29/09/2026

EU – Armenia

Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել

Աբովյանի համայնքապետարանում սեպտեմբերի 25-ի խուզարկություններից հետո 6 անձ էր ձերբակալվել, մի քանիսը՝ պաշտոնյա, մի քանիսը` քաղաքացիներ։ Ձերբակալվածների թվում էր հողաշինության եւ քաղաքաշինության բաժնի պետ, հրազդանցի Արամ Վիրաբյանը՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի մտերիմ ընկերը։

Հրապարակ թերթը գրել է․ Մեր տեղեկություններով, Վիրաբյանին կասկածում են շինթույլտվությունների դիմաց կաշառք վերցնելու մեջ։ Ընդ որում՝ խոսքը, մեր տվյալներով, բավականին փոքր գումարի մասին է։

Հինգ ձերբակալվածների նկատմամբ դատարանը տարբեր խափանման միջոց է կիրառել, իսկ Վիրաբյանի հարցը չի էլ քննել` դատարանին Վիրաբյանի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց՝ նա չի կարող մասնակցել նիստին։

Հակակոռուպցիոն դատարանից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը` կալանք սահմանելու մասին, անգամ վարույթ չի ընդունվել` դատարանը մերժել է միջնորդությունը վարույթ ընդունել։ Պատճառը դատարանից չմանրամասնեցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն մեր հարցերին չպատասխանեց։