07/10/2026

EU – Armenia

Երեկվա ծեծկռտուքը նախապես պլանավորված էր եւ օրինաչափ

Այն, ինչ պարբերաբար կատարվում է Հայաստանի թիվ 1 քաղաքական ատյանում` խորհրդարանում, մեր հանրությանն այլեւս չի զարմացնում: Սովորական դարձան ե՛ւ նիստերի դահլիճում ԱԱԾ աշխատակիցների հայտնվելը, ե՛ւ պատգամավորներին բռնի ուժով դահլիճից դուրս բերելը, ե՛ւ պատգամավորների ծեծկռտուքն ու վիրավորանքները:

Հրապարակ թերթը գրել է․ Իհարկե, կարող ենք ասել, որ նման իրավիճակի մեղավորը վեճի երկու կողմն են` ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, բայց դա խորապես անարդար կլինի, որովհետեւ մեր երկրում իրար վիրավորելու, սադրելու, խառնակչություն ու կոնֆլիկտներ հրահրելու գլխավոր պատասխանատուն ՔՊ-ական իշխանությունն է` իր առաջնորդի գլխավորությամբ, որն ուղղակի սնունդ է ստանում այս վեճերից, դրանց միջոցով բազում հարցեր լուծում, խրախուսում վեճերի ու ծեծկռտուքի մասնակիցներին, նրանց առաջ քաշում, հովանավորում` թիմին հասկացնելով, որ դա է իր պահանջը նրանցից:

Այդ կոնֆլիկտների ամենաագրեսիվ մասնակիցները կարող են գրագետ չլինել, կարող են օրենսդրական նախաձեռնություններով հանդես չգալ, բարեվարքություն ու պարկեշտություն չդրսեւորել, բայց նրանց կարգավիճակն ու բարձր աշխատավարձը երաշխավորված են, եթե նրանք ընդդիմադիրներին են ծեծում, եթե ամբիոնից նախկիններին ու հոգեւորականներին են հայհոյում, եթե ապահովում են այն շոուն, որի միջոցով հանրության ուշադրությունը հաջողվում է շեղել երկրի առջեւ ծառացած լրջագույն խնդիրներից, որոնք իշխանությունը չի կարողանում լուծել:

Երեկվա ծեծկռտուքը, ըստ ամենայնի, նախապես պլանավորված էր եւ օրինաչափ, որովհետեւ խորհրդարանում քննարկվելու էր երկու օրախնդիր հարց` Շաքիի ողբերգական միջադեպն ու իշխանությունների հանցավոր անգործությունը, Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումն ու իշխանությունների հանցավոր ծրագիրը: