05/11/2026

EU – Armenia

Փաշինյանի դատաստանում երեխային կիսում են, իսկ հաշիվը ներկայացնում ժողովրդին

Մի փոքրիկ աստվածաշնչյան պատմություն եմ մեջբերելու, որը դարձել է արդարադատության և իմաստության համաշխարհային խորհրդանիշ։ Առակը կոչվում է «Սողոմոնի դատաստան»։ Այստեղ դատավորի դերում հանդես է գալիս Իսրայելի Սողոմոն թագավորը, ում Աստված օժտել էր բացառիկ իմաստությամբ։

Կարծում եմ՝ պատմությունը բոլորդ գիտեք, ուստի կներկայացնեմ միայն վերջաբանը՝ թե ինչպես էր Սողոմոնը որոշում, թե ով է երեխայի իսկական մայրը։

Նա հրամայում է սուր բերել և երեխային մեջտեղից կիսել, որպեսզի կեսը տան մեկին, մյուս կեսը՝ մյուսին։ Կեղծ մայրը համաձայնում է այդ որոշմանը՝ ասելով. «Թող ոչ ինձ հասնի, ոչ էլ քեզ. կիսե՛ք»։

Իսկական մայրը, սարսափած երեխայի մահվան մտքից, լաց լինելով աղաչում է թագավորին. «Խնդրում եմ, տե՛ր իմ, տվե՛ք նրան այդ կենդանի երեխային, միայն թե մի՛ սպանեք նրան»։

Սողոմոնն անմիջապես հասկանում է ճշմարտությունը։ Նա հրամայում է երեխային հանձնել այն կնոջը, ով պատրաստ էր հրաժարվել իր որդուց, միայն թե փրկեր նրա կյանքը։ Որովհետև հենց դա է մայրական իսկական, անձնազոհ սերը։

Փաշինյանին էլ, փաստորեն, Սողոմոնի նման մի դատավոր է պետք։ Միայն թե այստեղ խնդիրը երեխայի իսկական մորը գտնելը չէ, այլ հասկանալը, թե ում է իրականում պատկանում այդ «երեխան»՝ պետական ունեցվածքը, հանրային փողը, ազգային հարստությունը։

«Մուլտի Տաբակ» ընկերությունում պահվող շուրջ 3,7 միլիարդ դրամի ապրանք փչանում է։ Բայց ի՞նչ հոգ։ Երեխան իրենը չէ։ Ինքը դրա տերը չէ, դրա կորստի համար պատասխանատու չէ, իսկ հետագայում հնարավոր տուգանքներն ու վնասները վճարելու է ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանի պետությունը՝ այսինքն՝ մենք բոլորս։ Փաստաբանի խոսքով՝ պատճառված վնասներն արձանագրվել են նաև տեսանյութերով։

Ու մինչ միլիարդների ապրանք է փչանում, Փաշինյանը մոլորված հանրությանը ներկայացնում է, թե միլիոններ է վերադարձնում, ու հերոսի կեցվածք ընդունում։ Այսինքն՝ մի կողմից միլիարդների վնաս է պատճառվում, մյուս կողմից՝ միլիոնների վերադարձը մատուցվում որպես պետական կառավարման մեծագույն նվաճում։

Նույն տրամաբանությունն է նաև ՀԷՑ-ի պարագայում։ Փաշինյանն ասում է, թե Սամվել Կարապետյանն ու ուրիշները կերել են ՀԷՑ-ի փողերը։ Բայց մի հարց կա՝ իսկ ո՞ւմն է այդ «երեխան»։ ՀԷՑ-ն իրե՞նն է, պետությա՞նն է, թե՞ այն միլիոնավոր սպառողներինը, որոնք տարիներ շարունակ վճարել են էլեկտրաէներգիայի դիմաց։

Սողոմոնի դատաստանի ժամանակ իսկական մայրը պատրաստ էր հրաժարվել երեխայից, միայն թե նա ողջ մնար։ Իսկ այստեղ, կարծես, պատրաստ են երեխային կիսել, միայն թե մյուսին էլ ոչինչ չհասնի։ Միայն թե այս պատմության մեջ երեխան անշունչ գույք չէ, այլ երկրի ունեցվածքն ու հանրային շահը, իսկ նրա վերքերը վճարելու ենք բոլորս։

Սողոմոնը մի պարզ ճշմարտություն էր բացահայտում՝ ով է իսկապես սիրում երեխային և ով է պատրաստ զոհաբերել նրան։ Իսկ մեր պարագայում հարցը նույնիսկ ավելի պարզ է՝ ո՞վ է մտածում Հայաստանի մասին, ո՞ւմ սիրտն է ցավում նրա կորուստների համար, և ո՞վ է պատրաստ երկիրը կիսել, միայն թե ինքն իր բաժինը ստանա։

Սողոմոնը երեխային փրկեց՝ գտնելով իսկական մորը։ Իսկ Փաշինյանի դատաստանում երեխային կիսում են, իսկ հաշիվը ներկայացնում ժողովրդին։ Եվ ոչ մի դատավոր չի հարցնում՝ իսկ ու՞մն է երեխան․․․