Սպիտակ համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին սպասվում են ավագանու ընտրություններ, որին մասնակցելու համար առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարոյական արժեքներ» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։
Անկախ Դիտորդ դաշինքը իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, որը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը, իր պաշտոնական լիազորություններն օգտագործում է մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով։
Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, 8 բնակավայրերի վարչական ղեկավարներ (Հարթագյուղ, Քարաձոր, Արևաշող, Մեծ Պարնի, Լեռնանցք, Գոգարան, Խնկոյան, Սարալանջ) և համայնքապետարանի 6 աշխատակից։ «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել են համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը և 6 բնակավայրի վարչական ղեկավար (Կաթնաջուր, Սարամեջ, Շենավան, Լուսաղբյուր, Սարահարթ, Արջահովիտ):
Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հոկտեմբերի 29-ի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատել է համայնքի ղեկավարի տեղակալ, «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու, Հովիկ Հրաչի Հովհաննիսյանին։ Ընդ որում՝ Հովիկ Հովհաննիսյանը գտնվել է արձակուրդում, ինչը աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելք է։ Այս որոշման մեջ որևէ պատճառաբանություն նշված չէ և պահպանված չեն ծանուցման ժամկետները։
Ավագանու թեկնածուների գրանցման օրը՝ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին, համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը որոշում է կայացրել զբաղեցած պաշտոնից ազատել նաև «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներ Կաթնաջուր բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանին, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանին և Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Փիլոյանին։ Այս որոշումները նույնպես չեն պարունակում փաստական հիմավորումներ։
Բացի այդ՝ Քաջայր Նիկողոսյանը 2026 թվականի հոկտեմբերի 30-ին գրություն է ուղարկել համայնքի վարչական ղեկավարներին առ այն, որ նրանք ձեռնպահ մնան արձակուրդներից առաջիկա մեկ ամսում՝ աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու անխափան ընթացքն ապահովելու նպատակով։
ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ և 137-րդ հոդվածների համաձայն՝ ընտրություններին մասնակցող թեկնածուներն ունեն նախընտրական քարոզչություն իրականացնելու և հավասար պայմաններից օգտվելու իրավունք: Վարչական ղեկավար հանդիսացող թեկնածուներին արձակուրդ չտրամադրելը կամ արձակուրդից ձեռնպահ մնալ պարտադրելն ըստ էության զրկում է նրանց քարոզարշավին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածը երաշխավորում է ընտրական իրավունքների իրացման նպատակով նպատակային արձակուրդի իրավունքը։
ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8-րդ հոդվածով արգելվում է ծառայողական պարտականությունների և պաշտոնեական դիրքի օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու կամ մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ ստեղծելու նպատակով:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27.1-ին և 32-րդ հոդվածների համաձայն՝ պաշտոնատար անձանց արգելվում է իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել կուսակցությունների համար փաստացի առավելություններ ապահովելու կամ մրցակիցներին խոչընդոտելու համար:
Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը սահմանում է որպես պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։
Անկախ դիտորդի գնահատմամբ՝ Քաջայր Նիկողոսյանը պաշտոնից ազատելու և արձակուրդ չտրամադրելու իր լիազորությունները օգտագործում է մրցակից կուսակցության թեկնածուների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով՝ ի շահ իրեն օգտագործելով վարչական ռեսուրսները։


Բաց մի թողեք
Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան
Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան
Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը. Լուսանկար