05/11/2026

EU – Armenia

Պարզվել է Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի հետևանքով տուժածների ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Պարզվել է, որ ռուսական համարանիշներով կցորդիչով «Կամազ» բեռնատարը վարել է Երևանի բնակիչ 41-ամյա Յուրի Դավթյանը, «Opel Zafira»-ն վարել է Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 56-ամյա Մուշեղ Գևորգյանը, «Chevrolet Volt»-ը վարել է Ապարանի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Եղիազարյանը, իսկ «Jeep Compass»-ը վարել է Արագած խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ 49-ամյա Վահրամ Ասատրյանը։

Վթարի հետևանքով Վ. Ասատրյանը, Երևանի բնակիչներ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանը, Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ 48-ամյա Հմայակ Գաբրիելյանը, Տաշիր քաղաքի բնակիչ 26-ամյա Նարինե Բարսեղյանը, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Էրիկ Մխոյանը և Էջմիածին քաղաքի բնակիչ 14-ամյա Անգելինա Դ.-ն տեղում մահացել են։

Պարզվել է նաև, որ մահացած Վ․ Ասատրյանի վարած «Jeep Compass»-ի ուղևորները հանդիսացել են Գյումրի քաղաքի բնակիչ 49-ամյա Անժելա Կյուրեղյանն ու 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը, վերջինները նույնպես մահացել են։

Իսկ վթարի հետևանքով «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել բեռնատարի վարորդ Յ․ Դավթյանը, իսկ Ռ․ Եղիազարյանն ու նրա ուղևոր Ապարանի բնակիչ 34-ամյա Գեղամ Տոնոյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Նոյեմբերի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, բախվել էին «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետևանքով 9 հոգի տեղում մահացել էին , 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Բախման հետևանքով բեռնատարն ու «Opel Zafira»-ն դուրս էին եկել երթևեկելի գոտուց, կոտրել մի քանի ծառեր և հայտնվել բնակչի հողամասում։ Բեռնատարը գլխիվայր շրջվել էր, և այն բարձված էր եղել եգիպտացորենով։