28/08/2026

EU – Armenia

Փնտրվում են «Պետական դավաճան» գրությամբ հատուկ տիկնիկներ

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբինյան Ռուբենի ասելով, Ամենայն հայոց կաթողիկոսը «պիղծ է, քանի որ կուսակրոնության ուխտ է տվել, սակայն չի պահպանում այն։ Հետևաբար զբաղվում է պղծությամբ»:

Հրապարակ թերթը գրել է․ Եվ, ըստ այդմ, ԱԺ-ում բարեվարքության մթնոլորտ հաստատող ՔՊ-ականը չի ընդհատել իր առաջնորդին, երբ վերջինս վիրավորում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Չնայած իր տեղն ով էլ լիներ չէր համարձակվելու ընդհատել երբեմնի «դուխով Նիկոլին, որ այդպիսին է մնացել ՔՊ-ականների համար: Էլ չասած, որ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո վերածվել է «մեծարգո վարչապետի»:

Ինչևէ, իսկ եթե ԱԺ նախագահի պաշտոնին ինչ-որ հրաշքով հայտնվեր համարձակ մեկը, ապա առաջնորդին ընդհատելը կլիներ նրա վերջին իշխանական գործողությունը: Ավելին, վերջին գործողությունն ազատության մեջ: Իսկ նման ճակատագրին արժանանալու ցանկություն, բնականաբար, ոչ մի ՔՊ-ական չունի: Այնպես որ խնդիրը ոչ թե կաթողիկոսի կողմից կուսակրոնությունը պահպանելու կամ չպահպանելու, այլ իշխանության կերակրատաշտից չզրկվելու մեջ է:

ԱԺ նախագահի խոսքի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում գնահատական է նաև «դավաճան» բառը և ոչ թե վիրավորանք: Ճիշտ այնպիսի գնահատական, ինչպիսին Ռուբինյանը համարեց կաթողիկոսին հասցեագրվածը: Բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ էին իրավապահները բերման ենթարկում նրանց, ովքեր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին դիմում էին «դավաճան» դիմելաձևով: Ոչ միայն բերման էին ենթարկվում, այլև 2021-2022 թթ.-ին նրանց նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածի գործողության 9 ամիսների ընթացքում, ըստ ԱԲ-ի, «կապիտուլյանտ», «հայրենիքի դավաճան» կամ «ազգադավ» արտահայտությունների գծով հարուցվել էր ընդհանուր 802 քրեական գործ: Այնուհետև հոդվածն ապաքրեականացվել է փաստաբանական բողոքների ու եվրոպացինների հորդորների հիման վրա: Դե, գործերն էլ կարճվել են, բայց ներառվել են վարչական իրավախախտումների տիրույթում:

Ի դեպ, ԱԲ-ին ուղղված՝ «Կարո՞ղ ես հիշատակել այն դեպքերը, երբ «դավաճան» գոռալու համար մարդկանց բերման են ենթարկել» հարցին ի պատասխան ներկայացվեցին մի շարք դեպքեր: Թե՛ Նիկոլի և թե՛ նույնիսկ մեկը՝ Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցած: Քանի որ Նիկոլի օրոք կատարվողը մեր աչքերի առջև է, անդրադառնամ սարգսյանական օրերի դեպքին: 2014 թ.-ի փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը ՀԱԿ ակտիվիստները փորձել են մարտի 1-ին կայանալիք Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնել: Միաժամանակ, «Սերժիկ պետական դավաճան» կարգախոսով ակցիա անցկացնել՝ Սերժ Սարգսյանի նկարով և այդ գրությամբ գրաֆիտիներ պատկերելով: Բայց ակցիայի մեկնարկին մի խումբ ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, և 3 ժամ պահելուց հետո նրանց բաց են թողել։ Քանի որ ոչինչ գրված չէր այդ մասին, ենթադրում եմ, որ այնտեղ նրանց սուրճով չեն հյուրասիրել, բայց նաև դաժան վերաբերմունքի չեն արժանացրել: Եթե, իհարկե, վարչական տուգանքը չհամարենք այդպիսին: Ինչի վրա, ի դեպ, չեն սևեռվել նաև բերման ենթարկվածները:

Փաստորեն ստացվում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին թույլատրվում է գնահատական տալ առանց որևէ հետևանքի: Իսկ երբ ընդդիմության ներկայացուցիչն է դա փոխադարձնում, այսօր պետք է պատրաստ լինի ոչ միայն բերման ենթարկվելու: Եվ եթե նախկինում դա ավարտվում էր ընդամենը վարչական տուգանքով, ապա մեր օրերում դա չի ավարտվում նույնիսկ կոնկրետ գործող անձի կալանավորմամբ: Ու եթե վերջինս ինչ-որ չափով պաշտպանված է ընտրողների կողմից իրեն հատկացված մանդատով, ապա նրա փոխարեն կալանավորում են եղբորն և հորը: Եվ եթե հոր նկատմամբ ատելությունն առկա է դեռևս 2008 թվականի մարտի 1-ից, ապա անհասկանալի է, թե ինչու է հարվածի տակ ընկնում նաև եղբայրը: Նա, ով երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, այլ գլուխը կախ հետաքրքրվել է զուտ գործարարությամբ: Եվ Քոչարյանենց տանն ու նրանց պատկանող ընկերություններում ՔԿ-ի և ԱԱԾ-ի խուզարկություններին ի պատասխան անչափահաս երեխաներին էլ մնում էր նրանց դիմավորել «Բարի գալուստ, ԱԱԾ և ՔԿ» գրությամբ պաստառով:

Մեզ էլ մնում է ենթադրել, որ «Սիրուշո Փրոդաքշն» գրասենյակում նիկոլական իրավապահների խուզարկությունների իմաստը եղել է «Պետական դավաճան» գրությամբ հատուկ տիկնիկների փնտրտուքը: