27/10/2026

EU – Armenia

Տեղի ունեցավ ՔՊ-ի եւ տեղական ֆեոդալների դաշինքը

«Հրապարակի» զրուցակիցը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:

– Հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, գրեթե բոլոր համայնքներում իշխանությունները հաղթանակ տարան: Բայց մեծ հայտնագործություն չենք անի, եթե ֆիքսենք, թե ինչ մասշտաբների բռնաճնշումներ տեղի ունեցան, եւ իշխանություններն ինչքան կարմիր գծեր հատեցին՝ այս արդյունքին հասնելու համար: Իհարկե, այս ամենին զուգահեռ, կա տեսակետ, որ ընդդիմադիր ուժերի թեկնածուներն իրենց համայնքներում ճանաչում ու հեղինակություն չունեն, նաեւ այդ հանգամանքն է թողել իր ազդեցությունը: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ ընտրություններ տեղի ունեցան կիրակի օրը, ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունների արդյունքները:

– ՏԻՄ ընտրությունները քաղաքական վարկանիշի ցուցիչ չեն: Այն քաղաքական ազդեցության տրիգեր չի կարող լինել: Դրանք ավելի շատ արտահայտում են իրավիճակի ստատուս քվոն: Իշխանություններն ունեն բավարար ռեսուրսներ եւ լծակներ՝ ՏԻՄ ընտրություններում բավարար չափով իրենց ուզած թիվը ստանալու համար: Կոնկրետ կիրակի օրվա ընտրությունները, եթե բերենք հանրագումարի, ապա աշխատեց երկու գործոն` տոտալ ճնշումներ, մենք տեսանք, որ անգամ այն համայնքներում, որտեղ իշխանությունը տեսավ փոքր վտանգ, կիրառեց ճնշումներ: Ընդ որում, եթե 2021-2026 թվականներին գոնե թեական ընտրություններին չէին միջամտում, պրոցեսներին, որպես այդպիսին, չէին խառնվում, պոստ ֆակտում չէին թիրախավորում հավակնություններ ունեցող անձանց, ապա հիմա ռեպրեսիաներն ունեն կանխարգելիչ բնույթ: Իշխանությունն ամեն գնով կանխեց ընդդիմության հավանական հաղթանակները:

– Բայց ընդդիմությունն ունե՞ր հաղթելու հնարավորություն: Ո՞ր համայնքներում:

– Օրինակ` Ստեփանավանում ուներ հաղթելու հնարավորություն ընդդիմությունը, եթե սիստեմատիկ ճնշումներ տեղի չունենային: Ստեփանավանում դրանք, նորից շեշտեմ` սիստեմատիկ բնույթի էին: Օրեր առաջ գործի դրվեց ռեպրեսիվ մեքենան, իր բոլոր դրսեւորումներով` գաղտնալսումներ, հակաքարոզչություն, «ողնաշարը կոտրել» եւ այլն: Ի վերջո, երբ լիդերին կալանավորում են, ընտրազանգվածի ողնաշարը կոտրվում է: Մյուս ֆակտորն էլ այն է, որ տեղի ունեցավ ՔՊ-ի եւ տեղական ֆեոդալների դաշինքը: Օրինակ` Գորիսում, Վարդենիսում մենք տեսանք դրա դրսեւորումները: Ընդդիմությունն ակնհայտորեն կարող է հաջողել ՏԻՄ ընտրություններում, եթե երկրում քաղաքական միջավայրը փոխվի:

– Ինչպե՞ս:

– Խոսքը միայն իշխանափոխության մասին չէ: Կարող է այնպես լինել, որ եթե իշխանափոխություն տեղի չի ունեցել, ապա միջավայրը դառնա մրցակցային: Ընդդիմությունն այդ պարագայում կարող է օրակարգ թելադրել: Հիմա մենք ոչ թե պետք է կենտրոնանանք նրա վրա` լավ թեկնածու ենք ընտրել, թե վատ թեկնածու ենք ընտրել, դա չէ գլխավոր հարցը, որովհետեւ ընդդիմադիր թեկնածուների մեջ կան նաեւ հաջողված մարդիկ, ովքեր իրենց սկզբունքայնությունն ապահովել են, ուղղակի պետք է այնպես լինի, որ երկրում այս միջավայրը փոխվի: Իշխանության ռեպրեսիվ մեքենայի երախը պետք է մաշվի:

– Եթե «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Ստեփանավանում ուներ մեծ շանսեր, այդ դեպքում ինչո՞ւ գոնե երկրորդ տեղը չզբաղեցրեց եւ այդքան քիչ ձայներ ստացավ:

– 20 տոկոսն այս պայմաններում քիչ չէ: Նա ստացավ 20 տոկոս ձայն, ինչը քիչ չէ այս պայմաններում: Միջավայրն այնպիսին է, որ հասարակությունը չի հավատում ընդդիմության հաղթանակին: Այ, երբ ստեղծվի այնպիսի միջավայր, որ հանրությունը հավատա, որ Նիկոլ Փաշինյանի բեսպրեդելի շղթան կտրվելու է, ապա, հավատացած եղեք, այդ 20 տոկոսը մի քանի ժամում կդառնա 50-60 տոկոս:

– Ասում են, որ Առուշ Առուշանյանը սիրված համայնքապետ է, որ նրան մարդիկ իրապես գնահատում ու համակրում են: Ո՞րն է նրա ֆենոմենը: Արդյո՞ք նա լավ համայնքապետ է:

– Ոչ: Գորիսի հասարակությունը կարողացել է մշտապես այլընտրանք ունենալ, քանի որ Առուշանյանն ու իշխանությունը նույն դիրքորոշումը չեն ունեցել։ Այսօր այդ հասարակությանը զրկեցին ընտրության հնարավորությունից, ինչը հանգեցրեց արտաքուստ մոնոլիտ քվեարկության, սակայն դա հանրային կարծիքը չի արտացոլում եւ ոչ էլ անգամ կարելի է համարել գնահատական ՔՊ-ի քաղաքական կուրսին կամ Առուշանյանի՝ լավ կամ վատ քաղաքապետ լինելուն: