«Հրապարակի» զրուցակիցն ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն է:
– Երեկ Ազգային ժողովում խոսելով նոր սահմանադրության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Անկախության հռչակագրի մասին պետք է մոռանալ, դրան այլեւս հղում չանելով: Նա փաստացի կրկնում է այն ադրբեջանական թեզերը, որոնց համաձայն՝ Հայաստանի անկախության հռչակագիրը ծավալապաշտական նկրտումներ ունի: Փաշինյանը կարծում է, որ Անկախության հռչակագրին հղում անելով՝ հայ հանրությունն իր հայրենիքը Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքում է փնտրում, իսկ մենք պետք է կենտրոնանանք այն 29 հազար 740 ք/կմ-ի վրա եւ «չորրորդ հանրապետություն» կառուցենք: Այս հայտարարություններին ի՞նչ գնահատական կտաք:
– Ամեն մի ողորմելի ոչնչության, գործակալ ստրուկի ես չէի ցանկանա անդրադառնալ: Ամեն մի ողորմելի էլ կարող է մի բան ասել: Ցանկացած առողջ հասարակության մեջ առաջնային տեղ են զբաղեցնում ոչ թե ինչ-ինչ նկրտումներ, այլ՝ արդարությունը: Ես անկախության պայքարի առաջնորդներից մեկն եմ եղել, բնականաբար, այսօր ես ոչ միայն ունեմ ավելին ասելու իրավունք, այլեւ պարտավորություն ունեմ: Ի վերջո, մի ամբողջ ժողովուրդ մեր հետեւից է եկել: Սահմանադրությունն ընդունելիս առաջին հերթին արդարությամբ ենք առաջնորդվել: Լավն էր այն, վատն էր, թե ինչ էր, սակայն փաստ է, որ այն ընդունելիս արդարությամբ ենք առաջնորդվել, ինչպես նաեւ՝ քաղաքակրթական ձեռքբերումներով: Այժմ ինչ-որ բռնապետ մյուս բռնապետիկից ինչ-որ բաներ է պահանջում, իսկ այս բռնապետիկը, երազելով լինել բռնապետի կարգավիճակում, փորձում է ընդառաջ գնալ այդ բռնապետին: Նա չի ասում` եկեք արդարությամբ առաջնորդվենք, ասում է` եկեք առաջնորդվենք անասնական վախերով, բայց, տղա ջան, մի մոռացիր, որ դու անասուն չես, մարդ ես, անասնական վախն անասունի համար է: Մարդը պետք է իր մեջ ուժ գտնի՝ վախերը հաղթահարելու համար:
– Նա նաեւ ասել է, որ մենք հայրենիք փնտրելու ճանապարհին վերջապես գտել ենք պետություն: Այսինքն, ըստ Փաշինյանի՝ հայ ժողովուրդը 30 տարի շարունակ պետականություն չի ունեցել, պետություն չի ունեցել, եւ միայն իր՝ իշխանության գալուց, Արցախը հանձնելուց հետո մենք պետություն ունենալու հնարավորություն ենք ստացել:
– Նա ունի իրավունք՝ ամեն ինչ ասելու: Մենք պետք է մի հարց քննարկենք,՝ որքանո՞վ ենք այս ամենին նպաստել, որ նա այժմ նման հայտարարություններ անի: Ի՞նչ իրավունք ունի Նիկոլ Փաշինյանն առհասարակ Սահմանադրության մասին խոսելու: Հետո՞ ինչ, որ նա ստացել է հայ ժողովրդի ձայների մի 20 տոկոսը` առավելագույնը, հետո ի՞նչ: Այս մարդն անդադար Սահմանադրություն է խախտում, կուսակցությունների մասին օրենքն էլ խախտեց, ինչի առթիվ ես դիմեցի բոլոր քաղաքական ուժերին, սակայն ի՞նչ արձագանք եղավ: Ոչ մի արձագանք: Մեր ընդդիմությունը սպասում է, որ Նիկոլը սահմանադրություն ներկայացնի, իսկ իրենք ասեն` ոչ: Եթե ընդդիմադիրներն իրենց այսպես են պահում, մենք ի՞նչ կարող ենք սպասել Նիկոլ Փաշինյանից: Ես Նիկոլին տասն անգամ նոր սահմանադրության բանաձեւն ասել եմ, սակայն նա ոչինչ չի արել եւ դրանով մեծ հանցագործություն է կատարել: Ոչ մի կուսակցություն խորհրդարանում չի խոսում այս կարեւոր հարցերի մասին, սակայն խորհրդարանական երկրում սահմանադրության հարցը պետք է առաջնային հարց լիներ:
– Փաշինյանն անցած հինգշաբթի օրը հայտարարեց, որ Տիգրանաշենը հայկական տարածք չէ, այլ անկլավ է` Քյարքի անունով, եւ այն Ադրբեջանին հանձնելու «մեկնարկը» տվեց: Իշխանավորները խոսում են ինչ-որ սահմանազատման մասին, սակայն Ադրբեջանը 2021 թվականին Գորիս-Կապան ավտոճանապարհից 21 կիլոմետր տարածք զավթեց` առանց որեւէ սահմանազատման գործընթացի, իսկ տարիները ցույց տվեցին, որ այդ քայլին գնաց բացառապես Հայաստանին վնաս պատճառելու նպատակով, քանի որ այդ 21 կմ-անոց տարածքն ադրբեջանական կողմին որեւէ կերպ պետք չէր, ընդամենը մեզ զրկեցին միջպետական ճանապարհից, որով անցնում էին դեպի Իրան գնացող-եկող բեռները: Եվ շրջանցող ճանապարհն էլ համարժեք չէր ու մեծ ծախսեր պահանջեց: Այս պայմաններում Փաշինյանը նոր տարածքներ հանձնելու մասին է խոսում եւ նորից սահմանազատման մասին հեքիաթն է պատմում:
– Մենք դեռ շատ ենք պատժվելու: Հայ մարդու ուղեղի մեջ պետք է մեկընդմիշտ մտնի «ինքնորոշման իրավունք» ասվածը, ես անգամ դրա համար կազմակերպություն եմ ստեղծել: Անգամ ամենաբթամիտ մարդը պետք է հասկանա, որ ազգային ինքնորոշումն է առաջնային տեղում, այլ ոչ թե ինչ-որ մեկի կամքը: Հասկանալու համար՝ դիմացինդ մարդ է, թե անասուն, պետք է այդ հարցն ուղղես` ազգային ինքնորոշո՞ւմն է կարեւոր, թե՞ ինչ-որ մեկի կամքը: Ինքնորոշման իրավունքն ուրացող մարդը, բնականաբար, բոլոր քաղաքակրթական ձեռքբերումները պետք է ուրանա: Խոսում են Տիգրանաշենի կամ այլ գյուղերի մասին, ասում են, որ ինչ-ինչ քարտեզների հիման վրա են այդ կարծիքին հանգել եւ այլն, բայց առնվազն տգետ պետք է լինես, բռնազավթման պայմաններում քեզ պարտադրված սահմաններն օրինական համարելու համար: Ծախված սրիկան կամ էլ տգետը կարող է նման պնդումներ անել: Հայաստանը բռնազավթել են, այս պայմաններում արդարության մասին խոսելն անհնար է:

Բաց մի թողեք
Սեփական պետությունը վարկաբեկում է, Ադրբեջանի ստահոդ պրոպագանդան՝ լեգիտիմացնում
Ուժայինների թրիլլեր Երեւանում՝ ոստիկանն ընդդեմ քննիչների. Լուսանկար
Կառավարության 2026–2031 թթ. ծրագրի քննարկման հետաքրքիր պահերը եւ ծուղակները