11/09/2026

EU – Armenia

Օկուպացված Արցախում այժմ 100 հազար մա՞րդ է ապրում․ ինչ է պնդում Հաջիևը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն դրական ազդանշաններ է ստանում Եվրամիությունից և այլ գործընկերներից՝ կապված նրանց պատրաստակամության հետ՝ աջակցելու Ղարաբաղի (օկուպացված Արցախի – խմբ․) վերակառուցմանը։

Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Պաշտոնյան պնդել է, որ սա նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային կապի, Արևելք-Արևմուտք և Միջին միջանցքների զարգացման համար, ինչպես նաև կնպաստի Հայաստանի ինտեգրմանը տարածաշրջանային գործընթացներին։

Հաջիևը նշել է, որ Ղարաբաղում լայնածավալ վերակառուցման աշխատանքներն ավարտվել են ընդամենը վեց տարվա ընթացքում՝ չնայած ականների լուրջ սպառնալիքին։ «Մենք սկսել ենք ոչ թե զրոյից, այլ մինուս հինգից», – ընդգծել է նա՝ հավելելով, որ ականները շարունակում են խոչընդոտել վերակառուցմանը, բայց չեն կարողանում կանգնեցնել ներքին տեղահանված անձանց վերադարձը։ Հաջիևի խոսքով՝ Ղարաբաղում ներկայումս ապրում, աշխատում և սովորում է մոտ 100,000 մարդ։ Նա Ադրբեջանի փորձը հետպատերազմական շրջանում վերակառուցման ոլորտում անվանել է եզակի և կիրառելի աշխարհի այլ տարածաշրջանների համար։