07/08/2026

EU – Armenia

Թվերով «հարված» իշխանությանը. ադրբեջանական բանակը՝ խաղաղության ֆոնին

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխխոսնակ ընտրելու հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Գառնիկ Դավթյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերություններին՝ ընդգծելով, որ Բաքուն վերջին տարիներին զգալիորեն ավելացրել է պաշտպանության ոլորտի ծախսերը։

Դավթյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2023 թվականին կազմել է 3.1 մլրդ դոլար, 2024 թվականին՝ 3.7 մլրդ դոլար, 2025 թվականին՝ 4.9 մլրդ դոլար, իսկ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվել է 5.1 մլրդ դոլար։

«Այս տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն գրեթե կրկնապատկվել է»,- նշել է պատգամավորը։

Նա ներկայացրել է նաև Հայաստանի ռազմական բյուջեի ցուցանիշները՝ նշելով, որ 2025 թվականին այն կազմել է 1.74 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 20 տոկոսով, սակայն 2026 թվականի ռազմական բյուջեն կրճատվել է շուրջ 15 տոկոսով։

Դավթյանն անդրադարձել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, ըստ որի՝ օգոստոսի 8-ի խաղաղության պայմանագրի նախաստորագրումը պետք է իր հետևանքներն ունենա նաև ռազմական ծախսերի ոլորտում։

«Ինչո՞ւ Ադրբեջանը նույն խաղաղության ճանապարհին հաշվի չի առել Հայաստանի բարի կամքը և չի նվազեցրել իր ռազմական բյուջեն»,- հարցադրել է ընդդիմադիր պատգամավորը։

Նա խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի զորավարժությունների քանակի մասին՝ նշելով, որ այդ ցուցանիշներով Ադրբեջանը գերազանցում է Հայաստանին, իսկ Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները ևս հաշվի առնելու դեպքում իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում։

«ՔՊ-ի կառավարման 8 տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 8 անգամ»,- հայտարարել է Դավթյանը։

Պատգամավորը նաև կոչ է արել իշխող խմբակցության պատգամավորներին ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնել ազգային բարերար Սամվել Կարապետյանին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական բանակին ցուցաբերած հումանիտար աջակցության համար: