Հայաստանի Կենտրոնական բանկը երեկ հրապարակել է մի հետազոտություն, որը տնտեսական զեկույցից ավելի շատ ազգային անվտանգության փաստաթուղթ է հիշեցնում։ Հայաստանի 15-ամյա աշակերտները PISA-ի հիմնական ուղղություններով հայտնվել են 73-83-րդ տեղերի միջակայքում։
Աշակերտների շուրջ 58 տոկոսը գիտության, մաթեմատիկայի և ընթերցանության բոլոր երեք ուղղություններով չի հասնում նույնիսկ այն նվազագույն մակարդակին, որը թույլ է տալիս գիտելիքը կիրառել պարզ, ծանոթ իրավիճակներում։ ՏՀԶԿ երկրներում այդ ցուցանիշը մոտ 20 տոկոս է։ Իսկ բարձր արդյունք ունեցող աշակերտները Հայաստանում ընդամենը 0.8 տոկոս են՝ ՏՀԶԿ-ի 11.9 տոկոսի դիմաց։
Սրանք հիրավի վաղվա Հայաստանի տնտեսական աճի, բանակի, պետական կառավարման, տեխնոլոգիական կարողության և վերջապես՝ ինքնիշխանության թվերն են։ Տասնիններորդ դարում պետությունների ուժը չափվում էր ածխով ու պողպատով։ Քսաներորդում՝ նավթով, գործարաններով և բանակներով։
Քսանմեկերորդում գլխավոր հումքը մարդու կարողությունն է՝ հասկանալու բարդ տեքստը, աշխատելու թվերի հետ, տարբերելու փաստը կարծիքից և նոր իրավիճակում լուծում գտնելու։ Այն երկիրը, որի քաղաքացիների մեծ մասը չի տիրապետում այս նվազագույն կարողություններին, կարող է ունենալ բնական պաշարներ, ճանապարհներ և նույնիսկ ժամանակակից սպառազինություն, բայց դժվարությամբ կունենա ժամանակակից պետություն։
Սինգապուրը նավթ չուներ։ Հարավային Կորեան պատերազմից հետո ավելի աղքատ էր, քան բազմաթիվ զարգացող երկրներ։ Ֆինլանդիան մեծ շուկա չուներ։ Էստոնիան Խորհրդային Միությունից ժառանգել էր ոչ թե հարստություն, այլ փոքրություն և սահմանակից Ռուսաստան։ Նրանց հաջողության գաղտնիքը աշխարհագրությունը չէր՝ նրանք դպրոցը վերածեցին տնտեսական քաղաքականության, իսկ ուսուցչին՝ պետական զարգացման ինստիտուտի։
Հայաստանում մենք տարիներ շարունակ հակառակն ենք արել։ Կրթությունը դիտարկել ենք որպես սոցիալական ոլորտ՝ ինչպես առողջապահությունը կամ համայնքային ծառայությունը, որի խնդիրն է համակարգը մի կերպ աշխատեցնել։ Դպրոցներ ենք վերանորոգել, ծրագրեր փոխել, դասագրքեր գրել, համակարգիչներ բաժանել։ Բայց հիմնական հարցը հազվադեպ ենք տվել՝ ի՞նչ մարդ է արտադրում հայկական դպրոցը։
PISA-ն հենց այդ հարցին է պատասխանում։ Այն չի ստուգում՝ աշակերտը քանի բանաձև է անգիր արել։ Ստուգում է՝ կարո՞ղ է մտածել։ Եվ այստեղ է ամենավտանգավոր լուրը։ ԿԲ-ի հաշվարկը խնդիրը դրամով է թարգմանել. եթե ապագա սերունդները հասնեն գոնե հիմնական հմտությունների շեմին, Հայաստանի երկարաժամկետ տնտեսական օգուտի ներկա արժեքը կարող է հասնել այսօրվա մեկ տարվա ՀՆԱ-ի մոտ հնգապատիկին։ Այսինքն՝ երկրի ամենամեծ չշահագործված հանքավայրը գետնի տակ չէ՝ այն նստած է դպրոցական նստարանին։
Սա նաև արտաքին քաղաքականության հարց է։ Հայաստանը ցանկանում է ավելի սերտ կապեր Եվրոպայի հետ, խոսում է բարձր տեխնոլոգիաներից, արհեստական բանականությունից, պաշտպանական արդիականացումից, տիեզերական ծրագրերից, բայց ոչ մի աշխարհաքաղաքական վերադասավորում չի կարող փոխարինել մարդկային կապիտալին։ Կարելի է գնել ֆրանսիական ռադար, ամերիկյան ծրագրային ապահովում կամ գերմանական սարքավորում։ Բայց եթե երկիրը բավարար քանակով չունի այն մարդկանց, որոնք կարող են հասկանալ, սպասարկել, զարգացնել և մի օր ինքնուրույն ստեղծել այդ համակարգերը, կախվածությունը պարզապես փոխում է հասցեն։
Այստեղ է կրթության և ինքնիշխանության կապը։ Ինքնիշխանությունը միայն սահմանը սեփական զինվորով պահելը չէ։ Այն նաեւ սեփական ինժեներով կամուրջ կառուցելն է, սեփական վերլուծաբանով տվյալ հասկանալը, սեփական գիտնականով տեխնոլոգիա ստեղծելը եւ սեփական քաղաքացու կարողությունը՝ տարբերելու ճշմարտությունը մանիպուլյացիայից։
Եվ կա մեկ այլ՝ քաղաքական վտանգ։ Թույլ կրթական համակարգը միայն աղքատ տնտեսություն չի ստեղծում։ Այն ստեղծում է նաև թույլ հանրապետություն։ Քննադատաբար չմտածող քաղաքացին ավելի հեշտ է դառնում քարոզչության, դավադրությունների, կեղծ փրկիչների և արտաքին ազդեցության զոհ։ Ժողովրդավարությունը պահանջում է ոչ միայն ընտրող, այլև դատող քաղաքացի։ Հակառակ դեպքում ընտրական իրավունքը կա, իսկ գիտակցված ընտրության կարողությունը՝ ոչ միշտ։
Հայաստանի անվտանգության մասին բանավեճը սովորաբար սկսվում է Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից կամ Իրանից։ Բայց գուցե ամենաերկարաժամկետ սպառնալիքը այդ քարտեզից դուրս է։ Այն դասարանում է, որտեղ տասնհինգամյա երեխան սովորում է պատասխանել հարցին, բայց ոչ միշտ՝ հասկանալ խնդիրը։
Պետությունները երբեմն պարտվում են պատերազմում։ Երբեմն՝ տնտեսական մրցակցությունում։ Իսկ երբեմն պարտվում են շատ ավելի շուտ՝ դասարանում, և արդյունքը տեսնում են միայն քսան տարի անց։ Հայաստանը դեռ հնարավորություն ունի այդ պարտությունը կանխել, բայց դրա համար կրթության բարեփոխումը պետք է դադարի լինել նախարարության հերթական ծրագիրը և դառնա այն, ինչ իրականում է՝ հաջորդ սերնդի ազգային անվտանգության ռազմավարությունը։

Բաց մի թողեք
Էստոնիայի «Կրթական նորարարություն և առաջնորդություն» ծրագրի դասերը և Հայաստանի PISA 2025-ը
Ոսկեպարում անհանգիստ են
Մարզպետը սպառնացել է տնօրենին` հերքեք, թե չէ կհեռացնեմ աշխատանքից