18/09/2026

EU – Armenia

320 հազար փախստական, 530 հազար անօթեվան կար, 42 անգամ պայթեցրել են գազատարը

ՔՊ-ական պատգամավորները շարունակ անցյալից են խոսում, իրենց դժգոհությունը հայտնում, իրենց դժբախտ մանկության մասին պատմում:

Նորաթուխ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի առաջին ելույթը, որի ժամանակ հիշեց իր դժվար մանկությունը, թե դպրոցական տարիներին գրատախտակի մոտ գնալուց առաջ ձեռքերը վառարանի մոտ մի կերպ տաքացրել է, ապա նոր մոտեցել դպրոցական գրատախտակին, քանի օր է՝ քննարկվում է համացանցում:

Այս իշխանության ներկայացուցիչները, չգիտես ինչու, ոչ մի բառ չեն ասում 90-ականների հաղթանակների եւ 2020-ի պարտության մասին, այն մասին, որ հաղթած ու շենացող Արցախ ունեինք նախկինների ժամանակ, ապահով Հայաստան, իսկ իրենց գալուց հետո՝ միայն կորուստներ, զիջումներ, զոհեր ու պարտություն: Իրենց իշխանությունը հայ ժողովրդին միայն նվաստացում է բերել ու անորոշ ապագա:

Փորձում են նսեմացնել հաղթանակների շրջանը եւ հանրության մոտ տպավորություն թողնել, թե նախկին բոլոր իշխանությունները վատն են եղել՝ իրենք լավն են: Իսկ արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ-ից լավ ժառանգություն էր ստացել, եւ հեշտ էր 90-ականների իշխանությունների համար:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ականների այն հայտարարություններին, որ 90-ականներին դպրոցներում ջեռուցում չի եղել, եւ վառարանների մոտ մի կերպ են «գոլացրել» իրենց ձեռքերը, նկատեց. «Ես հիմա կխոսեմ փաստերով, իսկ այդ փաստերը չիմացողները կարող են ծանոթանալ իմ հեղինակած վեց գրքերին։ Դրանք՝ բոլորը, վերաբերում են անկախության շրջանին: Իրականությունն այն է, որ այդ տարիներին, հենց հանրաքվեի շրջանում Հայաստանում կար 320 հազար փախստական, կար 530 հազար անօթեւան մարդ: Այդքան մարդ ուղղակի հայտնվել էր դրսում եւ ապրում էր փողոցում, չկար աշխատանք, 800 հազար մարդ գործազուրկ էր: Հայաստանը շրջափակման մեջ էր, այդ ընթացքում 42 անգամ պայթել է գազատարը, 21 անգամ էլ պայթեցվել է երկաթուղին: Պատերազմ էր, եւ մենք այդ ընթացքում հազարներով զոհեր ունեինք: 5000-6000 զոհ ունեցանք: Հիմար պետք է լինել՝ մտածելու համար, որ այդ տարիներին Հայաստանում կարող էր լույս ու առատություն լինել, տաքանալու հնարավորություն եւ այլն: Ուղղակի մեր սերունդը երջանիկ էր, այդ պատգամավորական վառեկների պապաները շատ լավ գիտեին, որ այդ շրջանում պայմանները չէին կարող լինել լավ, քանի որ երկիրը պատերազմի մեջ էր:

Եթե իրենց վառեկները չեն կարդացել այդ մասին, եթե անգրագետ են, դա իրենց խնդիրն է: Մարդիկ հացի խնդիր ունեին, անգամ սով էր սպասվում Հայաստանին, եթե չգիտեն, որ մեր հաղթանակները նման զրկանքների գնով ենք ձեռք բերել, այդ ծանր ռեֆորմները, անկախության հանրաքվեն, դա իրենց փոքրիկ ուղեղի խնդիրն է: Որեւէ տրամաբանող մարդ չի կարող մտածել, որ նման դժվարությունների պայմաններում երկիրը կարող էր առատ ու տաք լինել: Եթե այս մարդիկ չեն կարդում, չգիտեն մեր պատմությունը, ուղղակի մեղք են: Այդ տեսակ հավիկներն ինչպե՞ս են հայտնվել խորհրդարանում, ուղղակի ամոթ է: Նմաններն ինչպե՞ս են ժողովուրդ ներկայացնում:

Օգտվելով առիթից՝ ես ուզում եմ շնորհավորել Ձեր ընթերցողների Անկախության օրը, այն մեր ամենալուսավոր տոնն է: Դիմում եմ բոլորին` տեր կանգնեք Անկախությանը, մեր Անկախության հիմքերն այնքան պինդ են, որ հարյուր հատ Նիկոլիկ կգա ու կգնա, բայց Անկախությունը կմնա»: