Հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումներից հետո Նիկոլ Փաշինյանը ամռանը ջերմոցատերերին «աչքալուսանք» էր տալիս, թե ծաղիկների եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն դուրս են եկել եւ Հայաստանից դեպի ԵՄ շուկաներ ուղեւորվել, անգամ ծաղկի թագավորություն Հոլանդիան է անհամբեր սպասում հայկական ծաղիկին:
Էկոնոմիկայի նախարար Պապոյանն էլ հայտարարում էր, որ կառավարությունը կսուբսիդավորի ջերմոցների` լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղիկների արտահանումը։ Կառավարության նիստում որոշվեց փոխհատուցել ԵՄ արտահանվող միրգ- բանջարեղենի, ծաղիկների, բրենդիի (կոնյակի) արժեքը` մեկ միավոր ապրանքի դիմաց: Հետո տեղեկացանք, որ վարկերի, գազի, հոսանքի վարձավճարների մուծումն են սառեցրել, որ բողոքի ալիք չբարձրանա: Եվ այլեւս ոչ ոք չի խոսում ո՛չ արտահանման, ո՛չ ռուսական սանկցիաների չեղարկման մասին: Կարծիք կա, որ գյուղմթերքի արտադրությունից ու արտահանումից բյուջե մեծ գումարներ չէին մտնում, դա է պատճառը, որ կառավարությունը շահագրգիռ չէ այս հարցում:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը, որը մասնագիտացած է գյուղոլորտում, Հրապարակ թերթին ասել է. «Գյուղմթերքը չի հարկվում միայն գյուղացուց` աճեցրած մթերքի մասով, մնացած բոլոր ասպարեզներում հարկվում են: Օրինակ` արտահանողը երբ գյուղացուց գնում է ապրանք եւ արտահանում է որեւիցե երկիր, վճարում է շահութահարկ, այլ անուղղակի հարկեր: Իսկ առաջին օղակը` գյուղացին, այնպիսի արժեք է ստեղծում եւ այնպիսի մասշտաբների պարենային անվտանգություն է ստեղծում երկրի համար, որ իր չվճարած հարկերը դառնում են անէական, պետությունը չպետք է հարկեր չվճարելու հանգամանքը դրոշակ դարձնի՝ գյուղացուն չօգնելու համար: Երկրի թիվ մեկ պարենային անվտանգություն ապահովողը գյուղացին է»: Իսկ արտահանողները որքա՞ն հարկ են վճարում։ «Ենթադրենք՝ տարեկան արտահանվում էր 1 միլիարդ 200 միլիոն դոլարի ապրանք, եթե հարկը հաշվենք 3 տոկոսով, ապա 40-50 միլիոն հարկ պետությանը վճարվում է: Դրան գումարվում է ավելացված արժեքի հարկը»: Իսկ ինչքա՞ն է այժմ վճարվող կոմպենսացիան։ «Նախ ասեմ, որ եթե գումար չտային, ապա գյուղացին լուրջ խնդիրների առաջ էր կանգնելու: Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա նայած թե խոսքն ինչ արտադրանքի մասին է: Օրինակ` մեկ կգ լոլիկի համար 250-300 դրամ սուբսիդիա է տրվում, կեռասի պարագայում` 300-400 դրամ եւ այլն»: Կարծիք կա, որ հայ գյուղացու վիճակն այնքան վատ չէ, դա երեւում է նրանից, որ բողոքի ակցիաներ չեն անում, ասենք` չիրացրած գյուղմթերքը կառավարության շենքի առաջ չեն թափում։ «Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելու մղում: Մեզանում նման ակցիաներ չեն լինում, օրինակ` Եվրոպայում շատ են լինում: Պատճառներից հիմնականն այն է, որ համապատասխան ոլորտներում մենք չունենք հասարակական կազմակերպություններ եւ նմանատիպ կառույցներ»:


Բաց մի թողեք
Աբովյանում քաղաքապետի թեկնածու Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան
Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը
Ձախողում` բոլոր ոլորտներում