21/09/2026

EU – Armenia

Ռուսական կոնցեսիայի հարցը մտել է Հայաստանի ռազմավարական օրակարգ

«Երրորդ ժամկետ» հաղորդաշարին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների ապագայի մասին մի ձևակերպում արեց, որը դուրս է ընթացիկ երկկողմ օրակարգի սահմաններից։

Նրա ասածի առանցքում այն միտքն է, որ հայ-ռուսական հարաբերությունների նախկին կառուցակարգը ձևավորվել էր հակամարտության, փակ սահմանների և Հայաստանի անվտանգության խոցելիության պայմաններում։ Խաղաղության հաստատումը փոխում է այդ կառուցակարգի հիմքը և դրա հետ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը։ Փաշինյանի խոսքում կար նաև ավելի կոշտ շեշտադրում․ նախկին մոդելի վերականգնումը ենթադրում է նաև այն հակամարտային միջավայրի վերադարձ, որի վրա այդ մոդելը տասնամյակներ շարունակ հենված էր։

Այստեղ է ամբողջ խնդիրը։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տասնամյակներով կառուցվել էին անվտանգության մշտական դեֆիցիտի վրա, որն ի դեպ սնում էր Մոսկվան։ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու Ղարաբաղյան հակամարտության գլխավոր միջնորդներից մեկը, միաժամանակ լայնածավալ սպառազինություն էր մատակարարում Ադրբեջանին։ SIPRI-ի տվյալներով՝ 2011–2020 թվականներին Ռուսաստանին բաժին էր ընկնում Ադրբեջանի հիմնական սպառազինության ներմուծման շուրջ 80 տոկոսը, իսկ Ալիևը 2018-ին հայտարարում էր Ռուսաստանից մոտ 5 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա ձեռք բերելու մասին։

Այս երկակի դերակատարությունը խորացնում էր Հայաստանի անվտանգության կախվածությունը հենց այն պետությունից, որը զենք էր վաճառում նրա հակառակորդին։ Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը, Թուրքիայի հետ փակ սահմանը և Ադրբեջանի ռազմական գերազանցության աճը Մոսկվային տալիս էին բացառիկ քաղաքական լծակներ Երևանում։ Ռուսաստանը միաժամանակ մատակարարում էր անվտանգությունը, մասնակցում էր սպառնալիքի միջավայրի վերարտադրությանը և պահպանում անվտանգության համակարգի նկատմամբ իր գրեթե մենաշնորհային դիրքը։ Այդ կառուցակարգում Հայաստանի խոցելիությունը Ռուսաստանի ազդեցության հիմնական աղբյուրներից մեկն էր։

Այս համակարգն այսօր կորցնում է իր նախկին տրամաբանությունը։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները տեղափոխեց նոր փուլ։ Սպիտակ տանը ստորագրված համատեղ հայտարարությունը խաղաղության գործընթացը կապեց նաև տնտեսական հաղորդակցությունների, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիական համագործակցության հետ։ Սա արդեն սահմանների շուրջ բանակցություն չէ՝ խոսքը տարածաշրջանի տնտեսական և քաղաքական վերադասավորման մասին է։

Դրա ազդեցությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա անխուսափելի է։ Սեպտեմբերի 1-ին Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հենց այս փոփոխության մասին էր խոսում։ Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները հակամարտության պայմաններում ունեցել են մեկ նշանակություն, իսկ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը պահանջում է իրավիճակին «թարմ հայացք»։ Պուտինն իր հերթին շարունակեց հարաբերությունները բնութագրել ռազմավարական գործընկերության և դաշնակցային կապերի լեզվով ու հիշեցրեց Ռուսաստանի մոտ 30 տոկոսանոց բաժինը Հայաստանի արտաքին առևտրում։ Այս երկու մտքերը նույն հանդիպման ժամանակ փաստագրեցին անցումային շրջանի ամբողջ բարդությունը։

Ռուսաստանը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական, տնտեսական և անվտանգային միջավայրի կարևոր գործոններից մեկը։ Ռուսաստանն էլ Հայաստանի քարտեզից չի անհետանալու։ Փոխվում է կախվածության կառուցվածքը։

Սա արդեն երևում է պաշտպանության մեջ։ Երկար տարիներ գրեթե ամբողջությամբ ռուսական մատակարարումներից կախված Հայաստանը վերջին տարիներին սպառազինություն է գնում Հնդկաստանից և Ֆրանսիայից։ Մայիսին Երևանում ցուցադրված ռազմական տեխնիկայի շարքում կային հնդկական հակաօդային պաշտպանության համակարգեր, ֆրանսիական հրետանի ու զրահամեքենաներ, հայկական անօդաչուներ և նաև ռուսական համակարգեր։ Ֆրանսիան դեռ 2024-ին հաստատել էր «Կեսար» ինքնագնաց հրետանային համակարգերի վաճառքը Հայաստանին։

Փոխվում է նաև քաղաքական ընտրության տարածքը։ Հայաստանի խորհրդարանը 2025-ին քննարկեց և ընդունեց Եվրամիությանը անդամակցության գործընթաց սկսելու մասին քաղաքական նախաձեռնությունը, իսկ եվրոպական ուղղությունը պետական օրակարգի մաս դարձավ։ Այս ամենը հնարավոր դարձավ նաև անվտանգության նախկին մենաշնորհի թուլացման պայմաններում։

Սա Ռուսաստանի հետ հակամարտության ծրագիր չէ։ Նման ընթերցումը չափազանց պարզունակ կլիներ։ Ռուսաստանը շարունակում է ունենալ Հայաստանի տնտեսության և էներգետիկայի մեջ մեծ ներկայություն։ 2025-ին Հայաստանի բնական գազի շուրջ 82 տոկոսը եկել է Ռուսաստանից։ Ռուսական կապիտալը շարունակում է կարևոր դեր ունենալ մի շարք ոլորտներում։ Այդ հարաբերությունները երկար ժամանակ դեռ մնալու են հայկական տնտեսության իրականության մաս։

Քաղաքական իմաստը ուրիշ է։ Հայաստանը աստիճանաբար ձեռք է բերում ընտրության կարողություն։ Զենք կարելի է գնել մի քանի շուկայից։ Անվտանգության գործընկերներ կարելի է ունենալ մի քանի ուղղությամբ։ Եվրոպայի հետ հարաբերությունները կարող են կառուցվել սեփական օրակարգով։ Միացյալ Նահանգները կարող է տարածաշրջանային հաղորդակցությունների մեջ ունենալ անմիջական տնտեսական և քաղաքական դեր։ Իրանի հետ հարաբերությունները կարող են զարգանալ առանձին տրամաբանությամբ։ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության պայմաններում դառնում են նաև հաղորդակցությունների ու առևտրի հարց։

Պետական սուբյեկտայնությունը հենց այս հնարավորությունների բազմապատկումն է։ Այստեղ խաղաղությունը դառնում է անվտանգության գործիք։ Տասնամյակներ շարունակ հայկական քաղաքական միտքը անվտանգությունը կապել է ռազմական հովանավորի հետ։ Այդ բանաձևը մեզ ժառանգություն էր թողել կայսրությունների դարաշրջանից։ Փոքր պետությունը փնտրում էր մեծ պաշտպան, իսկ մեծ պաշտպանը դրա դիմաց ստանում էր ազդեցություն։

21-րդ դարի փոքր պետությունների հաջող փորձը կառուցված է ավելի բազմաշերտ համակարգի վրա՝ ուժեղ պետական ինստիտուտներ, սեփական բանակ, դիվանագիտական կապերի լայն ցանց, տնտեսական փոխկախվածություններ, միջազգային լեգիտիմություն և գործընկերների բազմազանություն։ Փաշինյանն օգոստոսին խորհրդարանում նույնպես շեշտում էր, որ հայ-ռուսական հարաբերությունների անվտանգության ընկալումը երկու դար շարունակ գերազանցապես կառուցվել է Ռուսաստանի՝ որպես անվտանգության երաշխավորի գաղափարի վրա, իսկ 2021-2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին այդ համակարգի սահմանափակումները։

Հենց այդ պատճառով խաղաղությունը փոխում է շատ ավելին, քան հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այն վերաձևում է Հայաստանի կապը Ռուսաստանի հետ, բացում է հարաբերությունների այլ մասշտաբ Միացյալ Նահանգների հետ, մեծացնում է Եվրոպայի քաղաքական նշանակությունը, ընդլայնում է պաշտպանական շուկան, հաղորդակցությունների նոր արժեք ստեղծում Իրանի ու Թուրքիայի համար և Հայաստանին հնարավորություն տալիս արտաքին քաղաքականությունը կառուցել սեփական պետական շահերի ավելի լայն քարտեզով։

Հին կառուցակարգը սնվում էր մշտական վտանգից։ Խաղաղությունը այդ կառուցակարգից հանում է նրա գլխավոր հենարանը։ Սա է ռուս-հայկական հարաբերությունների առաջիկա տարիների իրական փորձությունը։ Մոսկվան կարող է հարմարվել ինքնուրույնացող, գործընկերներին բազմազանեցնող և խաղաղ տարածաշրջանում ապրող Հայաստանին։ Երևանն էլ ստիպված է ապացուցել, որ նոր քաղաքականությունը չունի միայն աշխարհաքաղաքական ժեստերի բնույթ և հիմնված է ուժեղ պետության, տնտեսական դիմադրողականության ու պաշտպանական իրական կարողությունների վրա։

Ուստի հարցը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չէ։ Հարցը դրանց նոր հիմքն է։ Հայաստանը երկար ժամանակ Ռուսաստանի համար արժեք ուներ նաև իր չլուծված հակամարտություններով։ Խաղաղության պայմաններում Հայաստանը ստիպում է հարաբերությունները վերագնահատել արդեն ուրիշ չափանիշներով՝ տնտեսություն, տարանցում, ներդրումներ, մարդկանց կապեր, մշակույթ և փոխադարձ շահ։

Սա շատ ավելի առողջ հարաբերությունների հնարավորություն է, միաժամանակ սա շատ ավելի դժվար հարաբերություն է։ Խաղաղ Հայաստանը այլևս անվտանգության վախի վրա կառուցված արտաքին քաղաքականություն վարելու նույն անհրաժեշտությունը չունի, իսկ պետությունը, որն ավելի քիչ է վախենում, ավելի ազատ է որոշումներ կայացնելիս։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երկաթուղու մասին ձևակերպեց մի խնդիր, որի նշանակությունը շատ ավելի մեծ է, քան կոնցեսիայի շուրջ հայ-ռուսական վեճը։ Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո մնալու պատճառով ձևավորվում են երթուղիներ, որոնք կարող են միջազգային հիմնական բեռնահոսքերը Հայաստանից հեռացնել։ TRIPP-ի Նռնաձոր-Ագարակ հատվածով բեռը կհասնի Նախիջևան, իսկ արևմուտք շարժվելու համար արդեն կառուցվում է Նախիջևանը Թուրքիայի հետ կապող այլընտրանքային երկաթուղի։ Այդ սցենարում Հայաստանը կարող է ունենալ TRIPP-ը սեփական տարածքում և միաժամանակ կորցնել դրա ամենամեծ տարանցիկ հնարավորություններից մեկը։

Սա պարադոքս է, բայց պատահականություն չէ։ Հայաստանի երկաթուղային համակարգը 2008-ին կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Ռուսական երկաթուղիներ»-ի վերահսկողության տակ գործող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։ Սեփականությունը Հայաստանինն է, կառավարումը՝ կոնցեսիոներինը։ Պայմանագիրը նախատեսված է երկարաժամկետ կառավարման համար։ Այն կնքվել է մի աշխարհում, որի տնտեսական ու քաղաքական տրամաբանությունը այսօր գրեթե գոյություն չունի։

2008-ին Ռուսաստանը Հայաստանի գլխավոր անվտանգային գործընկերն էր, ԵԱՏՄ-ն դեռ ստեղծված չէր, արևմտյան պատժամիջոցների ներկայիս համակարգը գոյություն չուներ, Հայաստան–Թուրքիա սահմանը փակ էր, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հեռանկարի հնարավորություն ուղղակի չէր թողնում։

2026-ին քարտեզն ամբողջությամբ ուրիշ է։ TRIPP-ը Հայաստանը մտցնում է Կասպից ծովից դեպի արևմուտք ձևավորվող հաղորդակցային համակարգի մեջ։ Կառավարության ծրագրով նախատեսվում է վերականգնել նաև Երասխ–Նախիջևան և Գյումրի–Ախուրիկ–Ղարս երկաթուղային կապերը։ Փաշինյանի ներկայացրած տրամաբանությամբ բեռը Նախիջևանից կարող է մտնել Երասխ, անցնել Հայաստանի տարածքով, հասնել Ախուրիկ և շարունակվել Թուրքիա։ Այդ երթուղին Հայաստանը կդարձներ իրական տարանցիկ երկիր՝ երկար երկաթուղային ճանապարհով, ծառայություններով, լոգիստիկ կենտրոններով, աշխատատեղերով և եկամուտներով։

Բայց տարածաշրջանի մյուս պետությունները չեն սպասում Հայաստանին։ Թուրքիան արդեն սկսել է 224 կիլոմետրանոց Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղու կառուցումը։ Այն Թուրքիան անմիջապես կապելու է Նախիջևանի հետ։ Այս գիծը Նռնաձոր–Ագարակ հատվածից դուրս եկած բեռին տալիս է արևմտյան շարունակության պատրաստ այլընտրանք՝ առանց Երասխ–Ախուրիկ հայկական գծի օգտագործման։ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունն այդ նախագիծը բացահայտ կապում է տարածաշրջանային արևելք–արևմուտք հաղորդակցության հետ։

Հարավային Կովկասը նման փորձ արդեն ունի։ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին ստեղծեց Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա առանցք և Հայաստանը թողեց հիմնական տարածաշրջանային երկաթուղային հոսքից դուրս։ Այժմ Հայաստանը ստացել է այդ աշխարհագրությունը փոխելու հազվագյուտ հնարավորություն։

Փաշինյանի ներկայացրած խնդիրը կապված է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների հետ։ Նրա գնահատմամբ՝ միջազգային ներդրողները և բեռնափոխադրողները ռուսական կառավարման տակ գտնվող հայկական երկաթուղին դիտարկում են որպես պատժամիջոցային ռիսկ և որոնում են այլ երթուղիներ։ Օգոստոսին կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետը նույն պատճառով առաջարկել էր ռուսական կողմին կոնցեսիոն իրավունքը փոխանցել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Սեպտեմբերի 17-ին նա հաստատեց, որ բանակցությունները շարունակվում են։

Այստեղ հարցն արդեն Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը չէ։ Հարցը հայկական ենթակառուցվածքի մրցունակությունն է։ Երկաթուղին ճանապարհից ավելին է։ Տարանցիկ երթուղիները ստեղծում են տնտեսական աշխարհագրություն։ Բեռի հետ գալիս են պահեստները, լոգիստիկան, ապահովագրությունը, սպասարկումը, արտադրությունը, ներդրումը։ Տարիների ընթացքում այդ ամենը ձևավորում է քաղաքական կշիռ։

Տասնամյակներ շարունակ փակ սահմաններն ու հակամարտությունը սահմանափակել են Հայաստանի տարանցիկ հնարավորությունները։ Խաղաղության գործընթացը հիմա հնարավորություն է տալիս այդ նույն աշխարհագրությանը նոր տնտեսական և ռազմավարական արժեք տալ։

Այդ հնարավորությունը ինքնաբերաբար չի իրականանա։ Միջազգային բեռնափոխադրողը ընտրում է արագ, կանխատեսելի, քաղաքականապես անվտանգ և մրցունակ ճանապարհ։ Քարտեզի վրա ամենակարճ գիծը միշտ չէ, որ դառնում է իրական երթուղի։ Գործող ենթակառուցվածքը, սեփականության ու կառավարման պարզությունը, պատժամիջոցային ռիսկերը, սակագինը և սահմանային ընթացակարգերը վերջնական արդյունքում որոշում են բեռի ճանապարհը։

Հենց այս պատճառով ռուսական կոնցեսիայի հարցը մտել է Հայաստանի ռազմավարական օրակարգ։ 2008-ին այդ պայմանագիրը վերաբերում էր հայկական երկաթուղու կառավարմանը։ 2026-ին այն արդեն կարող է ազդել Հայաստանի տեղին նոր եվրասիական հաղորդակցային քարտեզում։

Փաշինյանի զգուշացումն այս իմաստով շատ կոնկրետ է․ Հայաստանը կարող է կառուցել իր տարածքով անցնող պատմական նախագիծը և վերջում դիտել, թե ինչպես են հիմնական բեռնահոսքերը մի քանի տասնյակ կիլոմետր հետո ընտրում ուրիշ ճանապարհ։ Տարանցիկ պետությունը միայն ճանապարհ ունեցող պետություն չէ՝ տարանցիկ պետությունը այն երկիրն է, որի ճանապարհով շահավետ է անցնել։ Հայաստանի առաջ հիմա հենց այդ մրցակցությունն է։