КАК ПРЕКРАСЕН ЭТОТ МИР…
Մեր ամուսնության հիսուն տարիների ընթացքում քսան իննը տարին կինս հիվանդ էր։ Վերջին յոթ տարին`արդեն անկողնային… Արտաքին աշխարհի հետ կապող միակ միջոցը հեռուստացույցն էր ու հեռախոսը, որը մշտապես գտնվում էր նրա աջ ու ձախ ձեռքին, կամ սմքած կրծքին։
Ամենավերջին պահին անգամ դրանք նրա անդավաճան ընկերներն էին։
Հեռուստացույցը մշտապես միացված էր։ Հոկտեմբերի 21֊ին /2026թ/ գիշերը, ժամը 3֊ի կողմերը ինձնից ցավազրկող ուզեց։ Անասելի ցավերի մեջ էր, բայց ուժ չուներ արտահյտվելու։ Մոմի պես հալվում էր։ Ցավազրկողը իրեն տվեցի։ Ինձ նայեց։ Աչքերը լայն բացաց ինձ էր նայում։ Այնքան խաղաղ էր հայացքը, թեև հյուծված մարմնին, այնքան գեղեցիկ…
Մեկ էլ որտե՞ղ էի հանդիպել այդ հայացքը… Հիշեցի։ Դա հիսուն տարի առաջ էր, Երևան֊Իրկուստկ տուրիստական գնացքում։ Գնացքը կայանել էր Իրկուտսկ կայարանում։ Ես վագոնի մեջ էի, միջանցքում, իսկ ինքը վագոնից դուրս, պատուհանից այն կողմ, ուղիղ դիմացս։ Մենք իրար էինք նայում։
Պատուհանից այն կողմ ինքն էր, իսկ այս կողմում` ես։ Իրար էինք նայում, երկար, անթարթ հայացքով։ Եվ օրից երկար էր ձգվում պահը, գուցե և ավելի…
Դա մեր առաջին հանդիպումն էր և ոչ վերջինը։ Միայն հետո, հիսուն տարի անց ինքը պիտի մնար այն կողմում` ես այս կողմում։ Այսպիսին է կյանքը, մի չարաբաստիկ պատուհան…
Առավոտյան ժամը 9֊ի կողմերը շնչառությունը փոխվեց։ Խորը շնչում` արտաշնչում էր, շնչում` արտաշնչում… Գնալով շնչառության ռիթմը դանդաղում էր… Մարում էր` մոմի պես, անխռով, խաղաղ… Ժամը 9֊ը անց էր հիսուն րոպե…
Հ
եռուստացույցը դեռևս միացված էր։ Հին երգ էր մորմոքվում. ,,Кaк прекрасен этот мир, как прекрасен…,, :
7.11.26թ. Լևոն Ջավախյան
ՀԳ Լևոն Ջավախյանի կինը վերջերս է մահացել` երկարատև անկողնային հիվանդությունից հետո: Պատմվածքը նվիրված է կնոջ հիշատակին: Ցավակցում ենք հայտնի գրողին` կորստի համար:



Բաց մի թողեք
Երկու ոտքը կորցնելուց հետո՝ աշխարհի չեմպիոն․ Սարգիս Հարությունյանի նոր հաղթանակը. Լուսանկար
Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալ
Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն 22-ամյա Էրիկ Մխոյանը. Լուսանկար