ՔՊ-ի «գլադիատոր» Նարեկ Բաբայանը, պարզվում է, հենց «բոյ տալու» համար է բերվել ԱԺ։ Բաբայանը «ռազբորկաներում» կոփված, «սեւ գոտի» ստացած տղա է, եւ նրա համբավի մասին ՔՊ-ում բոլորը գիտեն։
Հրապարակ թերթը գրել է․ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրան ի սկզբանե ասվել է, որ բոլոր նիստերի սկզբից մինչեւ վերջին պահն իր ֆիզիկական ներկայությունը պետք է ապահովի դահլիճում, որպեսզի նման դեպքերում՝ կռիվների ժամանակ, իր առաքելությունն իրականացնի, եւ այդ պահը չուշացավ։
Իսկապես` Բաբայանը երբեք չի խոսում, հարցեր չի տալիս, հայտարարություններ չի անում, բայց «պատվով» է կատարում իր առաքելությունը` մշտապես նստած է նիստերի դահլիճում։
ՔՊ խմբակցության մեջ կան «հատուկ նշանակության» պատգամավորներ, որոնց գործը օրենսդրությամբ զբաղվելը չէ, այլ իշխանությանը պետք եղած պահին հակասահմանադրական ու ապօրինի գործընթացներով զբաղվելը:
Օրինակ, անհրաժեշտ քանակի անուն ու ստորագրություն ապահովելը, ընդդիմադիրներին սադրելը, տեղն եկած տեղը՝ բռնանալն ու ծեծելը։ Եկեղեցու դեմ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության համար ՔՊ-ական 38 պատգամավոր էր ստորագրել, նրանցից մեկը՝ Նարեկ Բաբայանը, վերջին «մարտերում» աչքի ընկած նորաթուխ պատգամավորը:
Բացի ուժ գործադրելուց, ոչինչով աչքի չընկնող այս պատգամավորի մասին Չարենցավանում բավականին ուշագրավ բաներ են պատմում: Օրինակ, զարմանում են, թե ինչու չի այս ֆիզիկապես ուժեղ անձնավորությունը բանակում ծառայել: Բայց մենք չենք ներկայացնի բոլոր այն պատմությունները, որոնք շրջանառվում են այս «գլադիատորի» մասին, այլ միայն փաստերն կհրապարակենք, որոնք գտանք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում:
Պարզվում է, երիտասարդ Նարեկ Բաբայանը հասցրել է արդեն ամուսնանալ, ամուսնալուծվել եւ երեխայի հետ կապված դատական վեճ է ունեցել նախկին կնոջ հետ: Էթիկայի կանոներից ելնելով որոշ փաստեր չենք հրապարակի, սակայն նշենք, որ կինը՝ Ա. Գեղամյանն արգելել է Նարեկ Բաբայանին տեսակցել 5-ամյա դստեր հետ:
Այդ հարցում, ըստ ամենայնի, խնամակալության մարմինները մոր կողմում են եղել եւ հայրը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` ընդդեմ պատասխանող, իրավասու մարմնի՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի և Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ պահանջելով, որ դստեր հետ տեսակցություն սահմանեն` յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրը՝ ժամը 10:00-ից մինչև կիրակի 12:00-ն ներառյալ, հայցվորի բնակության վայրում, առանց պատասխանողի ներկայության:
Դատարանն արձանագրել է, որ կողմերը տևական ժամանակ է չեն վարում համատեղ կենցաղ, սպառվել են ընտանիքը վերականգնելու հնարավորությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել գրանցել ամուսնալուծությունը, սակայն այս հարցում առկա չէ կողմերի համաձայնությունը՝ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծության վերաբերյալ: Սակայն Դատարանը բավարարել է հայցը՝ սահմանել Նարեկ Աբրահամի Բաբայանի և 12.04.2021թ. ծնված Ա. Բաբայանի միջև տեսակցություն հետևյալ կարգով. Յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրը՝ ժամը 10:00-ից մինչև կիրակի 12:00-ն ներառյալ:
Երեխային մոր բնակության վայրից վերցնելու և մոր բնակության վայր վերադարձնելու պարտականությունը դնելով Նարեկ Բաբայանի վրա: Դատարանը նաեւ արգելել է մորն` իրականացնել անչափահաս Ա. Բաբայանի ելքը Հայաստանի Հանրապետությունից առանց հոր՝ Նարեկ Բաբայանի թույլտվության:


Բաց մի թողեք
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում