Նոր ԱԺ-ի առաջին դրական կողմն այն է, որ ընդդիմությունն ավելի լուրջ «քաշ» ունի եւ «ավելի լուրջ» բեռ իր վրա վերցնելու պատրաստակամություն։ Արամ Վարդեւանյանը ձեւակերպեց կարեւոր միտք. «Ընդդիմությունը պետք է օգտագործի բոլոր գործիքները՝ ուժեղ պետություն կառուցելու նպատակով։
Նույնիսկ տարբեր քաղաքական պատկերացումների պայմաններում ուժեղ պետություն ունենալն ընդհանուր նպատակ է»։ Սա ճիշտ մոտեցում է, կարելի է շարունակել. «Ընդդիմությունը պետք է լինի ոչ թե իշխանությանը քլնգող, այլ իշխանությանը ստիպող ուժ»։ Ստիպի ավելի լավ օրենք գրել, ավելի արդյունավետ բյուջե կազմել, ավելի ուժեղ պաշտպանական համակարգ ստեղծել, ավելի հաշվարկված տնտեսական ու արտաքին քաղաքականություն վարել եւ այլն։
Առաջին քաղաքական հակադրությունը չպետք է վերածվի միջանձնային հակամարտության, մինչդեռ առաջին իսկ օրերին արդեն եղան այդպիսի դրվագներ, որոնք մտահոգիչ են։ Որոշ քննարկումներ տեղափոխվեցին անձնական եւ էմոցիոնալ դաշտ։ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ որ դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը։ Սա ինքնին նորմալ է։ Ընդդիմությունը պարտավոր չէ իշխանության թեկնածուին ընտրել։ Բայց շատ ավելի կարեւոր է այն, թե ինչ է տեղի ունենում քվեարկությունից հետո։ Եթե մարդուն չես ընտրել, բայց հաջորդ օրը պետք է նրա հետ նույն հանձնաժողովում նստես ու քննարկես երկրի պաշտպանության, տնտեսության, կրթության կամ դատական համակարգի հարցերը։ Այստեղ է սկսվում իրական խորհրդարանական մշակույթը։ Քաղաքական հակադրությունը բնական է, անձնական թշնամանքը՝ ոչ։
Ընդդիմության ուժն այլընտրանք առաջարկելու մեջ է. Արամ Վարդեւանյանի առաջարկներից մեկը նույնպես արժանի է ուշադրության․ ընդդիմության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները, նույնիսկ եթե իշխանությունը դրանց դեմ է, պետք է հասնեն լիագումար նիստ եւ դառնան հանրային քննարկման առարկա։ Նա նաեւ առաջարկել է ընդդիմության կողմից ընտրված փոխնախագահի միջոցով ավելի լայն օգտագործել Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական հնարավորությունները։ Սրանք առողջ եւ լուրջ առաջարկներ են։ ՔՊ պատգամավորներին խորհուրդ կտամ. «Մի վախեցեք ուժեղ ընդդիմությունից»։ Եթե ընդդիմության պատգամավորն ասում է՝ ձեր տնտեսական օրենքը վատն է, ես ունեմ ավելի լավ տարբերակ, իշխանության պատասխանը չպետք է լինի՝ դուք նախկին իշխանություններից եք, դուք մեզ քննադատել եք…։ Ընդդիմության առաջարկներն ընդունելն ու նրանց տեսակետի հետ հաշվի նստելը իշխանությանը չի թուլացնում, բայց ուժեղացնում է պետությունը եւ բարձրացնում կառավարման որակը։
Մի խորհուրդ էլ ընդդիմությանը. «Մի ընկեք այն ծուղակը, որի մեջ հաճախ հայտնվում է ընդդիմությունը: Եթե իշխանությունն առաջարկեց՝ անպայման դեմ ենք»։ Դա քաղաքականություն չէ, դա հասուն եւ ինքնավստահ ընդդիմության պահվածք չէ, այլ տղայական տարիքից դուրս չեկածների անիմաստ համառություն:
Եվ ԱԺ-ի օրակարգում չպետք է լինեն անվերջանալի քաղաքական վեճեր, այլ պետք է քննարկվեն երկրի երկարաժամկետ խնդիրները․ ինչ ենք արտադրելու, ինչ ենք արտահանելու, ինչպես ենք ստեղծելու բարձր վարձատրվող աշխատատեղեր, ինչպես ենք զարգացնելու արդյունաբերությունը, ինչպես ենք կրթությունը կապելու աշխատաշուկայի պահանջների հետ։ Սրանք պարզ հարցեր չեն` սրանք երկրի զարգացման եւ գոյատեւման հարցերն են։ Խորհրդարանը չպետք է պաշտպանության հարցերը քննարկի միայն այն ժամանակ, երբ պատերազմի մասին հերթական լուրն է հայտնվում։ Մենք պետք է ունենանք 10-15 տարվա ազգային պաշտպանական ռազմավարություն`ինչ զինատեսակներ ենք արտադրելու, ինչ տեխնոլոգիաներ ենք զարգացնելու, ինչպես ենք զարգացնելու հակաօդային պաշտպանությունը, անօդաչու համակարգերը, կապը, կիբեռանվտանգությունը, հետախուզությունը։ Ցանկացած հարցում իշխանությունն ու ընդդիմությունը կարող են տարբեր կարծիքներ ունենալ, բայց պետք է նստեն նույն սեղանի շուրջ եւ քննարկեն։
Էներգետիկ անվտանգություն` մենք պետք է այսօր պատասխանենք՝ 2035 թ. ինչպիսին է լինելու Հայաստանի էներգետիկ համակարգը` ատոմային էներգիա՞, արեւայի՞ն, քամո՞ւ, ջրային ռեսուրսնե՞ր։ Ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անկախությունը։ Ջուր եւ գյուղատնտեսություն` սա նույնպես ազգային անվտանգության հարց է։ Նախորդ գումարման վերջին օրակարգում էին Սիսիան, Գորիս եւ Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնման ու արդիականացման հարցերը։ Նոր ԱԺ-ն այդ հարցերին պետք է նայի ոչ թե որպես առանձին նախագծերի շարք, այլ որպես ազգային ջրային ռազմավարության մաս։ Կրթություն եւ գիտություն։ Եթե ԱԺ-ն առաջիկա տարիներին միայն հարկային, քրեական, վարչական եւ քաղաքական օրենքներ ընդունի եւ չկարողանա էապես բարձրացնել գիտության, տեխնիկական կրթության եւ ինժեներական մասնագիտությունների մակարդակը, դա կլինի կիսատ աշխատանք, որովհետեւ պետությունը միայն այսօրվա խնդիրները լուծելով չի կառուցվում, այլ նրանով, թե ինչ երկիր ենք թողնելու 10, 20, 30 տարի հետո։
ԱԺ-ն չպետք է վերածվի մանկապարտեզի: Եթե ԱԺ նիստերի դահլիճում ամեն քաղաքական հակադրություն վերածվում է սեղաններին խփելու, գոռալու, վիրավորանքի եւ քաշքշուկի, ապա, անկախ նրանից՝ դա անում է իշխանությունը, թե ընդդիմությունը, խորհրդարանական մշակույթն է տուժում եւ խորհրդարանի հանդեպ հարգանքը։ Մենք պատգամավորներ ենք ընտրում ոչ թե իրար վրա գոռալու, այլ երկրի խնդիրները լուծելու համար։ Քաղաքական պայքարը պետք է լինի սուր, բանավեճը կարող է լինել կոշտ, քննադատությունը կարող է լինել անողոք, բայց դրա հիմքում պետք է լինեն գիտելիքը, փաստը, հաշվարկը եւ պատասխանատվությունը։ ԱԺ-ի ամբիոնը բեմ չէ։ Սեղանին հարվածելը քաղաքական ուժի չափանիշ չէ։ Աղմուկը փաստարկ չէ։ Վերջ տվեք մանկապարտեզին։ Սկսեք գործել։ Որովհետեւ այս խորհրդարանի իրական գնահատականը ոչ թե այն է, թե ով որքան բարձր է գոռում, այլ՝ այն, թե հինգ տարի հետո Հայաստանը կլինի՞ արդյոք ուժեղ, անվտանգ, կրթված, տեխնոլոգիական եւ տնտեսապես ինքնաբավ երկիր։ Դա է, ըստ իս, այս ԱԺ-ի իրական առաքելությունը։ Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք լիասիրտ հայտարարել՝ ՄԵՆՔ ԵՆՔ՝ ՄԵՐ ԱԺ-ն։

Բաց մի թողեք
ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով
Ամերիկացի «հետաքրքիր» հետախույզը Նիկոլ Փաշինյանի մոտ. Լուսանկար
Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան