Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջեւ վեճ ծավալվեց, որը վերածվեց ծեծկռտուքի։
Հրապարակ թերթը գրել է․ Բանն այն է, որ Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր «Մի շարք հոգեւորականների գործունեության հետեւանքով Հայ առաքելական սուրբ եկեղեցում առաջացած ճգնաժամի, ինչպես նաեւ, դրանով պայմանավորված՝ հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թվաքանակը սահմանելու մասին» նախագիծը, որն ընդդիմությունը համարում էր հակասահմանադրական, հակաօրինական եւ փորձում էր կանխել դրա ընդունումը։
Չնայած պարզ էր, որ դա Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, եւ խորհրդարանում ցանկացած օրենք անցկացնելու համար անհրաժեշտ ձայներ ունեցող ՔՊ խմբակցությունը դա ամեն գնով անցկացնելու է:
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին խնդրեցինք մեկնաբանել ներկայիս իրավիճակը` այս շրջանում, երբ հանրությունը մտահոգ է, քննարկում է ՀՀ սահմանների խոցելիության եւ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման հարցը, իսկ Ալիեւն իր կուսակցության համագումարում նոր` սադրիչ հայտարարություններ է անում, ինչո՞ւ է հայաստանյան իշխանությունը, փոխանակ այս հարցերով զբաղվելու, սադրում ընդդիմադիր պատգամավորներին, ծեծկռտուք հրահրում խորհրդարանում:
Լեւոն Զուրաբյանը նկատեց. «Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ժողովրդավարության ոչնչացման ծրագիրն է իրականացնում: Այլ բան չկա: Իսկ այդ ծրագրի նպատակն այն է, որ Փաշինյանն իրագործի Իլհամ Ալիեւի պլանները: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռուբեն Ռուբինյանը վախեցավ Էդգար Ղազարյանի բացահայտումներից: Իշխանական ֆրակցիան սարսափում է պարզ խոսքից: Ինչպես միշտ, այս խմբակի խաղադրույքը բռնության վրա է դրված:
Այլ տարբերակ նրանք չունեն: Խոսում էին բարեկրթությունից, եւ ի՞նչ: Նման դեպքերում ասում են` մեծացել ենք, բայց դեռ հեքիաթնե՞րի ենք հավատում»: Լ. Զուրաբյանը նաեւ անդրադարձավ ադրբեջանցի զինծառայողի` Հայաստան ապօրինի մուտք գործելու դեպքին, ինչպես նաեւ՝ հայ ռազմագերիների խնդրին. «Ի՞նչ գերիների վերադարձման կամ փոխանակման մասին է խոսքը: Գերիները վաղուց պետք է Հայաստանում լինեին, եթե խաղաղություն է հաստատված, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում: Եթե Նիկոլ Փաշինյանը ոչնչացրած չլիներ, ինչպես նաեւ հիմա չշարունակեր ոչնչացնել մեր դիմադրության պաշարները, մեր խոսակցությունն Ադրբեջանի հետ այսօր լրիվ այլ լեզվով կլիներ: Խաղաղությունը չի կարող հիմնված չլինել ուժային հավասարակշռության վրա: Թուլության վրա, ճնշումներին չդիմակայելու, ագրեսորին խաղաղեցնելու վրա չի կարող լինել խաղաղություն: Եթե նորմալ իշխանություն ունենայինք, ապա վաղուց ուժային բալանսը վերականգնված կլիներ: Ուժային բալանս ասելով ես բնավ նկատի չունեմ միայն հայկական բանակը, խոսքը նաեւ դաշնակիցների առկայության մասին է: Այս հարցը պետք է դրվեր այն համատեքստում, որ ոչ մի գործ չի կարող առաջ գնալ, քանի դեռ Ադրբեջանը հայ ռազմագերիներին չի վերադարձրել հայկական կողմին, ինչպես նաեւ՝ խաղաղության համար չի ստորագրել: Սահմանադրական հանրաքվեն էլ` ալիեւյան հանրաքվեն, պետք է շատ վաղուց մերժված լիներ»:

Բաց մի թողեք
Պասիվ պաշտպանությունը հաղթանակի չի հասցնում
2026-ին ձեւավորված 9-րդ գումարման ԱԺ-ն այս 8 տարվա «թագուպսակն» է
«Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան․ Լուսանկար