Այսօր մենք հրապարակում ունեինք, որտեղ ներկայացրել էինք Նորապատի բնակիչների բողոքն այն մասին, որ գյուղի միջնակարգ դպրոցն անավարտ է եւ աշակերտները սեպտեմբերի 1-ը դիմավորել են կիսակառույց, շինաղբով լի դպրոցում, առանց դպրոցական նստարանների եւ գույքի։
ԿԳՄՍ նախարարությունը հաստատել էր, որ դպրոցում գույքի համալրման գործընթացն ու շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, որ մի մասնաշենքում դասեր են՝ իսկ մյուս մասնաշենքում` շինարարություն եւ այլն։
Սակայն մեր հրապարակումը խիստ վրդովվեցրել է մարզի պաշտոնյաներին եւ վաղ առավոտից մեր խմբագրությունը սպառնալից զանգեր ու նամակներ է ստանում։ Զանգողները կանայք են, որոնք պատշաճ չներկայանալով, չնշելով, թե նյութում արտահայտված որ մտքի հետ համաձայն չեն, սպառնալիքներ են հնչեցնում, փորձում ահաբեկել` չասելով, թե որն է իրենց զանգի նպատակը։
Նրանցից միայն մեկը ներկայացավ, ասաց, որ դպրոցում սովորող երեխայի ծնող է եւ բացահայտ սպառնալիքներ հնչեցրեց։ Սակայն նյութը հրապարակելուց հետո մենք Նորապատից նամակ եւ մեր նյութի հավաստիությունը վկայող լուսանկար էլ ենք ստացել, որտեղ երևում է, թե ինչպես են սեպտեմբերի 1-ին ծնողները եւ երեխաները ոտքի վրա` դատարկ դասասենյակում։
Նամակը ներկայացնում ենք ստորեւ․
«Շնորհակալություն Նորապատի դպրոցի վերաբերյալ հարապարակման համար։ Այսօր առավոտվանից իրարանցում է Նորապատի միջնակարգ դպրոցում, մարզպետ Վահրամ Խաչատրյանը դպրոցի տնօրեն Նաիրա Սահակյանին մեկ ժամ ժամանակ է տվել, որպեսզի նա ծնողների, աշակերտների, ուսուցիչների և ծանոթների միջոցով հերքի ձեր լուրը, այլապես նրան Սարդարապատի դպրոցի տնօրենի նման կհեռացնի։ Ուսուցիչները զանգահարել են բոլոր ծնողներին և ստիպել, որ ֆեյսբուքով հերքեն, նույնիսկ մտել են բարձր դասարաններ և հրահանգել, որ աշակերտներն իրենց էջերով հերքեն լուրը։ Բայց եղել են աշակերտներ և ծնողներ, ովքեր չեն համաձայնվել և ասել են, որ իրենք չեն կարող ստել, քանի որ սեպտեմբերի 1-ին դպրոցում նկարահանումներ են արել, որտեղ իսկապես երևում է, որ նստարաններ չկան, ավելին հենց մարզպետն է օգոստոսի 29-ին այցելել դպրոց և տեսել, որ նստարաններ չկան, այն տեղադրված է իր պաշտոնական էջում, բացի այդ ԿԳՄՍ թեժ գծի ձայնագրություններն առկա են։ Ներկայացնում ենք մի քանի լուսանկարներ առաջին դասարանցիների դասարանից որտեղ նրանք իրենց ծնողների հետ դիմավորում են սեպտեմբերի 1-ը և որտեղ մինչև սեպտեմբերի 7-ը նստարաններ չեն եղել։ Ամենազավեշտալին այն է, որ հենց այս լուսանկարներում պատկերված ծնողներն են հերքել լուրերը, այնինչ հենց իրենք են ոտքի վրա իրենց երեխաների հետ դիմավորել սեպտեմբերի 1-ը, այնուհետև բողոքել, որ արդեն 5 օր է նստարաններ չկան։ Հարկ եղած դեպքում կներկայացնենք ևս այլ ապացույցներ։ Բայց ամենակարևորը շահագործման դեռ չհանձնված դպրոցում իրավունք չունեն երեխաներ սովորել, քանի որ այնտեղ աշխատում են բեռնատարներ, ծանր տեխնիկա, փոխում են պատուհաններ, ասֆալտ են անում` այնուհետև, չգիտես ինչ պատճառներով, այն քանդում են, գետինը սուր խճաքարերով է պատված, էլեկտրամոնտաժումը դեռ ավարտված չի, լսվում են հռնդյուններ և գործիքների ձայներ, աշխատում են կասկածելի ծագումով և պահվածքով հնդիկներ»։

Բաց մի թողեք
Էստոնիայի «Կրթական նորարարություն և առաջնորդություն» ծրագրի դասերը և Հայաստանի PISA 2025-ը
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվեց ԵՊՀ ռեկտոր. Լուսանկար
Հայաստանի 15 տարեկան երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին․ Գոհար Ղումաշյան