21/09/2026

EU – Armenia

ՌԴ Պետդումայի ընտրությունները հերթական խոշոր հետընթացն էին ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները գնահատել է որպես ռուսական ժողովրդավարության համար «ևս մեկ խոշոր հետընթաց»։

«Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար։ Դրանց արդյունքը երբեք կասկածի տակ չի եղել»,– գրել է Կալլասը X-ում։

Նրա խոսքով՝ Կրեմլը ճնշել է այլախոհությունը, արգելել Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմին դեմ արտահայտված միակ գրանցված կուսակցության գործունեությունը և փակել միջազգային ընտրական դիտորդների մուտքը։

«Ռուսաստանում միայն ժողովրդավարության պատրանքն է մնացել»,– նշել է Կալլասը։

Նա նաև հայտնել է, որ առաջարկել է միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում անցկացված ընտրություններին աջակցած անձանց դեմ։

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո, արձանագրությունների ավելի քան 83%-ի մշակման արդյունքում, «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85%-ը։