15/08/2026

EU – Armenia

Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2000 հատ բաժնետոմս

2026թ․ օգոստոսի 14-ի դրությամբ 2023-2026թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2000 հատ բաժնետոմս և 264 000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք։

Այս մասին հայտնում են  Պետական գույքի կառավարման կոմիտեից՝  մասնավորեցնելով․

  • 19 անշարժ գույք ամրացվել են այլ պետական մարմինների, որից 17-ը՝ ՀՀ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` անտառային ֆոնդի համալրման և պահպանության համար,
  • 5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,
  • 7-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում,
  • 18 գույքի մասով տարբեր պետական մարմինների հետ քննարկվում են հետագա արդյունավետ տնօրինման հարցը։

Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵՆ-ից։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 14-ի N 724-Ա որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։

Blog Image

Դավիդ Թավադյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 8-ին՝ Երևանում։

1995-1998թթ. սովորել է Կանադայի Մոնրեալ քաղաքում գտնվող Դոուսոն քոլեջում (Dawson College)՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ՝ խորացված ուսումնասիրելով հաշվապահական հաշվառումը և հարկային գործը։ Ստացել է քոլեջի դիպլոմ։

1998-2001թթ. սովորել է Մոնրեալի համալսարանի Բարձրագույն առևտրային հետազոտությունների բիզնես դպրոցում (L’École des Hautes Études Commerciales – HEC Montréal)։ Ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան՝ ֆինանսների մասնագիտացմամբ։

2002-2004թթ. ուսումը շարունակել է Մոնրեալի համալսարանի Բարձրագույն առևտրային հետազոտությունների բիզնես դպրոցում (L’École des Hautes Études Commerciales-HEC Montréal)։ Ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան՝ միջազգային ֆինանսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

2006թ. ԱՄՆ-ում գործող Ֆինանսական վերլուծաբանների ինստիտուտից (CFA Institute) ստացել է որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA Charterholder) մասնագիտական կարգավիճակ։

2019թ. Քեմբրիջի համալսարանում (University of Cambridge) ավարտել է «Բիզնես վերլուծություն․ տվյալների հիման վրա որոշումների կայացում» (Business Analytics-Making Decisions Using Data) դասընթացը։

2019թ. Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում (University of Oxford) ավարտել է «Բլոկչեյնի ռազմավարություն» ծրագիրը (Oxford Blockchain Strategy Programme)։

2001-2002թթ. և 2003-2004թթ. Կանադայի Մոնրեալ քաղաքում աշխատել է «Բի Սի Էյ Ռիսըրչ Գրուպ» (BCA Research Group) ընկերությունում՝ որպես հետազոտական վերլուծաբան։

2005-2007թթ. Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում՝ որպես ներդրումային ռազմավար։

2007-2010թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկ» (Crédit Agricole Corporate and Investment Bank) բանկում՝ որպես ածանցյալ ֆինանսական գործիքների ուղղության ղեկավար։

2010-2011թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Սիթի կորպորատիվ և ներդրումային բանկ» (Citi Corporate and Investment Bank) բանկում՝ որպես ածանցյալ ֆինանսական գործիքների ուղղության ղեկավար։

2011-2013թթ. Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում՝ որպես զարգացող շուկաների ուղղության ղեկավար։

2013-2015թթ. Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում՝ որպես զարգացող շուկաների ուղղության ղեկավար։ Պատասխանատվության ոլորտներն ընդգրկել են բաժնային կապիտալի շուկաները (Equity Capital Markets), պարտքային կապիտալի շուկաները (Debt Capital Markets), միաձուլումներն ու ձեռքբերումները (Mergers & Acquisitions), ֆիքսված եկամտաբերությամբ ֆինանսական գործիքները (Fixed Income), արտարժույթները և ապրանքային շուկաները (Currencies & Commodities)։

Աշխարհագրական պատասխանատվության շրջանակն ընդգրկել է Լատինական Ամերիկան, Ասիան, Մերձավոր Արևելքը, Աֆրիկան և Արևելյան Եվրոպան։

2016–2022թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Մեդկոն» (Medkon) բժշկական ընկերությունում՝ որպես կառավարող գործընկեր։

2019-2026թթ. Երևանում աշխատել է «Կամերտուն» ՓԲԸ-ում (Kamertoon CJSC)՝ որպես կառավարող գործընկեր։

2026թ. Երևանում աշխատել է «Ալյանս Սոլյուշնս» (Alliance Solutions) ընկերությունում՝ որպես գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ։

2020-2022թթ. եղել է «Ապագա Հայկականը» (The FUTURE ARMENIAN) նախաձեռնության հիմնադիրներից մեկը և հասարակական հիմունքներով ղեկավարել է Futures Studio վերլուծական կենտրոնի աշխատանքները։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի»։