26/08/2026

EU – Armenia

Արտառոց դեպք՝ Արմավիրում, տղամարդը հայտնել է, որ մարված մոտ 2 մլն ռուբլու պարտքը այլ անձ էլ է պահանջել

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչություն է դիմել ՌԴ քաղաքացի, 32-ամյա Գարիկ Պ․-ն և հայտնել, որ 2024 թվականի փետրվարին իր ընկերոջ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Էդվին Թ․-ից ՌԴ-ում պարտքով վերցրել է 1 մլն 800 հազար ռուբլի գումար, սակայն չի կարողացել մարել պարտքը, և նշված գումարի դիմաց տվել է ռեստորանային կահույք և տարբեր այլ իրեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Գարիկ Պ․-ի հայտնածի՝ ապրիլի 28-ին նա եկել է Հայաստան, իսկ հուլիսի 15-ին իրեն է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Արտակ Մ․-ն։ Վերջինիս տանը հանդիպման ժամանակ Արտակ Մ․-ն պահանջել է, որպեսզի Գարիկ Պ․-ն Էդվին Թ․-ի 2 մլն ռուբլու պարտքը տա իրեն։ Գարիկ Պ․-ն հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պարտքը մարել է գույք տրամադրելու միջոցով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գարիկ Պ․-ն ոստիկաններին հայտնել է նաև, որ հուլիսի 19-ին Արտակ Մ․-ն կրկին հանդիպել է իրեն և սպառնացել, որ եթե նշված գումարը չտա, կվնասի կամ կսպանի իրեն։ Նույն օրը՝ կեսօրին, նրանք կրկին հանդիպել են Երևանում, որտեղ Արտակ Մ․-ն կրկին սպառնացել է և պահանջել արդեն 2 մլն 500 հազար ռուբլի գումար։ Գարիկ Պ․-ն սպառնալիքներն իրական է համարել։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։