Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Ասողիկը գրել է․
«Հայոց Վեհափառ Հայրապետը, այո, կգնա դատարան, կգնա, քանի որ Հայոց Հայրապետն իր Հարուցյալ Տիրոջ անձնազոհ հետեւորդն է, Քրիստոս Աստծո ճշմարտության ճանապարհով ընթացողն ու իր ազգին այդ փրկարար ուղով առաջնորդողն է։
Իսկ ամոթի, պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է հոգեկան էպիդեմիայով հիվանդացած մեր հասարակության ամեն մի դասի ճակատին։Թող Մարդասեր Աստված ապաշխարության կեցուցիչ խորհրդով բժշկի եւ հոգեւոր արթնություն շնորհի մեր ժողովրդին, եւս առավել՝ հայ մտավորական դասին»։
Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը գրել է․
«Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է։
Աշխարհիկ որևիցէ դատավոր կամ իշխանավոր, ով կփորձի դատել և հայհոյել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Աստծո օծյալին, կմտնի անեծքի տակ, իսկ երկիրն և ժողովրդին կտանի կորստի ու ողբերգության։Ինչ՞ է նշանակում լինել եկեղեցու գլուխ և Աստծո օծյալ։
Որոշ մարդիկ, ովքեր չունենալով ոչ՛ աստվածաբանական կրթություն և ոչ՛ էլ տարրական կրոնական գիտելիքներ, իրենց իրավուք են վերապահում սխալ մեկնաբանել Կաթողիկոսի Եկեղեցու գլուխ և Աստծո օծյալ լինելու հանգամանքը՝ այս կերպով մոլորեցնելով հավատացյալներին։Ըստ եկեղեցու հիերարխիայի կամ նվիրապետական կարգի կաթողիկոսը, պատրիարքը կամ պապը երկրային վարչական իմաստով համարվում են եկեղեցու և եկեղեցական համակարգի գլուխը, այսինքն՝ բարձրագույն հոգևոր պետը տվյալ ազգային կամ տեղական եկեղեցու։Իսկ աստվածաբանական իմաստով և քրիստոնեական վարդապետության համաձայն, իհարկե, Տեր Հիսուս Քրիստոս է եկեղեցու Գլուխը, իսկ հավատացյալները՝ նրա մարմնի անդամները։
Հետևաբար , Հայոց Հայրապետին հայ եկեղեցու գլուխ լինելու հանգամանքը համեմատել Տեր Հիսուսի հետ, որպես Եկեղեցու Գլխի՝ մոլորություն է կամ էլ անգրագիտություն։
Իսկ Աստծո օծյալ անվանում են այն մարդկանց , ովքեր Աստծուց կանչվել են, որևէ բարձր առաքելության համար և Սուրբ Հոգու կողմից օծվելով, նրանց տրվել է իշխանության շնորհ ՝ առաջնորդելու և հովվելու ժողովրդին։Հին ուխտի մեջ այդ մարդիկ եղել են մարգարեները, թագավորները և Իսրայելի քահանաները։ Իսկ Նոր Ուխտի մեջ առաջին Աստծո Օծյալն՝ ինքը Տեր Հիսուս Քրիստոս է։ Տիրոջից հետո առաքալները, իսկ եկեղեցու հիմնադրումով Աստծո օծյալներն են համարվում եպիսկոպոսն ու քահանան։Հետևաբար, Հայոց Հայրապետը, ով Սուրբ Թադեոս Առաքյալի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի իրավահաջորդն է, նա եպիսկոպոսապետն է և Աստծո օծյալը։
Ուրեմն, նրա դատավորը միայն Աստված է։Վեհափառի միջոցով է Սուրբ Հոգու շնորհները բախշվում մեր եկեղեցում և ողջ ազգի վրա։ Միայն Հայոց Կաթողիկոսն իրավուք ունի օրհնելու Սրբալույս Մյուռոնը և ձեռադրելու եպիսկոպոս։
Այսօր, ովքեր փորձ են անում նսեմացնել Գարեգին Բ Վեհափառի Հայրապետի հանգամանքը , նրանք մոլորեցնողներ և պառակտիչներ են։
Սթափվե՛ք, քանի ուշ չէ։Տերը պահապան մեր Սուրբ Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին։
Հ/գ.Յուրաքանչյուր քրիստոնյա, ով օծվել է Սրբալույս Մյուռոնով և ստացել է Սուրբ Հոգու շնորհները, այս կյանքում քրիստոնեաբար ապրելու և հավիտենական կյանք ժառանգելու համար է, այլ՝ ոչ թե Աստծո օծյալ տիտղոսն ունենալու»։
Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդի և Թեմական Խորհրդի հայտարարությունը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության, կանոնական իրավասության և եկեղեցու ներքին գործերին պետական միջամտության անթույլատրելիության վերաբերյալ:
Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը և Թեմական խորհուրդը հանդես են գալիս սույն պաշտոնական հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական մարմինների կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու որոշումը, որն առնչվում է բացառապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին կարգապահական, վարչական և եկեղեցական իրավասության շրջանակին։Սույն հայտարարությամբ վերահաստատում ենք մեր հարգանքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և պետական օրինական իշխանությունների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայության օրինական ընտրված և օծյալ Սրբազան Հայրապետն է, որի հոգևոր ծառայությունն ու վարչական լիազորությունները կարգավորվում են Եկեղեցու սրբազան Ավանդությամբ, կանոններով և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնադրական կարգով։Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև երաշխավորվում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Այս սկզբունքը համահունչ է նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթներին, որոնք պաշտպանում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և պարտավորեցնում պետությանը ձեռնպահ մնալ դրանց ներքին կյանքին միջամտելուց։Հետևաբար, եկեղեցական կարգապահության, նվիրապետական կառուցվածքի կամ հոգևոր կառավարման հարցերը քրեական կամ քաղաքացիական իրավասության դաշտ տեղափոխելու ցանկացած փորձ իրավական սահմանների անհիմն կիրառում է, որը հակասում է պետություն–եկեղեցի հարաբերությունների ձևավորված սկզբունքներին և խախտում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության սահմանադրական ու միջազգային իրավական երաշխիքները։Որպես Կանադայի քաղաքացիներ՝ մի երկրի, որի իրավակարգը հիմնված է իրավունքի գերակայության, սահմանադրական սկզբունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա, վերահաստատում ենք այն համոզմունքը, որ պետական իշխանությունները պարտավոր են հարգել կրոնական կառույցների ինքնավարությունն ու ներքին անկախությունը։ Եկեղեցու ներքին կառավարմանն առնչվող հարցերով Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը վտանգավոր նախադեպ է, որը կարող է խաթարել կրոնական ազատության իրավական պաշտպանությունը։Մեր ժողովրդի առջև ծառացած աշխարհաքաղաքական և անվտանգային լուրջ մարտահրավերների պայմաններում պետության կայունությունն ու ազգային համախմբվածությունը հնարավոր են միայն Սահմանադրության ոգուն ու տառին հավատարիմ մնալու, ինչպես նաև պետության և Եկեղեցու փոխադարձ հարգանքի ու ինքնավարության պահպանման պայմաններում։
Ուստի կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու պետական և իրավապահ մարմիններին՝* դրսևորել իրավական ողջախոհություն և անհապաղ դադարեցնել եկեղեցու ներքին իրավասությանն առնչվող քրեական վարույթները,
* անվերապահորեն պահպանել Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված սկզբունքները՝ հարգելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունն ու կանոնական կարգը,
* վերահաստատել հանձնառությունը կառուցողական երկխոսությանը՝ ի նպաստ Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածնի, իրավունքի գերակայության, ինչպես նաև հայրենիքում և Սփյուռքում ազգային միասնության ամրապնդման։Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան
Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդ
Թեմական խորհուրդ Կանադայի Հայոց Թեմ

Բաց մի թողեք
«Անկլավ» հասկացությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը
Վտանգավոր շրջադարձ՝ հայոց պատմության մեջ․ Ամստերդամ
Ես նորություն ունեմ. Տաթևիկ Հայրապետյան