Մոսկվան իր ռազմական պլանավորման մեջ հաշվի կառնի Ֆինլանդիայի հանձնառությունը Ֆրանսիայի հետ միջուկային համագործակցության հարցում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք կցանկանայինք կրկին ընդգծել, որ Ֆինլանդիայի՝ ֆրանսիական արկածախնդրությանը մասնակցելու որոշումը դիտարկում ենք որպես Ֆինլանդիայի ներկայիս իշխանությունների անպատասխանատու և անխոհեմ քաղաքականության օրինակ, որը, մեր կարծիքով, վնասում է այդ երկրի ազգային անվտանգության շահերին և լավ նշան չէ տարածաշրջանի համար», – ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Հելսինկին «արագ ռազմականացվում է, համապարփակ կերպով մեծացնում է իր ռազմական ներուժը, նույնիսկ մինչև այն աստիճան, որ ստեղծում է նախապայմաններ իր սեփական տարածքում զանգվածային ոչնչացման օտարերկրյա զենքի տեղակայման համար»։
«Բնականաբար, նման ագրեսիվ և թշնամական դիրքորոշումը չի կարող չմտահոգել մեզ։ Մենք կքննարկենք դրա ստեղծած ռիսկերը, այդ թվում՝ մեր ռազմաքաղաքական պլանավորման մեջ։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել ցանկացած անբարյացակամ գործողության, այդ թվում՝ ձեր նշած ֆրանսիական նախաձեռնության շրջանակներում, և համապատասխանաբար կարձագանքենք՝ կախված իրականացվող կոնկրետ միջոցառումներից», – ընդգծել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի է ունեցել ֆրանս-ֆիննական միջուկային պլանավորման խմբի առաջին հանդիպումը, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, կողմերը քննարկել են ռազմավարական մերձեցման ամրապնդման միջոցառումները։


Բաց մի թողեք
ԵՄ-ն պառակտվում է՝ վիճելով, թե ով պետք է բանակցի Պուտինի հետ
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Ի՞նչ ենք արդյունքում ուզում մենք՝ ընտրողներս՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն