Մոսկվան փորձում է վերադարձնել 2020–2022 թվականների եռակողմ մեխանիզմը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ այդ տարիներին Ռուսաստանի աջակցությամբ ձևավորված «մշակումները» շարունակում են արդիական մնալ։
Գրեթե նույն քաղաքական գիծն է առաջ տանում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը՝ կրկին հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին և Հայաստանին մեղադրելով այն չկատարելու մեջ։
Մոսկվան վերակենդանացնում է եռակողմ ձևաչափի լեզուն, Զուլֆուգարովը՝ դրա ամենազգայուն կետը։ Այդ կետով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցության վերահսկողությունը վերապահվում էր Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությանը։
Եռակողմ մեխանիզմի նպատակը երբեք անորոշ չի եղել։ 2021 թվականի հունվարի 11-ի համատեղ հայտարարությամբ հատուկ աշխատանքային խումբը ստեղծվեց հենց նոյեմբերի 9-ի 9-րդ կետի իրագործման համար՝ առաջնահերթ համարելով երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունները։
Վերջին բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը կայացավ 2023 թվականի մայիսի 25-ին Մոսկվայում։ Կողմերը կրկին քննարկեցին տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակումը և որոշեցին աշխատանքը շարունակել երեք փոխվարչապետների ձևաչափով։
Կալուգինի հայտարարությունը մատնանշում է Մոսկվայի ավելի լայն նպատակը՝ վերականգնել այն եռակողմ մեխանիզմը, որով Ռուսաստանը պահպանում էր տարածաշրջանային կարգավորման առանցքային դերակատարումը։ Խոսքը միայն անցած բանակցությունները հիշեցնելու մասին չէ։ Ռուսաստանը փորձում է վերականգնել մի մեխանիզմ, որը նրան տարածաշրջանի հաղորդուղիների և հետպատերազմյան պայմանավորվածությունների վրա քաղաքական ազդեցություն էր տալիս։
2020-ի այդ համակարգը ձևավորվեց Հայաստանի ծանր պարտությունից հետո ստեղծված ուժային նոր հարաբերակցությամբ։ Ռուսաստանը միաժամանակ դարձավ անվտանգության գլխավոր հենարանը, ռազմական ներկայության կրողը և հետպատերազմյան բանակցությունների կենտրոնական միջնորդը։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը այդ կառուցվածքի կարևոր բաղադրիչն էր՝ հաղորդուղիների վերահսկողության մեջ Ռուսաստանին հատուկ դեր հատկացնելով։
Այսօր Հարավային Կովկասում արդեն այլ ուժային և քաղաքական իրականություն է ձևավորվել։ TRIPP-ի հիմքում Հայաստանի լիարժեք իրավազորության պահպանումն է։ Սահմանը, մաքսային հսկողությունը, իրավապահ և վարչական գործառույթները մնում են հայկական պետության ձեռքում։
Սա է 2020-ի մոդելի հետ սկզբունքային տարբերությունը․ այն հաղորդակցության վերահսկողության մեջ հատուկ դեր էր տալիս Ռուսաստանին, իսկ TRIPP-ը այդ իշխանությունը պահում է Հայաստանի ներսում։ Այստեղ է Հայաստանի ընդդիմության համար ամենադժվար հարցը։
Ռուսաստանի և Ադրբեջանի հետ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պաշտպանող Հայաստանի քաղաքական ուժերից այսօր պահանջվում է հստակեցում՝ ինչպե՞ս են վերաբերվում դրա 9-րդ կետին։ Ընդունո՞ւմ են Ռուսաստանի ФСБ-ի դերակատարությունը Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության վերահսկողության մեջ։ Եթե այդ մոդելն այլևս ընդունելի չեն համարում, ապա պետք է բաց ասեն՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հատկապես ո՞ր քաղաքական հիմքն են շարունակում պաշտպանել։ Այս հարցերից փախչելն արդեն անհնար է։
Մոսկվան բաց հայտարարում է, որ 2020–2022-ի մեխանիզմները դեռ ուժը կորցրած չի համարում։ Զուլֆուգարովը նույն գիծը հասցնում է ամենազգայուն կետին՝ կրկին շրջանառության մեջ դնելով նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։
Հետևաբար Հայաստանի քաղաքական ուժերից այսօր պահանջվում է նույնքան հստակ պատասխան։ Խոսքը ամբողջ փաստաթղթի մասին ընդհանուր վերաբերմունքի մասին չէ։ Հարցը հենց 9-րդ կետն է՝ ընդունելի՞ է Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության նկատմամբ ռուսական վերահսկողական դերակատարությունը, թե ոչ։

Բաց մի թողեք
Արդյոք արդեն շատ չե՞նք ուշանում, սա է հարցը․ Ծառուկյան
ՔՊ պատգամավորները պարգևավճար ստանում են, գործի չեն գալիս
Փաշինյանը փորձում է մեղմել Շաքիում հայ կնոջը կրակած ադրբեջանցու գործողությունները․ Ղահրամանյան