Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
35 տարի առաջ մեր ժողովուրդը «Այո» ասաց անկախ և ինքնիշխան պետություն ունենալու իր կամքին։ Բայց մեր անկախության պատմությունը միայն 35 տարվա չէ։ Այն հազարամյակների ճանապարհ է՝ պետականության համար մաքառմամբ, հաղթանակներով ու անկումներով, կորցրած ու վերականգնված հայրենիքով, սերունդների զոհողությամբ և սեփական ինքնությունը պահպանելու համառությամբ։
Հատկանշական է, որ Անկախության հռչակագիրը սկսվում է՝ «հայ ժողովրդի ճակատագրի առջև պատասխանատվության գիտակցումով»։
Ուստի, անկախությունը ոչ միայն ձեռքբերում է, այլև պատասխանատվություն և սրբազան պարտք՝ պաշտպանելու մեր պետության ինքնիշխանությունը, ազգային շահն ու սերունդների հայկական ապագան։
Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Մենք ունեցել ենք աններելի կորուստներ, ունենք անվտանգության մարտահրավերներ, հասարակությունը պառակտված է, իսկ պետական շահը հաճախ ստորադասվում է բացառապես նեղ անձնական և օրվա քաղաքական շահերի։
Անկախությունը առաջին հերթին պետության ազատությունն ու կարողությունն է՝ իր որոշումները կայացնելու՝ ելնելով բացառապես սեփական ազգային շահերից։
21-րդ դարում անկախության դեմ միշտ չէ, որ հարձակվում են օտարները և պարտադիր՝ զենքով։ Ամենավտանգավորը այն ձևն է, երբ այն թուլացնում են աստիճանաբար, աննկատ ու ներսից՝ զիջումներ պարտադրելով, սահմանները սեղմելով, ազգային արժեքներն ու խորհրդանիշները փոխակերպելով, իսկ հակառակորդի պահանջների կատարումը՝ սպառնալիքները կանխման միակ միջոց ներկայացնելով։
Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները։
Համայն հայությունը 2026 թվականի սեպտեմբերի 21-ին և բոլոր հաջորդ տարիներին շարունակաբար ու աներկբա պետք է վերահաստատի իր կամքն ու պատասխանատվությունը այն նպատակին, որ Հայաստանը պետք է լինի խաղաղ, բայց՝ պաշտպանված, բաց աշխարհի համար, բայց՝ ինքնիշխան իր որոշումներում, բարեկամների հետ համագործակցող, բայց՝ ոչ որևէ մեկի կամակատար։
Բոլորիս առաքելությունն է հաջորդ սերնդին փոխանցել ոչ միայն անկախության մասին հիշողություն ու խորհրդանիշներ, այլ իրապես ինքնիշխան, անվտանգ, իր պետական, ազգային շահերով առաջնորդվող Ուժեղ Հայաստան։
Շնորհավոր Անկախության օրը։
Աստված պահապան մեր ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։
Սամվել Կարապետյան

Բաց մի թողեք
Անկախության 35 տարին․ տոն, որի մեջ ցավ կա, և հայրենիք, որի համար դեռ պետք է պայքարել
Թող հավե՛րժ լինեն անկախ Հայաստանը և մեր արժանապատիվ ժողովուրդը․ Արմեն Սարգսյան
Ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը․ Արամ Մանուկյան