ՀՀ արդարադատության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում՝ ՌԴ ամենադաժան բանտերից մեկում հայտնված 25-ամյա քաղաքացուն ՀՀ տեղափոխելու, նրա առողջությունը պաշտպանելու ուղղությամբ։
«Չանտեսված քաղաքացու» հայեցակարգը ենթադրում է, որ ոչ ոք չպետք է մեկուսացված լինի կամ դուրս մնա պետական հոգածությունից։ ՌԴ-ում ազատազրկված 25-ամյա ՀՀ քաղաքացու հարազատները հայտնվել են պետական համակարգի խուլ պատի առաջ։ ՀՀ իշխանությունները չեն ուզում պաշտպանել ՀՀ քաղաքացուն։
Կեղծ մեղադրանք եւ անարդյունք պայքար օտար ատյաններում
Երիտասարդը, որը չունի որեւէ քրեական անցյալ եւ երբեւէ չի զբաղվել քաղաքականությամբ, ըստ հարազատների՝ դարձել է շինծու մեղադրանքի եւ ձեւական դատավարության զոհ։ ՌԴ դատական համակարգի բոլոր ատյաններում վճիռը բեկանելու կամ փոփոխելու փորձերն ապարդյուն են անցել, քանի որ գործի հենց սկզբնական հիմքերն են եղել կանխակալ եւ ուղղորդված։ ՀՀ քաղաքացուն դատապարտել են 10 տարվա ազատազրկման, որից 3 տարին նա արդեն կրել է օտարության մեջ։ Այս պայմաններում ընտանիքի միակ հույսը մնացել էր հայրենի պետությունը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, որն ունի իրավական գործիքակազմ եւ լիազորություններ՝ միջնորդելու քաղաքացուն հայրենիք տեղափոխելու եւ պատժի հետագա կրումը Հայաստանում կազմակերպելու համար։
Տոտալ «բեսպրեդել» Վլադիմիրի բանտում
Իրավիճակն առավել քան օրհասական է, քանի որ 25-ամյա երիտասարդը պատիժ է կրում ՌԴ Վլադիմիրի մարզի հանրահայտ «ԻԿ-6 Մելեխովո» (ИК-6 Мелехово) խիստ ռեժիմի գաղութում։ Սա պատմականորեն մռայլ եւ դաժան համբավ ունեցող մի վայր է։ Վլադիմիրի բանտային համակարգում է ժամանակին ապօրինի պահվել Գարեգին Նժդեհը։ Սա նույն Մելեխովո գաղութն է, որտեղ ճնշումների ենթարկվեց եւ խորհրդավոր պայմաններում սպանվեց ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։
Այս գաղութ են ուղարկում նրանց, որոնց ցանկանում են կոտրել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Անցած 3 տարիների ընթացքում հայ երիտասարդը բազմաթիվ անգամներ ենթարկվել է դաժան բռնությունների եւ խոշտանգումների ՔԿՀ աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում ձեռք է բերել առողջական լուրջ խնդիրներ։ Այս ամենին գումարվում է նաեւ այն, որ երիտասարդը տառապում է պարբերական հիվանդությամբ (Երեւանյան հիվանդություն)։ Հիվանդություն, որը պահանջում է մշտական բժշկական հսկողություն եւ հատուկ դեղորայքային բուժում։ Շարունակական ծեծը, սթրեսները եւ անմարդկային պայմանները նույնիսկ առողջ մարդկանց համար կարող են ողբերգական ավարտ ունենալ։
Ընտանեկան ողբերգություն
Այս պատմության մեջ ընտանիքն արդեն տվել է անդառնալի կորուստ։ Տղայի հորը, որդուն բանտից ազատելու կեղծ հույսեր ու խոստումներ են տվել եւ ուղարկել ռազմական գործողությունների գոտի, որտեղ նա զոհվել է։ Այժմ երիտասարդի խնամակալը մայրն է, որը բնակվում է Երեւանում։ Տարիքի, աշխատանքի եւ առողջական լուրջ խնդիրների պատճառով կինն ի վիճակի չէ մեկնել Ռուսաստան՝ որդուն տեսակցելու։ Այս իրավիճակը, երբ մայրն ու որդին զրկված են միմյանց տեսնելու հնարավորությունից, երկուսի վրա էլ թողնում է ծանրագույն հոգեբանական ազդեցություն՝ էլ ավելի խորացնելով նրանց տառապանքները։
Իրավապահների մերժումները եւ պետական մարմինների լռությունը
Մեկ տարի առաջ ընտանիքը պաշտոնական դիմում էր ներկայացրել նախարարություն՝ ակնկալելով օպերատիվ արձագանք։ Սակայն առաջին դիմումը մերժվեց ապշեցուցիչ ձեւակերպմամբ. որպես պատճառ նշվեց այն, որ ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բացասական կարծիք են հայտնել տեղափոխման վերաբերյալ։ Թե ինչու է քրեական անցյալ չունեցող, քաղաքականությամբ չզբաղվող 25-ամյա հիվանդ երիտասարդի տեղափոխումը հայրենիք բացասական դիրքորոշման արժանացել սեփական երկրի ուժային կառույցների կողմից, մնում է հանելուկ։ Ավելին, երբ տղայի հարազատները գրավոր դիմել են վերոնշյալ մարմիններին՝ պահանջելով պարզաբանել բացասական կարծիքի պատճառները, այդ կառույցները ոչ մի արձագանք չեն տվել եւ հրաժարվել են որեւէ բացատրություն տրամադրելուց։ Պաշտոնական մարմինների նման վարքագիծն ինքնին անհեթեթ է, անհասկանալի եւ կոպտորեն սահմանափակում ու ոտնահարում է ՀՀ քաղաքացու իրավունքները։ Այս տարի, երբ լրացավ սահմանված ժամկետը, ընտանիքը կրկին դիմեց նախարարություն՝ հույս ունենալով, որ գործընթացն այս անգամ առաջ կշարժվի, քանի որ խոսքը հիվանդ ու խոշտանգված ՀՀ քաղաքացու առողջությունը պաշտպանելու մասին է։ Բայց արդեն մի քանի ամիս է անցել, իսկ արդարադատության նախարարությունից պատասխան չկա։
Բացահայտ անտարբերություն
Ստեղծված իրավիճակը ցավալիորեն ի ցույց է դնում գործող իշխանությունների որդեգրած քաղաքական կարգախոսների եւ իրականության հակասությունը։ Բարձր ամբիոններից հպարտորեն խոսվում է մարդու իրավունքների գերակայության, ժողովրդավարական ձեռքբերումների եւ այն մասին, որ Հայաստանում «չկան անտեսված քաղաքացիներ»։ Սակայն գործնականում տեսնում ենք բացահայտ անգործություն, երբ համակարգը պարզապես երես է թեքում իր քաղաքացուց՝ ամենադժվար պահին։ Ի վերջո՝ եթե երկրում իրապես գործում են ժողովրդավարական արժեքները, ապա ինչպե՞ս է ստացվում, որ ուժային կառույցները կարող են անհիմն ու գաղտնի մերժումներով տնօրինել մարդկային կյանքեր, իսկ արդարադատության նախարարությունը՝ «լռության ռեժիմ» միացնելով, անտեսել առողջական լուրջ խնդիր ունեցող ՀՀ քաղաքացուն եւ չպատասխանել նրա հարազատի դիմումին։
Արեգ Մարգարյան


Բաց մի թողեք
ՌԴ դեսպանը՝ Հայաստանի հետ բարդ հարաբերությունների մասին
Գուցե մտածելու ժամանակն է, ով գիտե
Սակայն կարող էր Սրբուհի Գալյանը չօգտագործել նման բառապաշար, եթե …