ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը անդրադարձել է նախօրեին իր բնակարանում իրականացված խուզարկությանը՝ պնդելով, որ խուզարկության ընթացքում որևէ նշանակալի բան չի հայտնաբերվել։
Ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը նշել է, որ խուզարկության ընթացքում ստուգել են նաև իր հագուստի գրպանները։ Նրա խոսքով՝ դրանցից մեկում հայտնաբերված 15 հազար դրամը ևս վերցվել և առգրավվել է՝ համապատասխան փաթեթավորմամբ և կնքմամբ։
Լևոն Քոչարյանը խոսել է իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի գործի շրջանակում ներգրավված անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցների մասին։
Պատգամավորը ներկայացրել է մի ընտանիքի օրինակ, որի չորս անդամներ ներգրավված են նույն գործի շրջանակում։ Նրա խոսքով՝ ընտանիքի երեք անդամների նկատմամբ դատարանը կալանք է կիրառել, իսկ Արամայիս Ոսկանյանի նկատմամբ սահմանվել է տնային կալանք։
Քոչարյանը նշել է, որ Ոսկանյանի կինը կալանավորված է, ինչպես նաև կալանավորվել են նրանց երկու դուստրերը։ Նրա խոսքով՝ դուստրերից մեկը միայնակ է և ունի անչափահաս երեխաներ, ինչի պատճառով հարց է առաջանում, թե կալանավորման պայմաններում ով է հոգալու երեխաների մասին։
Պատգամավորը կասկած է հայտնել նման խիստ խափանման միջոցների անհրաժեշտության վերաբերյալ՝ ընդգծելով, որ առկա էին առնվազն տնային կալանք կիրառելու հնարավորություններ, հատկապես ընտանիքում անչափահաս երեխաների առկայության պայմաններում։
Լևոն Քոչարյանը, անդրադառնալով իր հոր և եղբոր հետ կապված իրավական գործընթացներին, հայտարարել է, որ դրանք, իր գնահատմամբ, իրավական հիմքերի վրա չեն իրականացվում, այլ պայմանավորված են մեկ անձից եկող ցուցումներով։
Նա պնդել է, որ գործընթացի նպատակը տարբեր լրատվամիջոցների համար հրապարակումներ և ռեպորտաժներ ապահովելն է. «Գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա, ուղղակի կա ցուցում՝ թքել-կպցնել»:

Բաց մի թողեք
Բժիշկները թույլ չեն տվել Քոչարյանին տանել դատարան
Կզցնելն ու պիղծը վիրավորա՞նք չեն
Հարություն Հարությունյանն ընտրվեց