«Իշխանությունը քննարկում է Վանաձորում նախատեսվող համայնքապետի ընտրությունները հետաձգելու հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նախնական քննարկումների ժամանակ նախատեսվում էր Վանաձորում համայնքապետի ընտրություն անցկացնել արդեն այս տարվա դեկտեմբերին, ընդ որում՝ ՔՊ-ի հիմնական թեկնածուն Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն էր։
Սակայն իշխանության ներսում քննարկումների արդյունքում, ըստ մեր աղբյուրների, այժմ նախընտրելի տարբերակ է դարձել ընտրությունները տեղափոխել 2027 թվական։ Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, Վանաձորի խոշորացման ծրագիրն է։
Բանն այն է, որ կառավարությունը նախատեսում է միավորել Լոռու մարզի գործող Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով մեկ խոշորացված համայնք՝ Վանաձոր անվանումով։ Նոր համայնքի վարչական կենտրոնը լինելու է Վանաձոր քաղաքը, իսկ միավորված համայնքի կազմում ընդգրկվելու է ընդհանուր 22 բնակավայր։
Այս ծրագիրն արդեն միայն իշխանության ներքին քննարկումների մակարդակում չէ։ Կառավարությունը հավանություն է տվել համապատասխան օրենսդրական փաթեթին, որով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման համար։ Փաթեթով նախատեսվում են նաև նոր համայնքի ՏԻՄ-երի ձևավորման և ավագանու ընտրության հետ կապված կարգավորումներ։
Այսինքն՝ իշխանության տրամաբանությունը, ըստ մեր աղբյուրների, հետևյալն է․ նախ ավարտին հասցնել Վանաձոր–Փամբակ խոշորացման գործընթացը, ապա ընտրություն անցկացնել արդեն նոր ձևավորված համայնքում։ Հակառակ դեպքում, եթե ընտրությունը տեղի ունենա գործող Վանաձոր համայնքի սահմաններով, հետագայում խոշորացումից հետո կրկին առաջանալու է նոր համայնքի ՏԻՄ-երի ձևավորման հարց։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքն է պատճառը, որ դեկտեմբերին նախատեսվող ընտրությունների հարցում իշխանությունը սկսել է հետքայլ անել, և այժմ քննարկվում է այն 2027 թվական տեղափոխելու տարբերակը։
Իշխանության համար Վանաձորի ընտրությունը հատկապես կարևոր է, քանի որ խոսքը Լոռու մարզի ամենախոշոր համայնքի մասին է։ Իսկ Վանաձորն ու Փամբակը միավորելու դեպքում ընտրության քաղաքական հաշվարկն ավելի է ընդլայնվելու՝ մեկ ընտրության շրջանակում ընդգրկելով ոչ միայն Վանաձոր քաղաքը, այլև նոր համայնքի կազմում ներառվող բոլոր 22 բնակավայրերը։
Թեև իշխանությունը խոշորացման գործընթացը ներկայացնում է վարչատարածքային բարեփոխման տրամաբանության մեջ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դրա ժամկետների և առաջիկա ընտրությունների հետ կապված իշխանական ներսում առկա են նաև հստակ քաղաքական հաշվարկներ»։

Բաց մի թողեք
Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ Լուսանկար
Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ
Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից