Սերբիայի «Ուսանողական ցուցակ» ընդդիմադիր դաշինքը, որը ձեւավորվել էր քվեարկությունից վեց շաբաթ առաջ, անսպասելիորեն հաղթանակ տարավ երկրի արտահերթ ընտրություններում: Քվեաթերթիկների գրեթե 100%-ի հաշվարկից հետո այն հավաքել է ձայների ավելի քան 52%-ը եւ կարող է ակնկալել 140 տեղ պառլամենտում՝ միապալատ խորհրդարանում, որն ունի 250 տեղ: Սա ընդդիմությանը հնարավորություն է տալիս ձեւավորել միակուսակցական կառավարություն:
Հրապարակ թերթը գրել է․ 2012 թվականից ի վեր երկրում իշխող Սերբիայի պրոգրեսիվ կուսակցությունը (ՍՊԿ) ստացել է ձայների 39%-ը, ինչը համարժեք է 103 տեղի: «Ուսանողական ցուցակի» ղեկավար Իլիա Սրդանովիչը տեղական «Վիջեստի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ընդդիմության հաղթանակից հետո ՍՊԿ-ն «նետվել է պատմության աղբանոց»: Այժմ, նրա խոսքով, նոր կառավարությունը կսկսի աշխատել Սերբիայի օգտին եւ լավ հարաբերություններ պահպանել ինչպես տարածաշրջանային հարեւանների, այնպես էլ ամբողջ միջազգային հանրության հետ: Սերբական քաղաքականություն մտնելուց առաջ Սրդանովիչն աշխատել է որպես սրտաբան եւ Նովի Սադի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր: Նա հրապարակավ աջակցել է 2024 թվականի նոյեմբերին քաղաքի կայարանի տանիքի փլուզման հետեւանքով բռնկված երիտասարդական հակակառավարական բողոքի ցույցերին, որի հետեւանքով զոհվել էր 16 մարդ:
«Ուսանողական ցուցակ»-ը հիմնականում բաղկացած էր համալսարանական պրոֆեսորներից, իրավաբաններից, մտավորականներից եւ ֆերմերներից։ «Ուսանողական ցուցակ»-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Յովո Բակիչը վստահեցրել է, որ նոր կառավարությունը չի կիրառի հակառուսական պատժամիջոցներ, քանի որ «սերբերը հարգում են Ռուսաստանին՝ որպես մեծ տերություն եւ Սերբիայի պատմականորեն կարեւոր գործընկեր»: Նա հավելել է, որ Բելգրադը կշարունակի էներգետիկ ռեսուրսներ գնել Ռուսաստանից՝ չնայած ԵՄ ճնշմանը։ Սերբիայի սոցիալիստական կուսակցությունը (ՍՍԿ), որն այդ երկրի ամենահին քաղաքական ուժն է, ստացել է ընտրողների 2%-ի աջակցությունը: Արդյունքում, հետսոցիալիստական Հարավսլավիայի առաջին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի կողմից հիմնադրված կուսակցությունը 1990 թվականից ի վեր առաջին անգամ չի կարողացել հաղթահարել 3%-ի շեմը: Յոթ տեղ էլ բաժին է հասել ազգային փոքրամասնություններին՝ հունգարացիների, ալբանացիների եւ բոսնիացիների ներկայացուցիչներին։
Ըստ ԿԸՀ-ի, խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 68.8%: Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է 1990-ականներից ի վեր։ Քվեարկությունից հետո «Ուսանողական ցուցակ»-ին շնորհավորել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նրանք նաեւ խոստացել են օգնել սերբական իշխանություններին՝ մի շարք բարեփոխումներ իրականացնելու հարցում։ Բացի այդ, Չեռնոգորիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի Սերբական Հանրապետության իշխանությունները հաջողություններ են մաղթել «Ուսանողական ցուցակ»-ին։
Կրեմլի արձագանքն էլ չի ուշացել․ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ նոր սերբական կառավարությունը կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ երկկողմ կապերը, նրա խոսքով, երկու կողմի շահերից են բխում։ Պեսկովը նաեւ նշել է նախկին նախագահ Վուչիչի ներդրումը ռուս-սերբական համագործակցության ամրապնդման գործում։ Ուկրաինայի եւ Չինաստանի իշխանությունները նույնպես հույս են հայտնել Բելգրադի հետ համագործակցության շարունակականության վերաբերյալ։
Նշենք, որ Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է իր գլխավորած կուսակցության պարտությունը հոկտեմբերի 25-ի երեկոյան՝ ընտրատեղամասերի փակվելուց մի քանի ժամ անց՝ առանց սպասելու պաշտոնական արդյունքների հրապարակմանը։ Մամուլի ասուլիսում նա ընդդիմության հաղթանակն անվանել է «հեղափոխության հաստատում», որը տարբեր եվրոպական երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հակադրվող «ամերիկյան խորքային պետության» միջամտության արդյունք էր։ Սերբիայի նախկին առաջնորդը ենթադրել է, որ նոր կառավարությունը հաջորդ գարնանը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, ինչպես կոչ է արել Եվրամիությունը (ԵՄ): Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը, ելույթ ունենալով տեղական N1 հեռուստաալիքով, ասել է, որ 14 տարի սպասել է Վուչիչի պարտությանը եւ կանխատեսել, որ ընտրություններից հետո ՍՊԿ-ն կքայքայվի, քանի որ կարծում է, որ այդ կուսակցությունը կախված է ընդամենը մի քանի մարդկանց կապիտալից: «Նրանք, ովքեր ամբողջ ընդդիմությանը եւ անկախ լրատվամիջոցներին անվանել են թափթփուկներ, սրիկաներ, իրենք են թափթփուկներ դարձել: Սա չի նշանակում, որ մեզ վրեժ է պետք, բայց մենք պետք է վերականգնենք կարգուկանոնը երկրում»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Սերբիայի օրինակը ցույց է տալիս, որ Հայաստանում էլ ընդդիմության առողջ հատվածը կարող է հրաշք կերտել, եթե ոչ՝ նույնքան կայծակնային արագությամբ, ապա գոնե՝ հանկարծակի եւ մտածված՝ հենվելով երիտասարդների առողջ մտածողության եւ գործուն քայլերի վրա։


Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են
Երեւի պատվիրատուն ընդդիմության փոփոխություն է պահանջել
Կրկին կփորձեն նոյեմբերի 6-ին. Լուսանկար