27/10/2026

EU – Armenia

2027-ի բյուջեն կազմել են Հայաստանի համար նպաստավոր զարգացումների հաշվարկով

ՀՀ բյուջեի 2027-ի ծրագրի մասին Հրապարակը զրուցել է ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի հետ:

– Որո՞նք են հիմնական մտահոգիչ կետերը, որոնք նկատեցիք 2027-ի բյուջեի ծրագրում:

– Երկու մասով դիտարկենք՝ ինչ ունենք մակրոմակարդակում, եւ որտեղ են թաքնված վտանգները։ Մակրոսցենարի ու բյուջեի ընդհանուր կառուցվածքի տեսանկյունից, որը ֆինանսների նախարարության մանդատի ներքո է, կարող եմ ասել՝ վատ գործ չեն արել։ Երեւում է, որ ֆինանսների նախարարությունը լավ ջանք է գործադրել։ Բյուջեով նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ պակասուրդի աստիճանական նվազում. եթե 2026 թվականն ավարտվի 4 տոկոսով, ապա 2027-2029 թվականներին այն կնվազի համապատասխանաբար մինչեւ 3,4, 2,8 եւ 1,8 տոկոս՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 47 տոկոսի մակարդակում կայուն պահելու համար։ Սա ճիշտ մոտեցում է բյուջետային կայունության տեսանկյունից։ Նախատեսվում է նաեւ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում՝ 2027-ին շուրջ 0,5 տոկոսային կետով, իսկ 2028-2029 թթ․՝ եւս 0,1 եւ 0,2 տոկոսային կետով։ Բայց խնդիրը հասկանալու համար պետք է նայենք տնտեսական աճի կառուցվածքին։ Կառավարությունը 2027-ին ակնկալում է 5,8 տոկոս տնտեսական աճ՝ 2026-ի 5, 6 տոկոսի դիմաց։ Հարցն այն է, թե որ ճյուղերն են ապահովելու այդ աճը։ Նախորդ 4-5 տարիներին տնտեսության հիմնական շարժիչը եղել է ոչ արտահանելի հատվածը՝ շինարարությունը, ծառայություններն ու առեւտուրը։ 2027-ին կառավարությունն ակնկալում է, որ այդ հատվածների աճը փոքր-ինչ կդանդաղի, իսկ արդյունաբերության աճը կարագանա՝ հասնելով 7,4 տոկոսի։ Արդյունաբերության հիմնական շարժիչը, ինչպես այս տարի, լինելու է հանքարդյունաբերությունը՝ հիմնականում Ամուլսարի գործարկման հաշվին։ Այստեղ մտահոգություն կա. եթե 2027-ին արդյունաբերությունն աճի 7,4 տոկոսով, արդյո՞ք 2028-ին հնարավոր կլինի ապահովել 6,2 տոկոս աճ։ Եթե իրավիճակը չփոխվի, ես այդ կանխատեսման վերաբերյալ լուրջ կասկածներ ունեմ։

– Ինչո՞ւ:

– Որովհետեւ արդյունաբերության ներուժը, եթե հանքարդյունաբերությունը մի կողմ դնենք, խիստ թուլացած է։ Արդյունաբերության աճը հիմնականում հանքարդյունաբերության հաշվին է․ այս տարվա 5,9 տոկոս ակնկալվող աճը պայմանավորված է մետաղների բարձր գներով, իսկ 2027թ․ 7,4 տոկոս աճը՝ Ամուլսարի գործարկմամբ։ 2025-ին պղնձի միջին գինը մեկ տոննայի համար 10 հազար դոլար էր, այժմ խոսում ենք 14 հազար 300 դոլարի մասին։ Դա նպաստել է ավելացված արժեքի եւ իրական ծավալների աճին՝ 2026-ի համար։ Բայց դժվար է պատկերացնել, որ առաջիկա 3 տարում գինն անընդհատ աճի եւ հասնի, օրինակ, 20 հազար դոլարի։ Տեսականորեն հնարավոր է, սակայն փորձը ցույց է տալիս, որ պղնձի գների աճը մի պահ կանգ է առնում։ Իսկ 2018-ից ի վեր մենք պղնձի գների շարունակական աճ ենք տեսնում։

– Իսկ ինչո՞ւ է դա խնդիր:

– Մշակող արդյունաբերության խնդիրները երեւում են նաեւ բանկային համակարգի՝ տնտեսությանը տրամադրած վարկերի կառուցվածքից։ 2026-ի սեպտեմբերի դրությամբ արդյունաբերությանը բաժին է ընկնում վարկային պորտֆելի ընդամենը 7,6 տոկոսը՝ սպառողական վարկերից մոտ 3 անգամ պակաս։ 2018-ի մայիսից վարկային պորտֆելն աճել է շուրջ 6,6 տրիլիոն դրամով, որից արդյունաբերության բաժինն ընդամենը 182 միլիարդն է, եւ նա ամենավերջինն է ցուցակում՝ աճի մեծության տեսանկյունից։ Համեմատության համար՝ սպառողական վարկերն աճել են 1,7 տրիլիոն, հիպոթեքային վարկերը՝ 1,6, իսկ շինարարության ոլորտի վարկավորումը՝ շուրջ 1 տրիլիոն դրամով։ Տարբերությունները խոսուն են․ փողը չի ուղղվում դեպի արտադրողական եւ արտահանելի ճյուղեր։ Ուստի տնտեսական աճի հիմքերը շարունակում են մտահոգիչ մնալ։ Եթե արտաքին գործոնների ազդեցությունը թուլանա, եւ տնտեսական աճը զգալիորեն ցածր լինի ծրագրվածից, հարկային եկամուտները եւս կնվազեն։ Այդ դեպքում կառավարությունը ստիպված կլինի կրճատել ծախսերը, իսկ եթե չկարողանա դրանք օպտիմալացնել, կաճեն պակասուրդն ու պարտքը։ Ծախսերը կրճատելը դժվար է լինելու, քանի որ ընթացիկ ծախսերը 2025-ի համեմատ նախատեսվում է ավելացնել շուրջ 700 միլիարդ դրամով։ Երբ ընթացիկ ծախսերը բարձրանում են, դրանք հետագայում կրճատելը գրեթե անհնար է դառնում։ Օրինակ՝ եթե առողջապահական ապահովագրության համար գումարը չբավարարի, կառավարությունը պետք է կրճատի ապահովագրական ծածկույթը կամ շահառուների թիվը, ինչը քաղաքականապես բարդ է։ Հանրային հատվածի աշխատավարձերի բարձրացումը, ըստ տարբեր գնահատականների, կարող է բյուջեի ծախսերն ավելացնել 25-35 միլիարդ դրամով։ Եթե հարկային եկամուտները նվազեն, կառավարությունը պետք է համարժեք ծախսեր կրճատի, եթե չի ցանկանում մեծացնել պակասուրդը, բայց աշխատավարձերի բարձրացումը հետ շրջելը եւս դժվար կլինի։ Նույնը վերաբերում է կենսաթոշակներին․ 10 հազար դրամով բարձրացումը բյուջեի համար 73-78 միլիարդ դրամի բեռ է ստեղծել, եւ դժվար է պատկերացնել, որ կառավարությունը հետ կկանգնի այդ որոշումից։ Արդյունքում ծախսերի կրճատման հիմնական բեռը կարող է ընկնել կապիտալ ծախսերի վրա՝ թուլացնելով տնտեսական ներուժը։ Իսկ դա կհանգեցնի հաջորդ տարվա ավելի ցածր տնտեսական աճի։

– Ընթացիկ ծախսերի մասով ի՞նչ իրավիճակ ունենք:

– Կառավարությունը չափից շատ պարտավորություններ է վերցրել ընթացիկ ծախսերի մասով․ 2025-ի համեմատ նախատեսվում է շուրջ 700 միլիարդ դրամի աճ։ Կարող են ասել, որ հարկային եկամուտներն էլ են ավելանալու 738 միլիարդ դրամով։ Դա ճիշտ է, բայց այդ աճը հնարավոր կլինի, եթե արտաքին աշխարհում պահպանվեն մեր տնտեսության համար բարենպաստ պայմանները։ Եթե տարածաշրջանում հակամարտությունները սրվեն, Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմն ավելի խորանա, Հայաստան եկող հոսքերը կարող են ավելանալ, եւ 2027-ը կրկին բարենպաստ տարի լինել։ Բայց ի՞նչ կլինի, եթե այդպես չլինի։ Ֆինանսների նախարարությունն իր ռիսկերի բաժնում մակրոտնտեսական ռիսկերից հնարավոր կորուստը գնահատել է շուրջ 65 միլիարդ դրամ, իսկ դրանց ծածկման համար նախատեսել է 41 միլիարդ դրամի պահուստային ֆոնդ, բայց այդտեղ չկա իմ մատնանշած ռիսկերի գնահատականը, որը հավանական է, բայց խիստ դժվարգնահատելի։ Խնդիրն այն է, որ ֆինանսների նախարարությունը ռիսկերը գնահատում է՝ ելնելով ներկայիս միտումների շարունակությունից եւ առանձին գործոնների հնարավոր փոփոխություններից։ Օրինակ՝ եթե Ռուսաստանի պատժամիջոցները մնան նույն մակարդակի վրա, ՀՆԱ-ի աճը սպասվածից ցածր լինի, հարկեր/ՀՆԱ ցուցանիշը չբարելավվի, կամ ներմուծումը կանխատեսվածից քիչ լինի։ Բայց ի՞նչ կլինի, եթե գազի գինը կրկնապատկվի, Ռուսաստանը սահմանափակի դեպի Հայաստան թռիչքները՝ կրճատելով զբոսաշրջային հոսքերը, կամ սահմանափակի ժամանակավոր աշխատուժի մուտքը Ռուսաստան։ Եթե այս գործոններից մի քանիսը միաժամանակ ի հայտ գան, խնդիրը կարող է շատ ավելի խոր լինել, քան գնահատել է ֆինանսների նախարարությունը, իսկ մեր տնտեսական աճի ներկայիս կառուցվածքն ի զորու չի լինելու էապես դիմադրել այս բացասական երեւույթներին։ Տնտեսությունն օրգանիզմի նման է․ եթե բացասական ազդեցությունը փոքր չափաբաժիններով է, օրգանիզմը կարող է հարմարվել, բայց եթե կարճ ժամանակում մեծ լինի, կարող է լուրջ ցնցում առաջացնել։ Այստեղ կարեւոր է ե՛ւ բացասական սցենարի խորությունը, ե՛ւ դրա վրա ազդող գործոնների ժամանակային համընկնումը։ Եթե, օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմում դադար լինի, ինչը հնարավոր է, կամ Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտությունը երկարատեւ սառեցվի, դեպի Հայաստան ակնկալվող հոսքերը կարող են չլինել։ Արդյունքում շինարարությունը 2027-ին կարող է ոչ թե աճել 7,4 տոկոսով, այլ նույնիսկ անկում արձանագրել։ Նույնը վերաբերում է ծառայություններին․ կառավարության ակնկալած 5,5 տոկոս աճի փոխարեն կարող է անկում լինել, եթե Հայաստան այցելուների հոսքը նվազի։

– Ստացվում է՝ բյուջեի նախագծում հնարավոր ռիսկերը նկատի չե՞ն ունեցել:

– Ֆինանսների նախարարությունը բյուջեին կից բացատրագրում լավ ներկայացրել է տեսանելի ռիսկերը՝ փոխարժեքի արժեզրկման եւ ներմուծման դանդաղման հնարավոր հետեւանքները եւ այլն։ Բայց, իմ կարծիքով, 2 կարեւոր հանգամանք հաշվի չի առնվել։ Նախ՝ անտեսվում է տնտեսական աճի ներկայիս կառուցվածքը։ Երկրորդ՝ ենթադրվում է, որ տնտեսության դիմադրողականությունն ու ապագա ՀՆԱ ստեղծելու հնարավորությունը բարձր են, եւ նույնիսկ Ռուսաստանի կոշտ քայլերի դեպքում շղթայական լուրջ խնդիրներ չեն առաջանա։ Ես, սակայն, կարծում եմ, որ հնարավոր է նաեւ բացասական սցենար, քանի որ տնտեսական աճի գերակշիռ մասը ստեղծվում է ոչ արտահանելի հատվածում։ Եթե արտաքին հոսքերը կանգնեն կամ հակառակ ուղղությամբ շարժվեն, լուրջ խնդիրներ կունենանք։ Այդ հոսքերը կարող են դադարել, քանի որ դրանք կախված չեն Հայաստանի գործողություններից, առավել եւս՝ որ գործող կառավարությունն իր արտաքին քաղաքականությամբ ավելի է սրում իրավիճակը։ Ռուսաստանցիները Հայաստան են եկել, իսկ ներդրումները որոշ բնակարանային շուկաներում ուղղվել են Հայաստան, ոչ թե Դուբայ, ոչ այն պատճառով, որ Հայաստանը Դուբայից ավելի մրցունակ է դարձել, կամ անշարժ գույքն ու տնտեսական հեռանկարներն ավելի գրավիչ են։ Պատճառն այն է, որ Դուբայը դարձել է ավելի ռիսկային։ Օրինակ՝ մոսկվացի ունեւոր հայ ներդրողը գումարները դիվերսիֆիկացնելու համար կարող է նախընտրել Թբիլիսիում կամ Երեւանում անշարժ գույք գնել՝ Դուբայի փոխարեն։ Վրաստանն էլ է բարձր տեմպերով աճում․ հունվար-օգոստոսին աճը կազմել է 7,6 տոկոս։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի արտահանումն էլ է լավ աճում՝ շուրջ 24 տոկոսով, մինչդեռ Հայաստանում արտահանումը նվազում է։

– Ռուսական կողմի հնարավոր պատժամիջոցները հաշվի առնելով, դա 2027-ի տնտեսական պատկերի վրա ինչպե՞ս կազդի:

– Կենտրոնական բանկը գնահատել է, որ եթե Ռուսաստանի ներկայիս պատժամիջոցները պահպանվեն, այսինքն՝ չհանվեն եւ չխստացվեն, Հայաստանի ՀՆԱ-ն կարող է կորցնել 1,5-2 տոկոսային կետ։ Ես համաձայն եմ այդ գնահատականի հետ։ Ենթադրում եմ, որ կառավարությունն իր կանխատեսումներում հաշվի է առնում գործոններ, որոնք կարող են փոխհատուցել այդ վնասը։ Մեկը Ամուլսարի հանքի գործարկումն է․ դրա համար վարչապետը գնաց եւ ժապավենը կտրեց, չնայած 2018-ին աղմուկ էր բարձրացնում դրա շուրջ։ Մյուսը NVIDIA-ի տվյալների կենտրոնն է, որի ամբողջական գործարկումը կարող է ՀՆԱ-ի աճին ավելացնել 0,8-1 տոկոսային կետ։ Բայց այս 2 հանգամանքն էլ խնդրահարույց են։ Արդյունաբերության մյուս ճյուղերը, հատկապես մշակող արդյունաբերությունը, դժվարությունների մեջ են, եւ եթե իրավիճակը շարունակվի, կարող են էական վնասներ կրել։ Ոգելից խմիչք եւ այլ արտադրանք Ռուսաստան արտահանողները պետք է կա՛մ նոր շուկաներ գտնեն, կա՛մ կրճատեն արտադրության ծավալները։ Ռուսաստանի կողմից հնարավոր երկրորդ բացասական ազդեցությունը ֆինանսական հոսքերի կրճատումն է։ Եթե դրանք նվազեն, խնդիրներ կառաջանան հատկապես ծառայությունների եւ շինարարության ոլորտներում։ Ի դեպ, Ռուսաստանի պատժամիջոցների ազդեցությունը տնտեսական աճի վրա այս պահին կարող է համեմատաբար փոքր լինել, բայց սոցիալական ազդեցությունը՝ ավելի զգալի։ Տուժող ապրանքատեսակները հիմնականում առնչվում են գյուղատնտեսական համայնքներին, իսկ այդ վնասներն անմիջապես սոցիալական խնդիրներ են առաջացնում։