Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում գործադիրը հաստատեց 63-72 տարեկանների «բիզնես աջակցության» ծրագիրը: Փաշինյանը դեռ անցած տարվանից էր հող նախապատրաստում կենսաթոշակի տարիքային շեմը բարձրացնելու համար: Նա ԱԺ-ում 2026-ի բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում հայտարարել էր, որ 63-ը թոշակի տարիք չէ։
Հրապարակ թերթը գրել է․ «Իսկ կարո՞ղ է 63-ը փոքր եւ միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետեւ ո՞վ ունի կյանքի եւ աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Ես արդեն հանձնարարական եմ տվել, որ 63 եւ ավելի տարիքի անձանց տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք։ Որովհետեւ, հարգելի գործընկերներ, 21-րդ դարում 63-ն ի՞նչ տարիք ա, 65-ն ի՞նչ տարիք ա, 70-ն ի՞նչ տարիք ա, 75-ն ի՞նչ տարիք ա»,- ասում էր նա, եւ, ահա՝ հանձնարարությունը մեկ տարի անց տեղ է հասել: Իսկ նպատակը բյուջեի ծախսը կրճատելն է, խնայողություններ անելը:
Կառավարությունն առաջարկում է 63-72 տարեկաններին նախ բիզնես հմտություններ հաղորդել, բիզնես պլան մշակել, ապա նպատակային ֆինանսավորում տրամադրել նրանց՝ մինչեւ 2 մլն դրամի: «Ունենալով կրթական մասով հավաստագիր եւ սեփական գործարար ծրագիր՝ կդիմեն տեղական բանկերին, որոնք կմասնակցեն նշված ծրագրին եւ կստանան պետական աջակցությունը»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարար Արամ Խաչատրյանը եւ զգուշացրել, որ այս գումարը հետ վերադարձնելու կարիք չի լինի։ Վարչապետն էլ ասել է. «Շատ դեպքերում մարդուն թոշակառուի պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը»։
Փաստորեն, Հայաստանում 63 տարեկան քաղաքացիները վատ են ապրում ոչ թե այն պատճառով, որ պետությունը նրանց ողորմելի կոպեկներ է շպրտում, այլ՝ այն, որ նրանց վրա թոշակառուի պիտակ է կպած: 63-72 տարեկանի հիմնական խնդիրը, որը 40 տարի ֆիզիկական ծանր աշխատանք է արել, քայքայել է առողջությունը, ունի, օրինակ, հիպերտոնիա ու հոդացավեր, ոչ թե դեղն ու հացն է, այլ թոշակառուի «պիտակը», եւ դրանից ազատվելու համար պետք է գլուխդ քաշես ստարտափների հուդին ու բիզնես պլան գրես:
Ու մեկը չկա՝ վարչապետին բացատրի, որ թոշակառու լինելը ոչ թե պիտակ է, այլ՝ ստատուս, որը մարդը վաստակել է քրտինքով, իր առողջության հաշվին եւ պետությանը վճարած հարկերով։ Որ դա ամոթալի բան չէ, հակառակը՝ պետության պայմանագրային պարտավորություն իր քաղաքացու առջեւ, որն իր կյանքի լավագույն տարիները տվել է այս երկրին, իսկ հիմա՝ 63-72 տարեկանում ունի հանգստանալու եւ արժանապատիվ ապրելու սահմանադրական իրավունք։ Մեկը չկա՝ Նիկոլին ասի․ պիտակը ձեր կպցրածն է, երբ փորձում եք սոցիալական պետության ձախողումը բարդել 63 տարեկան մարդու վրա՝ նրան անվանելով «տնտեսապես ապաակտիվ»։
Մարդը ոչ թե «ապաակտիվացել» է, այլ պարզապես մաշվել է՝ անցումային շրջանի, պատերազմների միջով անցնելով, ծանր ֆիզիկական աշխատանքով այս երկիրը պահելով։ Ու հիմա, երբ պետք է ստանա իր կատարած ներդրման փոխհատուցումը, նրանից հրաժարվում են, ասելով․ «Դե, կյանքը նոր է սկսվում, գնա՝ բիզնես արա»։
«63 տարեկանների համար դեռ կյանք կա առջեւում»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ստացվում է, որ այդ մնացորդային կյանքը տարեց մարդը պետք է ծախսի ոչ թե, օրինակ, թոռ պահելու կամ հանգստանալու վրա, այլ մինչեւ գերեզմանի դուռը «տնտեսական պոտենցիալ» գեներացնի, հարկ վճարի ու հարկատուի կարգավիճակում էլ գնա էս աշխարհից՝ հարկային տեսուչների հետ կռիվ տալով, վարկերի տակ ճռռալով ու սնանկացման վախի մղձավանջում։ Փաստորեն, իշխանությունը հասկացնում է 63+ քաղաքացիներին՝ մենք ձեզ թոշակ տվողը չենք, ձեր գլխի ճարը տեսեք:
Կառավարության այս նոր հակաժողովրդական նախաձեռնության վերաբերյալ կարծիք հարցրինք տնտեսագետ Հրայր Կամենդատյանից, որն իր ելույթներում ու հրապարակումներում Հայաստանի թոշակառուների վիճակը բնորոշում է որպես տնտեսական ցեղասպանություն: «Եկեք նախ հարցնենք՝ երկրում գումար կա՞ նման միջոցառումներ կազմակերպելու համար, երբ որ 468 մլրդ դրամի բյուջետային պակասուրդով է սկսվելու 2027 թվականը: Այդ գումարը, որը պլանավորված էր, չկա: Յուրաքանչյուր մտքի ճառագում պարտքի բեռի պայմաններում պետք է դասակարգվի որպես հնարավորություն կամ անհույս ձեռնարկ: Հնարավորություն չկա, ուրեմն, պարտքով է փորձելու դա կատարել, ու այդ պարտքի վերադարձը ե՞րբ է լինելու՝ դա էլ չկա: Յուրաքանչյուր ստարտափ ենթադրում է հետվերադարձելիություն: Եթե այդ 2 մլն դրամը չեն վերադարձնելու, դրա իմաստը ո՞րն է: Սա պարզապես թոզփչոցի է, գումարների անխնա վատնում: Ստարտափների հեղինակները, որպես կանոն, մոտավորապես 15-40 տարեկան են: Սա ձեռնտու է որոշակի նախարարությունների կորպորատիվ հետաքրքրություններ ունեցող խմբերի: Այդ ծրագրերի մեծ մասը սորոսական որոշակի պիտակ է կրում: Հիմա Սորոսի գրասենյակը չկա, բայց այդ պիտակի տակ գործ անողները թրեւ գալով՝ հասել են կառավարական կաբինետներ»,- ասում է տնտեսագետը:
Նա նշում է, որ բավականին ուսումնասիրել է ստարտափները, եւ որ այս դեպքում հասկանալի չէ, թե որ ոլորտում են դրանք լինելու՝ գյուղատնտեսությա՞ն, բայց Հայաստանը գոնե այս տարի կանգնեց գյուղմթերքի իրացման հեռանկարի կորստի առջեւ: «Առեւտո՞ւր, որի աճը վերջին եռամսյակում կազմել է 0,9 տոկոս ու այն էլ՝ վիճակագրական ծառայության բացառիկ նկարչական տաղանդի շնորհիվ: 62-ից ավելի մարդիկ հիմնականում պետք է աշխատեն այնպիսի բնագավառներում, որոնք ֆիզիկական աշխատանք չեն ենթադրում՝ լարվածություն, ճիգեր: Իսկ դա առեւտուրն ու գյուղմթերքն են: Շինարարությունում չեն աշխատելու, բանկային, ապահովագրական համակարգում չեն աշխատելու, հանրային, հասարակական, համայնքային ձեռնարկություններում չեն աշխատելու: Ստացվում է, որ սա լինելու է մի բան, որն արդեն մահացած է»:
Դուք բազմիցս նշել եք, որ թոշակառուները կանգնած են գոյատեւման խնդրի առաջ՝ դեղերի թանկության եւ ցածր թոշակների պատճառով։ Ինչպե՞ս եք պատկերացնում առողջական խնդիրներ ունեցող տարեցների մուտքը բիզնես դաշտ, երբ նրանց հիմնական մտահոգությունն օրվա հացն ու դեղերի փողն են: «Այս գաղափարն այն է, որ աշխատող թոշակառուն թոշակ չստանա: Դա արդեն մոտ 2 տարի եփվում է կառավարական խոհանոցում: Այդ մարդու առաջ հստակ դրվելու է պահանջ՝ կա՛մ աշխատավարձն ես ընտրում՝ միջին 150-180 հազարանոց, կա՛մ թոշակը՝ 60-70 հազար: Եվ, բնականաբար, նա կընտրի միջին աշխատավարձը՝ զրկվելով թոշակի հեռանկարից: Մարդիկ մոռանում են մի բան՝ Հին Հռոմում 50 տարեկանը համարվում էր արդեն զառամյալ, կյանքն ապրած ու հանգստի արժանի: Հիմա ի՞նչ են կպել այդ 60-70 տարեկաններին: Բարոյական գնահատականի ու պատասխանատվության հարց կա: Եթե մարդիկ թոշակառուի մահվան նպաստի փողն են կտրում, էլ նրանց ինչ առաջարկներ են անում՝ եկեք, կուրսերի մասնակցեք, հետո ձեզ կֆիլտրենք: Այդ ֆիլտրելու պրոցեսն էլ ենք հասկանում, թե ինչպես է լինելու: Սա եթե շարունակվի, ամեն տարի 200-300 հոգի կայացած, փողով վարձատրվող նիկոլականներ են նետվելու քաղաքական դերակատարման դաշտ»,- պատասխանում է տնտեսագետը:
ՀԳ. Չլինելով տնտեսագետ՝ մի աղաղակող անհեթեթություն եմ նկատել կառավարության այս «հանճարեղ» ծրագրի մեջ։ Եթե մարդն իր ողջ գիտակցական կյանքում չի կարողացել անգամ 2 միլիոն դրամ կուտակել, ուրեմն նրանից բիզնեսմեն դուրս չի գա։ Օր ծերության նրան իզուր մի գցեք սթրեսների մեջ, պարոն վարչապետ։


Բաց մի թողեք
Աբովյանում քաղաքապետի թեկնածու Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան
Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը
Ձախողում` բոլոր ոլորտներում