28/10/2026

EU – Armenia

Համայնքապետը ստախոս է. Լուսանկար

Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 4 հազար 407 ձայն (36.14%), «Ուժեղ Հայաստան»՝ 2 հազար 383 (19,54%), «Հանրապետություն» կուսակցություն՝ 445 (3,64%) եւ «Գործարար» կուսակցություն՝ 4 հազար 952 ձայն (40,61%)։ Մանդատների նախնական բաշխվածությունը․ «Գործարար»՝ 9 մանդատ, ՔՊ՝ 8, «Ուժեղ Հայաստան»՝ 4:

Հրապարակ թերթը գրել է․ Լրատվամիջոցները գրեցին, որ Ստեփանավանում ՔՊ-ն պարտվել է, ՔՊ-ից «մերժված» համայնքապետը՝ հաղթել, սակայն իրականում պրոՔՊ-ական համայնքապետը հաղթեց ՔՊ-ի թեկնածուին:

«Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է

Մի փոքր նախապատմություն․ երբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանում հունիսի 7-ին շռնդալից հաղթանակ տարավ, ՔՊ-ական իշխանությունը որոշեց պատժել 6 տարի Ստեփանավանի քաղաքապետ աշխատած Արմեն Գրիգորյանին՝ նրան մեղադրելով իր դեմ աշխատելու մեջ։ Եվ որպես թեկնածու որոշեց առաջադրել Սուրեն Պապիկյանի հարազատ Լոռի Բերդի վարչական ղեկավար Արայիկ Ներսիսյանին։ Ընտրություններում ՔՊ թեկնածուն պարտվեց, բայց իր պարտությունները հաղթանակ դարձնող ՔՊ-ն այստեղ էլ է հաղթել, քանի որ Գրիգորյանն արդեն նահանջի քայլեր է անում։ Ճիշտ է՝ հոկտեմբերի 10-ին մենք հարցազրույց էինք վերցրել նրանից, հարցրել էինք․ «Ընտրություններից հետո բացառո՞ւմ եք Արայիկ Ներսիսյանի հետ կոալիցիա կազմել», պատասխանել էր․ «Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ ամեն ինչ», բայց ընտրություններից հետո առաջին բանը, որ արել է, շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին եւ «վարչապետ Փաշինյանին». «Առաջին հերթին կուզենամ շնորհակալություն հայտնել բոլոր 20 բնակավայրերի բնակիչներին՝ ընտրությանն ակտիվ մասնակցության համար: Շնորհակալ եմ յուրաքանչյուր ընտրողին, կապ չունի՝ ընտրել են իմ գլխավորած քաղաքական ուժին, թե այլ քաղաքական ուժերի: Կասեմ, որ հաղթեց ժողովուրդը, հաղթեց ժողովրդավարությունը: Չեմ տեսնում այստեղ պարտվող ուժեր, հաղթող ուժեր եւ այս ամենի շրջանակներում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել կառավարության ղեկավարին՝ այս հնարավորությունն ինձ տալու համար: Առաջիկայում կառավարության հետ համատեղ, հանուն Ստեփանավանի վաղվա օրվա, մեր ժողովրդի եւ տարածաշրջանի զարգացման, կառավարության հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնելու՝ ի շահ մեր ժողովրդի»:

Այսինքն, Արայիկ Ներսիսյանի հետ կոալիցիա է կազմելու, եւ անգամ լուրեր կան, որ հնարավոր է Ներսիսյանը դառնա համայնքապետ, այլ ոչ թե ինքը։ Մեզ պատմեցին, որ նա այս ընթացքում պահել է բոլոր կապերը ՔՊ-ի հետ, մասնակցել նրանց հավաքներին, անգամ ՔՊ-ի հավաքներից մեկում հարցրել է. «Դեմ չե՞ն լինի, որ ես այլ կուսակցությունով առաջադրվեմ»:

Մենք կապվեցինք Արմեն Գրիգորյանի հետ, ասացինք՝ փաստորեն, ՔՊ-ի հետ եք։ «Փաստացի, 5 տարի ՔՊ կուսակցության կողմից ընտրված համայնքի ղեկավար եմ եղել: Առողջ համագործակցություն է լինելու կառավարության եւ իշխող ՔՊ կուսակցության հետ: ՔՊ կուսակցությունից չեմ եղել առանձնացված»,- ասաց նա:

Սա նշանակում է, որ մարդն ուղղակի խաբել է մեզ, խաբել է իր ընտրողներին, նախապես ցույց է տվել, թե ինքն իշխանական թեկնածու չէ՝ ընդդիմադիր է, ոչ մի դեպքում չի պատրաստվում իշխանության հետ համագործակցել եւ ինչ-որ ձայներ էլ դրա շնորհիվ է ստացել, իսկ հիմա քողը դեմքից նետել է, որովհետեւ մեզանում վերեւից ներքեւ բոլորը ստում են, եւ դա այլեւս չի դատապարտվում։

Ստեփանավան խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ցուցաբերած բարձր վստահության և համախմբման համար։

Ինչպես նշել եմ քարոզարշավի ընթացքում՝ ես և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք այլ անդամներ ՏԻՄ ընտրություններին մասնակցել ենք «Գործարար» կուսակցության ցուցակով՝ ինչի համար ունեցել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության համաձայնությունը և թույլտվությունը։

Շնորհակալ եմ կուսակցության Վարչությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հնարավորության և վերջին վեց տարվա ընթացքում Ստեփանավանում հսկայական ծրագրեր իրականացնելու և իմ ու մեր քաղաքի թիկունքին լինելու համար։
Տեղեկացնում եմ նաև, որ ըստ օրենքի դադարեցրել էի անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում եմ ներկայացրել։

Չենք պատրաստվում համայնքի ավագանու նիստերում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն։ Միասնական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ կշարունակենք աշխատել հանուն Ստեփանավան խոշորացված համայնքի առաջընթացի և զարգացման։

Սիրով և մեծ պատասխանատվությամբ կշարունակեմ աշխատանքս որպես Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար։

Արմեն Գրիգորյան