19/09/2026

EU – Armenia

Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին

Հայ հոգեւոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն օրերս հյուրընկալվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա հետ զրուցել երկու երկրների հարաբերություններից եւ այլն։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Հրապարակ թերթը գրել է․ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան եւ Արեւելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը եւ Գեղամ արք. Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի եւ Կանադայի Հայ Կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ Հենրիկ Շահնազարյանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ եւ ԱՄՆ միջեւ հարաբերությունների, երկու ժողովուրդների միջեւ քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաեւ՝ խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։

Կարեւորվել է խաղաղության հաստատման եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի եւ հոգեւոր արժեքների նշանակությունն այս գործընթացում։ Հայ հոգեւոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք եւ Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության եւ ապագայի, երկու երկրների միջեւ բարեկամության համար։

Հոգեւոր առաջնորդներն իրենց աղոթքում անդրադարձել են նաեւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացում։

Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները, հանդիպելով աշխարհի ամենահզոր պետության ղեկավարին, փաստացի որեւէ կարեւոր հարց չեն բարձրաձայնել: Ո՛չ հայ ռազմագերիների մասին են խոսել, որոնց խոշտանգում են Բաքվի բանտերում, ո՛չ արցախցիների հիմնարար իրավունքների մասին, ո՛չ Արցախի մշակութային ժառանգության, որը ոչնչացվում է բարբարոսաբար, եւ ո՛չ էլ անգամ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ փաշինյանական հակաեկեղեցական արշավի մասին:

Հասկանալի է` Թրամփին հայ համայնքի աջակցությունն է հարկավոր՝ ԱՄՆ առաջիկա ընտրություններում, դեսպան Նարեկ Մկրտչյանին իր փիառն է հետաքրքրում, իսկ ի՞նչ հետաքրքրություն ունեին հայ հոգեւորականները:

Վրթանես քահանա Բաղալյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի հայ հոգեւորականների եւ Թրամփի հանդիպման մասին: Ինչո՞ւ նրանք կարեւոր հարցերի մասին չեն խոսել, փոխարենը խոսել են «խաղաղության» կեղծ օրակարգի մասին՝ գովազդելով Փաշինյանի օրակարգը: Քահանա Բաղալյանը, մեզ հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատեց. «Անկեղծ ասած, ես չեմ կարող հստակ ասել, թե նրանք ինչ հարցեր են բարձրացրել, հստակ չեմ տիրապետում, սակայն ցանկացած միջազգային կարեւոր հարթակ պետք է օգտագործել` Ադրբեջանի արարքների մասին բարձրաձայնելու համար:

Եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորում են, ապա առաջին պայմանը պետք է հայ ռազմագերիների վերադարձը լինի: Եթե բանակցում են երկու իշխանությունները, ապա պետք է անպայման այդ հարցը քննարկեն եւ լուծեն: Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին: Մի կոպիտ օրինակ բերեմ․ պատկերացրեք` ինչ-որ մարդասպան սպանում է քո մի զավակին, իսկ մյուսին՝ առեւանգում եւ իր նկուղում պահում, եւ դու այդ ամենից հետո ասես` եկեք լավ հարաբերություններ ստեղծենք, մոռանանք՝ ինչ եղել է, եւ այլն: Դա որեւէ կերպ չի կարող ճիշտ լինել:

Հատկապես եթե հանդիպում եք ԱՄՆ-ի նման կարեւոր պետության ղեկավարի հետ, ապա անպայման պետք է այդ հարցերի մասին խոսեիք: Ինչու չէ՝ Ռուսաստանն էլ է կարեւոր երկիր, Ֆրանսիան էլ, եւ այսպես շարունակ: Բոլոր հնարավոր երկրներում պետք է բարձրաձայնել այս հարցերի մասին: Իշխանությունները եւս պարտավոր են այդ հարթակներում խոսել մեր խնդիրների մասին: Գերիների հարց, արցախցիների վերադարձի հարց, մշակութային ժառանգության պահպանման հարց․ սրանք տարրական հարցեր են, որոնց մասին պարտավոր են խոսել»:

Հոգեւորականներն ԱՄՆ-ում անգամ չեն խոսել Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության հայտարարած պատերազմի մասին։ «Այդ ամենի մասին բարձրաձայնվում է, ոչ միայն միջազգային հարթակներում է այդ մասին խոսվում, այլեւ հունիսի 7-ի ընտրությունները ցույց տվեցին, որ մեր հասարակությունն անգամ վարչական ռեսուրսի չարաշահմամբ ու բազմաթիվ ընտրակեղծիքներով իշխանություններին 50 տոկոս ձայն չտվեց: Մեր հասարակությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական խոստումները, որոնք նա մշակել էր ընտրություններից առաջ: Մեր հանրության 90-95 տոկոսը դեմ է Փաշինյանի հակաեկեղեցական գործողություններին: Նա ունի չնչին՝ 5 տոկոս աջակցություն` Եկեղեցու դեմ արշավում, այդ 5 տոկոսի մեջ ներառված են աղանդավորները, հակաեկեղեցականները, սովետից մնացած աթեիստները եւ մոլի նիկոլականները: Եկեղեցու դեմ պայքարը հանրության կողմից աջակցության չարժանացավ»: