«Հրապարակի» զրուցակիցն իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն է։
– ՀՀ իշխանությունների՝ Հայ եկեղեցու եւ անձամբ Վեհափառ հայրապետի դեմ շարունակվող քստմնելի արշավի ֆոնին, այս օրերին Երեւանում «Աղոթքի նախաճաշի» էին հավաքվել տասնյակ երկրների կրոնական համայնքների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ եւ այլք։ Ամերիկյան ավանդույթ, որը մեր երկիր է հասել 2025 թվականին եւ որը, ըստ էության, սպառնում է սասանել մեր հոգեւոր անվտանգությունը։ Պետություն-Եկեղեցի հակամարտության պայմաններում սրա կազմակերպումը պատահակա՞ն էր։
– Նախ, «Աղոթքի նախաճաշը», լինելով տիպիկ ամերիկյան մշակույթի դրսեւորում, ես ինքնին բացասական չէի գնահատի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն իրենից ներկայացնում է էկումենիկ երեւույթ։ Եվ քրիստոնեական տարբեր հարանվանությունների ներկայացուցիչների հետ շփումները մեր ազգային շահերի տեսանկյունից կարող են դրական նշանակություն ունենալ։ Սակայն ՔՊ-ի կողմից այդ միջոցառման կազմակերպումը, բնականաբար, ոչ մի դրական նշանակություն ունենալ չի կարող, եւ ակնհայտ է, որ «Աղոթքի նախաճաշի» միջանցքներում ՔՊ-ն իրականացրել է Հայ եկեղեցու նկատմամբ զրպարտչական գործունեություն։
– Փաշինյանը ելույթ ունեցավ նույն հավաքին, մեջբերեց «Անդամալույծի բժշկումը» առակը, Հիսուսին համեմատեց քաղաքական գործիչների հետ եւ այլն։ Այն մարդն է խոսում հավատից ու հավատաքննությունից, որի անմիջական ցուցումով է սկսվել այս հավատախեղդ արշավը։ Տպավորություն չունե՞ք, որ այս փուլում Մայր Աթոռն ակտիվ չէ հակազդեցության առումով, եւ հակազդեցության բացակայությունն ավելի է մեծացնում դիմացինի ախորժակը։
– Ես ինձ իրավունք չէի վերապահի՝ գնահատելու Մայր Աթոռի վարքագիծը, մանավանդ այն պայմաններում, երբ Եկեղեցու դեմ հալածանքների այս 500 օրերը Նիկոլ Փաշինյանին չեն մոտեցրել իր կողմից ակնկալվող արդյունքին։ Միեւնույն ժամանակ, ուզում եմ հիշեցնել, որ Եկեղեցին միայն Մայր Աթոռը չէ, Եկեղեցին միայն հոգեւորականները չեն, այլ հավասարապես նաեւ մենք ենք, աշխարհակալներն են, մարդիկ, որոնք իրենց համարում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ։
– Գարեգին Բ-ն ընդունեց երեւանյան «Աղոթքի երկրորդ նախաճաշի» բարձրաստիճան հյուրերից մեկին՝ Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնին։ Անցյալ տարի եւս Վեհափառը համանման ընդունելություն էր արել։ Սա քրիստոնեական պարզ համերաշխությո՞ւն էր, թե՞ բաց քննարկումների առիթ՝ հատկապես հակաեկեղեցական արշավի պայմաններում։
– Կարծում եմ՝ սա ցույց է տալիս, որ Արեւմուտքը «հալած յուղի» տեղ չի ընդունում Հայ եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի զրպարտությունները եւ չունի «վերջնական վերդիկտ»։
– Ենթադրություններ կան, որ «Աղոթքի նախաճաշին», թեկուզ մասնավոր զրույցներում, քննարկվել է Գարեգին Բ-ին Վեհարանից «հեռացնելու» իշխանական պլանը՝ հաշվի առնելով, որ միջոցառման նախաձեռնողը գործող իշխանությունն է։
– Վստահ եմ, որ նման քննարկումներ այնտեղ տեղի են ունեցել, նույնիսկ հակառակը բացառում եմ։
– Պետպատվերով կազմված տխրահռչակ զեկույցից հետո հիմա էլ ԱԺ-ում «եկեղեցում առաջացած ճգնաժամի լուծմամբ զբաղվող քննիչ հանձնաժողով է ստեղծվել», որը կղեկավարի ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ Ինչպե՞ս պայքարել հերթական եկեղեցաքանդ քայլի դեմ՝ բացի բանավոր քննադատությունից, հուզական գրառումներից, ելույթներից։
– Բնականաբար, Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է, շարունակվում է նոր մեթոդներով։ Ինչ վերաբերում է հակազդեցությանը, ապա իմ լսած բազում գաղափարներից ինձ հատկապես դուր է գալիս «հասարակական» քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը, որը հրապարակավ քննարկման առարկա կդարձներ հակաեկեղեցական արշավը, ինչպես նաեւ, ավելի լայն առումով, Հայաստանի Հանրապետության սահմանադրության ոտնահարումները, որ տարիների ընթացքում անընդհատ թույլ է տալիս իշխող ռեժիմը։
– Նշեցիք, որ հակաեկեղեցական արշավը շարունակվում է նոր մեթոդներով․ Փաշինյանը նախօրեին ՀՀ քաղաքացիներին հորդորել է․ «Գնացեք, այդ կնոջը հարցրեք՝ Դուք Կտրիճ Ներսիսյանի (Վեհափառ հայրապետին նկատի ունի` խմբ․) աղջի՞կն եք, թե՝ չէ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս վտանգավոր կոչը, երբ մի կողմից իր կեղտոտ արշավի մեջ ներքաշում է քաղաքացիներին, մյուս կողմից՝ թիրախավորում, ոտնահարում երրորդ անձանց անձնական կյանքը։
– Կորակեմ շատ կարճ՝ անբարոյականություն եւ իշխանության չարաշահում։

Բաց մի թողեք
Լեգիտիմության ամբողջական բացակայություն
Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորն էլիտար «փաստաբան» ունի
Չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա