04/11/2026

EU – Armenia

Ինչու են ՔՊ-ականները հանկարծ որոշել հայերենը պաշտպանել

Օրերս իշխանական էլիտան, ի դեմս ԱԺ նախագահի, հայրենասիրական էքստազի մեջ՝ մեզ հրամցրեց «ազգային ինքնության փրկության» հերթական սերիան:

Հրապարակ թերթը գրել է․ Ռուբեն Ռուբինյանը «լայվ» մտավ ու հայտարարեց, որ նոր սահմանադրությամբ հայերենը որպես ՀՀ միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի: «Ի տարբերություն գործող Սահմանադրությամբ սահմանված կարգի՝ այլեւս անհնար կդառնա այդ հոդվածը փոփոխել, փոխել պետական լեզուն կամ ավելացնել պետական լեզուներ։ Այսպիսով, մենք կպաշտպանենք մեր ազգային ինքնության գլխավոր հենասյունը՝ մեր լեզուն։

Հայաստանի Հանրապետությունն ունենալու է մեկ պետական լեզու՝ հայերենը, եւ ամեն ինչ անելու ենք, որ ընդդիմությունը չխոչընդոտի այս փոփոխության ընդունումը»,- ասաց նա այնպիսի պաթոսով, որ մարդու աչքերը լցվեցին: Անփոփոխ դարձնենք, որ հանկարծ ապագայում ոչ մեկի մտքով չանցնի երկրորդ պետական լեզու ներմուծել: Օրինակ՝ եթե վաղը «Տաշիրի» թիմը գա իշխանության ու որոշի ռուսերենը դարձնել պետական լեզու, չկարողանա, որովհետեւ լեզվի մասին հոդվածն «անփոփոխելի» է:

Հիշեցնեմ, որ գործող սահմանադրությամբ էլ է հայերենը պետական լեզու։ Տղաներն ընդամենը տեղն են փոխում՝ հոդվածը տեղափոխելով անփոփոխելի դրույթների շարքը, ու մատուցում են որպես դարակազմիկ նվաճում։ Բայց ո՞վ կզարմանա՝ իմանալով հայերենի փրկիչների լեզվի ճկունությունը, եթե մի օր էլ նրանք հայտարարեն, թե տարածաշրջանային խաղաղության խաչմերուկում ադրբեջաներենն է դառնում պետական լեզու:

Անկախության հռչակագիրը եւս փոփոխելի հոդված չէ, բա ո՞նց են դա ուզում փոխել: Սահմանադրագետ, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը պատասխանում է. «Այո, Անկախության հռչակագիրը եւս փոփոխելի հոդված չէ: ՍԴ երկու որոշումներ կան: Մեկը՝ որ նախաբանը հանդիսանում է սահմանադրության մաս եւ համապատասխանաբար պետք է հաշվի առնվի որպես բովանդակային կտոր։ Եվ երկրորդը՝ որ այն անփոփոխելիների մեջ է եւ ենթակա չէ փոփոխման:

Դա փորձում են փոխել կիսաիրավաբանական, կիսախորամանկային ձեւերով, չեմ ուզում ասել՝ շուստրի: Ասում են՝ եթե մենք նոր սահմանադրություն ընդունենք, ամեն ինչ կարող ենք փոխել: Հիմա եթե իրենք դա են ասում, ապա իրենց այս մյուս պնդումով՝ որ նոր սահմանադրություն ընդունելով կարող են ամեն ինչ փոխել, իրենք իրենց հակասում են: Ես դրա հետ համաձայն չեմ, բայց ենթադրենք՝ դա էդպես է: Դա նշանակում է, որ անփոփոխելիների մեջ բան ավելացնելը ոչինչ չի փոխում, որովհետեւ միշտ էլ կարող ես նոր սահմանադրություն ընդունել»։ Արամ Օրբելյանը շեշտում է, որ դրա համար որեւէ իրավական ճանապարհ չի տեսնում:

Ըստ մեր զրուցակցի՝ լեզուն թղթի վրա կամ սահմանադրության մեջ անփոփոխելի հայտարարելով չէ, որ պաշտպանվում է։

Որպեսզի հայերենը որպես պետական լեզու մնա անփոփոխ ու միակ պետական լեզուն, ըստ սահմանադրագետի, պետք է հայերենը զարգացնել գիտության ու կրթության մեջ կիրառելով։ «Բայց մեր լեզվի «փրկության» մասին խոսում են մարդիկ, որոնց կառավարման օրոք նույնիսկ հայագիտական հոդված չես կարող գրել ու հրապարակել հայերենով»: Հիշեցնենք․ Բարձրագույն որակավորման իշխանական նոր չափանիշներով՝ գիտնականներից պահանջվում է հոդվածներ տպագրել միջազգային, հիմնականում` անգլալեզու Scopus կամ Web of Science համակարգերում, որպեսզի դրանք քաշ ունենան։ Արդյունքում՝ հայերենով գրված գիտական, այդ թվում՝ հայագիտական աշխատանքները մղվում են հետին պլան, արժեզրկվում են եւ ֆինանսավորում չեն ստանում։ Մեկ այլ փաստ էլ․ բարձրագույն կրթության մասին օրինագծերով՝ բուհերում հայոց լեզվի եւ հայոց պատմության պարտադիր ուսուցումը հանվեց՝ թողնելով այդ հարցը բուհերի հայեցողությանը։

«Այսինքն, մի կողմից ասում ենք` դիվիդենտ ստանալով, որ հայերենի մասին հոդվածը դարձնում են անփոփոխելի, մյուս կողմից փոփոխություն ենք ընդունում, որի արդյունքում հայոց լեզուն երկրորդական դեր է ստանում: Էլ չեմ ասում պետական գրագրության մեջ տեղի ունեցող՝ հաճախակի դարձած անճշտությունների մասին»,- ասում է Արամ Օրբելյանը:

Այդ դեպքում ինչո՞ւ են հայերենի մասին Սահմանադրության հոդվածից խոսում:
Արամ Օրբելյանը կարծում է, որ հայերենի մասին հոդվածն անփոփոխելի դարձնելու այս գաղափարով «արհեստական օրակարգեր ենք մտնում»: «Մարդիկ կային, որոնք քննարկում էին, թե Հայաստանում կարող ենք ռուսերենը կամ անգլերենը եւս դարձնել պաշտոնական լեզու: Սրա դեմն առնելու տրամաբանության մեջ է այդ առաջարկը: Բայց դրա համար կա շատ հեշտ տարբերակ՝ ԱԺ-ում շրջանառել մի հոդված, որով անփոփոխելիների շարքին ավելացնել նաեւ այն հոդվածը, որը վերաբերում է անփոփոխելիների շարքին: ԱԺ-ն դա կարող է ընդունել, եւ դրա համար պետք չէ սահմանադրություն փոխել»:

Ի դեպ, խորհրդարանի բարձր ամբիոններից լեզվի անձեռնմխելիության կենացներին զուգահեռ, իշխանությունն այլ գործողություն է նախաձեռնել, որն ուղիղ հակասում է այդ կենացների բովանդակությանը: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 34 անդամից 29-ը հոկտեմբերի 16-ին արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել՝ ՀՖՖ կանոնադրության փոփոխության նպատակով: Առաջարկվում է կանոնադրության 31-րդ հոդվածից հանել գործադիր կոմիտեի անդամի եւ ղեկավարի թեկնածուի համար սահմանված երկու կարեւորագույն պահանջ՝ վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու եւ հայերենին տիրապետելու պահանջը։

Ակնհայտ է, որ փոփոխությունը պայմանավորված է Դենիս Ջորկաեֆին ՀՖՖ նախագահ դարձնելու մղումով: ՀՖՖ նախագահի ընտրությունները սպասվում են դեկտեմբերին, գրել էինք, որ իշխանությունը շատ է ուզում այդ պաշտոնում տեսնել ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆին՝ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբորը, որը հայերենին չի տիրապետում եւ ՀՀ-ում չի բնակվում։ Եվ հանուն սրա, որոշել են օրենսդրական պահանջը պարզապես կամայականորեն ջնջել։ Ստացվում է, որ հայերենը լայվերում հայրենասիրական ճառեր ասելու համար է, իսկ իրական կյանքում ու փողոտ տեղերում կարելի է նաեւ առանց լեզվի յոլա գնալ՝ մոռանալով, որ այն ազգային ինքնության «հավերժական հենասյունն» է: