05/10/2026

EU – Armenia

«Ինչի՞ ցույց չեն տալիս ադրբեջանցուն ինչպես են բռնում, իսկ Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իրավապահների գործողությունների հրապարակայնությանը՝ հարց բարձրացնելով, թե ինչու հանրությանը չի ցուցադրվում վերջերս Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հայտնաբերման և ձերբակալության գործընթացը, մինչդեռ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավապահների գործողությունների տեսանյութերը հրապարակվում են։

«Ինչի՞ ցույց չեն տալիս ադրբեջանցուն ինչպես են բռնում, իսկ Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են»,- ասել է նա:

Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր ընտանիքի երեք չափահաս տղամարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Նրա խոսքով՝ իր դեմ հարուցված, իր գնահատմամբ՝ անհեթեթ քրեական գործն այժմ գտնվում է դատարանում, իսկ դրան զուգահեռ կալանավորվել են իր հայրն ու եղբայրը։

Քոչարյանը պնդել է, որ տեղի ունեցող գործընթացները փոխկապակցված են և տեղավորվում են նույն տրամաբանության շրջանակում։

«Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հորս նկատմամբ ճնշումը մեծացնելու համար նաև որդուն բանտարկելով կարող է ինչ-որ արդյունքի հասնել, ապա վստահեցնում եմ՝ նման բան չի լինելու։ Մենք բոլորս պատրաստ ենք այս հետապնդումներին»,- ասուլիսի ժամանակ ասել է ընդդիմադիր պատգամավորը։