱՏՄ այս նիստին: Բնականաբար, ԵԱՏՄ-ին, Ռուսաստանին ուղղված Փաշինյանի հայտարարությունները չեն վրիպել ռուսական կողմի ուշադրությունից:
Ռուսական Новое дело-ի թղթակից Վադիմ Անդրյուխինը, անդրադառնալով ԵԱՏՄ նիստին մասնակցող Փաշինյանին, այսօր գրել է, որ վերջինս կատարյալ հիստերիայի մեջ է ու դրա հիմնական պատճառն այն է, որ ռուսական կողմի տնտեսական սահմանափակումների պատճառով Հայաստանում որոշ արտադրողներ սկսել են ճանապարհներ փակել, իսկ Պուտինին արված զանգն էլ անարդյունք է եղեղ, ուրեմն` ի՞նչ էր մնում Փաշինյանին, եթե ոչ հիստերիայի մեջ ընկնելը, գրում է հեղինակը եւ հիշեցնում է, որ Փաշինյանը սպառնում էր դուրս գալ ԵԱՏՄ-ից, ու դեռ «Ռուսական երկաթուղիներից» էլ որոշել էր երկու միլիարդ դոլար պահանջել, որոնք, իբրև թե Հայաստանը չի ստացել և այլն: Իսկ այն, ինչ տրվել էր «ռուսական երակթուղիների» կոնցեսիոն կառավարմանը, հոդվածագիրը շեշտում է, որ Հայաստանն ի վիճակի չէր պահել, շահագործել ու առավել ևս ներդրումներ կատարել դրա զարգացման համար: Նրան թվում է, որ առավել քան խոսուն է այն փաստը, որ մինչև վերջերս հայկական կողմն այս մասով ոչ մի հուզող հարց կամ խնդիր չէր տեսնում:
Անդրյուխինը գրում է. «Ակնհայտ է, որ այստեղ խնդիրը տնտեսական հարցերը չեն, այլ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների փաստացի խզումը, որը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ով հավատարիմ էր Արևմուտքի հետ մերձեցմանը: Այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսեց բացահայտ սիրախաղ անել արևմտամետների հետ, իր տարածքում անցկացնել տարբեր հակառուսական ֆորումներ՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ, և անտեսել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանական դաշինքի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները, Ռուսաստանը պահանջեց, որ Փաշինյանը հստակ ձևակերպի իր դիրքորոշումը: Կամ նա կշարունակի գործել արևմտյան ռազմավարության շրջանակներում և լիովին կխզի կապերը Ռուսաստանի հետ, կամ` կկրճատի իր շփումները Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ: Որպեսզի Փաշինյանը լավ մտածի այդ մասին, սահմանափակումներ սահմանվեցին Հայաստանից ապրանքների մատակարարման վրա»:
Հեղինակն անդրադառնում է նաև Պուտինի հետ Փաշինյանի վերջին հեռախոսային խոսակցությանը եւ նշում է, որ այդ զանգը մտահոգված Փաշինյանն արել է այն բանից հետո, երբ հայ արտադրողները ճանապարհ փակեցին և Անդրյուխինին հասած տեղեկատվությամբ` Փաշինյանը կարողացել է Պուտինին միանալ չորրորդ կամ հինգերորդ փորձից հետո միայն: «Ինչպես պնդում են լավատեղյակ մարդիկ, Պուտինն ամբողջությամբ անտեսել է Փաշինյանի խնդրանքներն ու ողբը, պահանջելով հանրաքվե անցկացնել ու հստակեցնել Հայաստանի քաղաքական կուրսը: Հենց այդ անհաջող փորձից հետո էլ Փաշինյանը հիստերիայի մեջ է ընկել՝ պահանջելով երկու միլիարդ «Ռուսական երկաթուղիներից» և խոսելով ԵԱՏՄ-ի կործանման մասին»,- շեշտում է Անդրյուխինը:
Հիշեցնենք, որ այսօր, վաղը կայանալիք նիստի շրջանակներում քննարկվելու են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման, առևտրային խոչընդոտների վերացման և տնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր։

Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար