31/10/2026

EU – Armenia

Իրինա Յոլյանն իմ անունը չի նշել՝ ընդհանուր է ասել, բայց դիմելու եմ դատարան․ Լուսանկար

«Այս իշխանությունն ավելի շատ ագրեսիվ է դառնում, երբ իրենց կոռուպցիոն սխեմաների մասին սկսում են խոսել»,- երեկ ԱԺ նիստում ասել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը, ապա հավելել. «Առաջին հայացքից, երբ ուսումնասիրում ենք, ասֆալտապատման աշխատանքներ սիրող այս իշխանությունը շատ լավ գործ է անում՝ կառուցում է, վերակառուցում է, բայց երբ ուսումնասիրում ենք տողատակը, տեսնում ենք՝ ովքեր են կառուցում, ինչ միջոցներով են կառուցում, եւ ուր է գնում պետության փողը, եւ ինչու է աչքերը փակում այն ինստիտուտը, որը պետք է վերահսկի։ Ես մի փոքր ուսումնասիրել եմ՝ ինչքան համայնքների ՔՊ-ական ղեկավարներ կան, ընդ որում՝ կարկառուն, բացել են ընկերություններ եւ պետական բյուջեն մսխում են անորակ ասֆալտապատման աշխատանքներով։

Հրապարակ թերթը գրել է․ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր… բոլորը լծված են պետական բյուջեն մսխելուն: Եվ ի՞նչ է տեղի ունենում՝ ասֆալտն իրականացնում են, մի ամիս հետո քանդվում է։ Բավականին շատ հետաքննական նյութեր, հրապարակումներ, հոդվածներ կան, հարց է առաջանում՝ ինչո՞ւ որեւէ անգամ Քննչական կոմիտեն սերիալ չի նկարահանում, Հակակոռուպցիոն կոմիտեն մարտաֆիլմ չի նկարահանում։ Որովհետեւ բոլորը պորտալարով կապված են իշխանության հետ: Պատահական հասել եք իշխանության, կառավարման հնարավորություն եք ստացել, միլիոններ եք աշխատում։ Ու որին նայում ես, պալատ է կառուցում: Եթե հարցնես՝ ինչով ես կառուցում, նախկիններն էլ էին կառուցում, ասելու են՝ մենք ճաշակով ենք, մենք չենք թալանել: Բայց իրականությունն այն է, որ հերոս հարկատուն կաշվից դուրս է գալիս, կոպեկ առ կոպեկ հարկ է վճարում, որ կուսակցական ջոջերը տուն պահեն։ Ձեր իշխանության օրոք 100 միլիարդից ավել ձեր սրտի խոշոր հարկատուներին ազատել եք հարկերից, միլիարդներով, ցուցակը կարող եմ հրապարակել։ Ինչի՞ համար՝ որպեսզի ձեզ հետ փոխկապակցված բոլոր հիմնադրամներին մուծվեն»:

Պատգամավորի այս հայտարարությունն իրարանցում է առաջացրել ՔՊ-ի շրջանակներում։ Նախ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» տրամաբանությամբ կոչ արեցին ՔՊ-ական համայնքապետերին` Իրինա Յոլյանի դեմ դիմել դատարան, իբր զրպարտել, վարկաբեկել է նրանց, երբ ասել է, որ համայնքապետերը կոռուպցիայի մեջ թաղված են: Եվ ՔՊ-ական համայնքապետերը՝ Վաղարշապատի, Թալինի, մեկը մյուսից չնչին տարբերությամբ, մեկ կաբինետում գրված հայտարարություններ տարածեցին: Վարդենիսի ճամբարափոխ համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, օրինակ, գրել է. «Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Իրինա Յոլյանի հայտարարությունը, թե «բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարները բացել են ընկերություններ եւ մսխում են պետական բյուջեն՝ անորակ ասֆալտապատմամբ», անհիմն մեղադրանք է եւ չի համապատասխանում իրականությանը։ Սա ընդհանրացված հայտարարություն է, որն ուղղակիորեն առնչվում է նաեւ իմ անվանն ու պատվին։ Երկրի թիվ մեկ ամբիոնից հնչող խոսքը պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա։ Քաղաքական դիրքորոշումը կամ պատգամավորական մանդատը ենթադրում է բարձր պատասխանատվություն եւ իրավունք չի տալիս առանց ապացույցների վարկաբեկել մարդկանց։ Իմ բարի համբավն ու հեղինակությունը պաշտպանելու նպատակով դիմելու եմ դատարան՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել անհիմն մեղադրանքները եւ փոխհատուցել պատճառված վնասը` օրենքով սահմանված կարգով»:

Ահարոն Խաչատրյանին հարցրինք՝ եթե Իրինա Յոլյանը Ձեր անունը չի տվել, ի՞նչ հիմքով եք դիմելու դատարան։ «Իրինա Յոլյանն իմ անունը չի նշել, բայց ընդհանուր է ասել, որի մեջ ես էլ եմ մտնում, ես դրա համար եմ արձագանքել, ես գիտեմ, որ ինքը ոչ մեկի անունը չի տվել, ասել ա բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարին»: Բայց ո՞վ է լինելու հայցվորը, եթե Ձեր անունը չի տվել։ «Հիմա հարմար չի, 1 ժամից կզանգեմ՝ կխոսենք, մանկապարտեզի բացում ա»:
Թալինի եւ Սիսիանի համայնքապետերը հայտարարություն են տարածել, կարծես մրցավազքի մեջ են, թե ով վերադասի սրտով տեքստ կգրի եւ ով առաջինը դատի կտա «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Իրինա Յոլյանին: Պարզից էլ պարզ է, որ համայնքապետերին հրահանգված էր հանդես գալ նմանատիպ հայտարարություններով եւ հանրային գիտակցության մեջ համոզմունք ստեղծել, որ իրենք կոռումպացված չեն: Ի դեպ, սա նաեւ առիթ է, որ լրատվամիջոցները գտնեն, բացահայտեն եւ խոշորացույցի տակ պահեն բոլոր համայնքներում կառավարության կողմից ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը։ Պարզեն, թե որ համայնքներում որ ընկերություններն են ասֆալտապատման եւ այլ սուբվենցիոն աշխատանքներ իրականացնում, այդ ընկերություններն ում են պատկանում եւ այլն: Քանի որ այս հայտարարությանն առաջինը արձագանքել են Վարդենիսի, Սիսիանի եւ Թալինի համայնքապետերը, հենց նրանցից էլ կսկսենք:

«Հրապարակ»․ Իրինա Յոլյանն իմ անունը չի նշել՝ ընդհանուր է ասել, բայց դիմելու եմ դատարան