Պաշտոնական հաղորդագրություններ քչերն են կարդում, առավել եւս` դրանց մեջ խորանում: Մինչդեռ դրանցում հաճախ մերկապարանոց երեւում է այս իշխանությունների ողջ «պերճանքն ու թշվառությունը»` անկարողությունը, մանիպուլյացիաները, կեղծիքը, խարդախությունն ու ագահությունը:
Երեկ կառավարության նիստի մի մասը Նիկոլ Փաշինյանը նվիրել է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին: Նախ գլխավոր դատախազն է հաշվետվություն ներկայացրել, ապա ինքն է հերթական «լապշաները կախել» լսողների «ականջներից»՝ ասելով, որ մինչեւ 2031 թվականը պետք է 2 միլիարդ դոլար հետ բերեն: Սա, հիշեցնենք, «թալանը հետ բերելու» շրջանակներում է իրականացվում, որի մասին խոստանում էին 2018 թվականին, որը 8 տարում չիրականացրին, բայց այս տարիներին 8 միլիոն անգամ դրա մասին խոսեցին` հանրային պառակտում ու ատելություն սերմանելով երկրի ներսում, մարդկանց բաժանելով թալանչիների ու թալանվածների: Նաեւ հընթացս իրենք դարձան ավելի մեծ կոռուպցիոներներ, քան նախկիններն էին, որոնց ժամանակ գոնե մեծ, ապահով եւ զարգացող Հայաստան կար, ինչը հիմա չկա:
Բայց վերադառնանք նիստին եւ հատկապես կանգ առնենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաշվետվության վրա, որի ժամանակ նա ներկայացրել է այն «աննախադեպ» հաջողությունները, որ գրանցել են իրենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում:
Դատախազի հաշվետվությունը դասական մանիպուլյացիայի, մարդկանց մոլորեցնելու, տերմիններով խաբելու օրինակ է: Իր խոսքում տիկին դատախազը փորձել է նույն շարքում ներկայացնել իրենց պահանջները, հաշտության համաձայնությունները, առաջին ատյանի վճիռները եւ ուժի մեջ մտած վճիռները, իբրեւ թե, այ, այսքան փող ենք հետ բերել բյուջե: Մինչդեռ դրանք շատ տարբեր բաներ են:
Օրինակ, հաշտության 11 համաձայնությունները պայմանավորված են նրանով, որ մարդիկ, ասենք, միլիարդներ են յուրացրել, մի քանի միլիոն կամովին զիջել են պետությանը, որ մնացածը փրկեն եւ հավերժ ազատվեն իրավապահ մարմինների հետ գործ ունենալուց:
Կամ` կան մարդիկ, որոնք տարիքն առած են կամ հոգնել են քաշքշուկներից եւ «շանը ոսկոր նետելու» սկզբունքով` մի բան տվել են, որ իրենցից «յան տան»: Իսկ սա, ժողովրդական լեզվով ասած, պետական ռեկետ է, պետական պատժիչ մեքենայի գործադրած անօրինական մեթոդներով մարդկանց ունեզրկելու, շանտաժով ու զոռբայությամբ ունեցվածքը խլելու, կապիտալի վերաբաշխման կամ պետականացման գործընթաց:
Դե իսկ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռները, պարզ է, որ պետք է բողոքարկվեն, եւ հայտնի չէ, թե դրանցից քանիսը կմտնեն ուժի մեջ: Էլ չենք խոսում այն մասին, որ «զոհերի» մի մեծ մասը դիմելու է Եվրադատարան եւ տարիներ անց է իր սեփականությունը հետ բերելու, ինչպես արեցին Հյուսիսային պողոտայից վտարվածները, որոնք տասնյակ տարիներ անց մեծ փոխհատուցումներ ստացան պետությունից:
Ինչ վերաբերում է ուժի մեջ մտած վճիռներին եւ վերադարձված գումարներին.
Ուրեմն, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականին, այսինքն` անցել է 6 տարի: Դատախազությունում հսկայական վարչություն է ստեղծվել, ահռելի պետական միջոցներ են այս 6 տարում ծախսվել, եւ, ուշադրություն` ընդամենը 2 գործով կա ուժի մեջ մտած վճիռ:
11 հաշտության համաձայնությամբ եւ այդ 2 վճռով, հօգուտ Հայաստանի Հանրապետության, բռնագանձվել է 12 անշարժ գույք, 2 շարժական գույք, 2 հազար բաժնետոմս, ՀՀ-ին են փոխանցվել 264 հազար ԱՄՆ դոլարի փոխառության պահանջի իրավունք եւ 1 միլիարդ դրամ գումար, եւս 1 միլիարդ էլ գնահատվել է Կարապետ Գուլոյանի գույքը, որը բռնագանձման է ենթակա։ Այսինքն, խոսքն ընդամենը մոտ 5 միլիոն դոլարի մասին է` չնչին գումար 6 տարվա կտրվածքով: Վստահաբար, այս գործընթացի վրա մի քանի անգամ ավելի միջոց է պետությունը ծախսել:
Եվ հիմա, երբ գլխավոր դատախազն ու վարչապետը փորձում են «ֆռռացնել» հանրությանը` ներկայացնելով, թե «դատարանում քննվող հայցերի ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 628 միլիարդ 600 միլիոն դրամ», կամ` առաջիկա 5 տարում 2 միլիարդ դոլար ենք հետ բերելու բյուջե, դրանք միրաժի նման հեռվում լույս տվող լապտերների են նման, որոնց մոտենալուն պես կարող է պարզվել, որ չկան կամ ընդամենը փոքրիկ լուսատտիկներ են, այլ ոչ թե վառ լույսեր:
Իրական արդյունքների բացակայությունը գլխավոր դատախազը փորձում է կոմպենսացնել հնչեղ անուններ թվարկելով` վճիռ է կայացվել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի գույքով, Հակակոռուպցիոն դատարանում քննվում են Սերժ Սարգսյանի, նրա եղբոր, եղբոր աղջկա, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի, Մանվել Գրիգորյանի ժառանգների գույքը բռնագանձելու վերաբերյալ հայցերը:
Այս բոլշեւիկյան մոտեցումը` մարդկանց գույքը խլելու, պետականացնելու, բիզնեսները յուրացնելու, փոշիացնելու, կարող էր մերժվել, եթե մեր հասարակությունը մերժեր նման երեւույթները, կամ գոնե ունենայինք քիչ թե շատ անկախ դատարան: Այս իշխանությունն ինչ ուժով եւ նեգատիվ եռանդով որ ընդդիմությանն է ճնշում, նույն ուժով դատավորներին է ճզմում, որ դատախազության ապօրինի վարույթները, հայցերն ու պահանջները ռիկս չանեն մերժել: Բայց, ինչպես ցույց է տվել կյանքը, մի օր իշխանություն է փոխվում, եւ գալիս է սեփական արարքների համար պատասխան տալու ժամանակը: Որքան էլ հայտնի է, որ այս ողջ գործընթացի գլխին կանգնած է նախկիններին ատող եւ բյուջեն սեփական գրպանի նման ծախսող Նիկոլ Փաշինյանը, իրենց կայացրած յուրաքանչյուր որոշման համար մի օր պատասխան է տալու ե՛ւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ե՛ւ Հակակոռուպցիոն դատարանի դատավորները:

Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար