Երևանի ավագանու նիստում մարզային տրանսպորտային միջոցների՝ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կանգնելը և երթևեկությանը խոչընդոտելու հարցը քննարկման առիթ դարձավ։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն խնդիրը կարգավորելու համար, նշել է, որ մարզային ուղևորափոխադրումների ամբողջական կարգավորումը միայն Երևանի քաղաքապետարանի իրավասության շրջանակում չէ։
Նրա պատասխանից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը միջամտել է՝ ընդգծելով, որ խնդրի կարգավորումն իրենց իրավասության շրջանակում է։ Նա նշել է, որ այդ հարցի վերաբերյալ արդեն կոնկրետ քննարկում է ունեցել և համապատասխան հանձնարարականներ տվել։
Ավինյանի խոսքով՝ Երևանում մարզային տրանսպորտային միջոցները չպետք է զբաղվեն ներքաղաքային ուղևորափոխադրմամբ։ Քաղաքապետը նաև շեշտել է, որ ավագանու նիստում բարձրացված խնդիրը վերաբերում էր հենց այդ երևույթին։
Քննարկման ընթացքում Գրիգորյանը պարզաբանել է, որ հարցը մասնավոր ուղեգծերի մասին էր, սակայն Ավինյանը պնդել է, որ մարզային տրանսպորտի՝ Երևանի փողոցներում ուղևորներ տեղափոխելու խնդիրը նույնպես պետք է կարգավորվի։
Քաղաքապետի խոսքով՝ մարզային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները ուղևորներ պետք է սպասարկեն միայն նախատեսված ավտոկայաններից, իսկ մայրաքաղաքի ներսում ուղևորափոխադրումը պետք է իրականացվի Երևանի հանրային տրանսպորտային համակարգի միջոցով։
Ավինյանը նշել է, որ խնդրի կանխարգելման և վերահսկողության համար պատասխանատվություն ունեն համապատասխան քաղաքային կառույցները, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի պատասխանատու ստորաբաժանումները, Երթևեկության կառավարման կենտրոնը և Հասարակական կարգի պահպանության ծառայությունը։
Քաղաքապետը դժգոհություն է հայտնել նաև այն դեպքերի կապակցությամբ, երբ մարզային տրանսպորտը Երևանի տարբեր հատվածներից ուղևորներ է հավաքում՝ դրանով, ըստ նրա, լրացուցիչ ծանրաբեռնելով մայրաքաղաքի փողոցների երթևեկությունը։
Նրա խոսքով՝ Երևանում ներքաղաքային ուղևորափոխադրումների հիմնական միջոցները պետք է լինեն քաղաքային ավտոբուսները, էլեկտրատրանսպորտը և մետրոպոլիտենը։

Բաց մի թողեք
50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել
Միայնակ մոր թոշակը 10 հազարով բարձրացրել են` նպաստից զրկել. Լուսանկար
Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին, «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ Լուսանկար