31/10/2026

EU – Armenia

Մոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն

Մոտ ապագայում նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Մոսկվայի և Բաքվի միջև. այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ադամ Հաքիմովը։

Հաքիմովի խոսքով՝ ճամփորդությունը շքեղ զբոսաշրջային նավով կտևի մոտ 14 օր՝ յոթ օր յուրաքանչյուր ուղղությամբ։

«Մենք նախատեսում ենք շուտով գործարկել Մոսկվա-Բաքու զբոսաշրջային նավարկություն։ Մեկ նավն արդեն պատրաստ է, ևս երկուսն էլ ճանապարհին են։ Եթե նախաձեռնությունը հաջողվի, հույս ունենք, որ այդ երկու լրացուցիչ նավերը նույնպես կուղևորվեն դեպի Բաքու»,- նշել է նա։

Առևտրային ներկայացուցիչը հավելել է, որ նախագիծն իրականացվում է պետական աջակցությամբ։ Մասնավորապես, զբոսաշրջային նավերի կառուցումը սուբսիդավորվում է, այդ թվում՝ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից տրամադրվող ֆինանսավորման միջոցով։